Ուշ երեկոյան կայանալիք թոփ-3 հանդիպումները
Այսօր կեսգիշերին մոտ եվրոպական թոփ առաջնություններում կկայանան մի շարք հետաքրքիր հանդիպումներ: Առաջարկում ենք ծանոթանալ դրանցից ամենահետաքրքիրներին:
«Ռոմա»-«Միլան» – 23:30, «Օլիմպիակո» մարզադաշտ
Իտալիայի գավաթում «Ֆիորենտինայից» կրած պարտությունից հետո «Ռոման» կփորձի վերականգնվել «Միլանի» հետ խաղում:
Մրցաշարային աղյուսակում «գայլերը» հինգերորդն է, և 4-րդ հորիզոնականը գրավող «Միլանի» հետ տարբերությունը միայն մեկ միավոր է: Սակայն, այս մրցաշրջանում իրենց խաղով Հռոմը ներկայացնող ակումբը չի թողնում այնպիսի տպավորություն, որ կարող է մնալ այս հորիզոնականում, կամ՝ շրջանցել առաջիկա մրցակցին:
Այս շաբաթ «Ռոման» Իտալիայի գավաթում ջախջախիչ պարտություն կրեց «Ֆիորենտինայից»՝ 1:7 հաշվով: Այդ խաղի ընթացքում կարմիր քարտ ստացավ Էդին Ջեկոն, ով բաց կթողնի թիմի առաջիկա 5 հանդիպումները:
«Միլանի» համար Իտալիայի գավաթի խաղը հաջող ստացվեց՝ հաղթանակ «Նապոլիի» նկատմամբ՝ 2:0 հաշվով:
«Ռոման» հիմա ոչ այնքան լավ ժամանակներ է ապրում: Տպավորություն է, որ անգամ հաղթանակած խաղերում մեծ դեր ունեն բախտն ու պատահականությունը:
«Միլանը» մրցակցի համեմատ ունի շատ լավ տեսք և գրանցում է ոչ վատ արդյունքներ:
«Միլանը» հիմա հստակ ավելի լավ դիրքում է և մեկնելու է Հռոմ ֆավորիտի կարգավիճակով: Ըստ մասնագետների՝ միլանյան ակումբը գնում է միայն հաղթանակի հետևից:
«Լիոն»-ՊՍԺ, 00:00, Groupama Stadium
Լիգա 1-ի հերթական տուրը կավարտվի Չեմպիոնների լիգայում Ֆրանսիան ներկայացնող 2 ակումբների մասնակցությամբ խաղով:
«Լիոնը» այս պահին ունի 40 միավոր: Երկրորդ հորիզոնականը զբաղեցնող «Լիլը» ունի մեկ քիչ հանդիպման և ևս 6 միավորի առավելություն:
ՊՍԺ-ն շարունակում է մրցաշարը առանց պարտությունների: Իդեալական պատկերը փչացնում են միայն երկու ոչ-ոքիները: Փարիզյան թիմն ունի 56 միավոր, անցկացրել է երեք խաղ ավելի քիչ և առաջիկա մրցակցին գերազանցում է 10 միավորով:
«Լիոնը» նախորդ տարվա համեմատ բավականին լավ է հանդես գալիս: ՊՍԺ-ն ևս շարունակում է ճնշել Լիգա 1-ում և հաստատել իր առաջատարությունը:
Մասնագետները կարծում են, որ այս խաղում կհաղթի ՊՍԺ-ն: Թիմում բացակայում է աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստներից մեկը՝ Նեյմարը, ով վնասվածք է ստացել, սակայն մեկնարկում կլինեն ևս երկու հզոր ֆուտբոլիստներ՝ Մբապեն և Կավանին:
«Ռեալ Մադրիդ»–«Ալավես», 23:45, Estadio Santiago Bernabeu
Երկու թիմեր, որոնք ունեն շատ լուրջ ամբիցիաներ և սիրում են պայքարել: Սա մեզ խոստանում է հետաքրքիր խաղ և արժանի դիմակայություն: «Ռեալ Մադրիդը» երկու շաբաթ է միայն հաղթում է, իսկ «Ալավեսը» զգալիորեն թուլացրել է խաղը:
Մադրիդյան ակումբը Իսպանիայի գավաթում հաղթեց «Ժիրոնային» (3:1) և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Առաջնության այս տուրին պատրաստվելու համար թիմը ուներ շատ քիչ ժամանակ: Սակայն, Սանտիագո Սոլարին ռոտացիայի շնորհիվ կփորձի դաշտ դուրս բերել այնպիսի թիմ, որը պատրաստ է խաղին առավելագույնս:
Մադրիդյան ակումբի կազմում վնասվածքի պատճառով բացակայելու է միայն Խեսուս Վալեխոնը: Ռաֆայել Վարանն ու Դանիել Կարվախալը որակազրկված են:
Վերջին 10 հանդիպումներում «Ալավեսը» միայն երկու անգամ ապահովեց դրական արդյունք: Թիմը այնքան էլ լավ հանդես չի գալիս մրցակցի հարկի տակ:
Թիմում կան բացակայող ֆուտբոլիստներ: Ձախ կիսապաշտպան Տակասի Ինուին դեռևս չի վերադարձել Ասիայի գավաթից: Ռոդրիգո Էլին խնդիրներ ունի առողջության հետ, հնարավոր է չխաղա նաև Դիոգե Ռոլանը:
Մադրիդյան ակումբը չի պարտվում արդեն մի քանի խաղ է և, կարծես, վերականգնվում է: Առջևում Էլ Կլասիկոն է, այնպես որ մադրիդցիները փորձելու են խնայել ուժերը: Սա չի նշանակում, սակայն, որ խաղի ֆավորիտը մադրիդյան ակումբը չի:
Սիրարփի Աղաբաբյան