«Հանրային կարծիքն ու մարդկանց ձայնը լսելի չէ, ամեն ինչ լինում է մեկ անձի որոշումով». Երանուհի Մարգարյան

ՀՀ մշակույթի նախարարության աշխատակիցների համար դեռևս անորոշ է, թե ինչ է լինելու, եթե նախարարությունը միացվի Կրթության և գիտության նախարարությանը՝ իրենք շարունակելո՞ւ են աշխատել, թե՞ դառնալու են գործազուրկ։ Արդեն երկու ամիս է՝ այս հարցի պատասխանը չեն կարողանում ստանալ ՀՀ կառավարությունից։

Մշակույթի նախարարության օպտիմալացման և ներկայիս իրավիճակի շուրջ 168.am-ը զրուցեց  ՀՀ մշակույթի նախարարության Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետի տեղակալ Երանուհի Մարգարյանի հետ։

– Տիկին Մարգարյան, այս պահին Մշակույթի նախարարությունում օպտիմալացման հետ կապված ի՞նչ գործընթացներ են իրականացվում, ի վերջո, հայտնի է՞՝ քանի՞ մարդ կդառնա գործազուրկ։

– Որևէ գործընթաց տեղի չի ունենում, մեզ դրա վերաբերյալ որևէ տեղակատվություն չեն տալիս, չգիտենք, թե ինչ սկզբունքով, ինչպես են պատրաստվում իրականացնել նախարարության օպտիմալացումը։ Շրջանառվում էր օրենքի մի նախագիծ, որն ըստ էության որևէ հիմնավորում չուներ, որպեսզի հասկանայինք, թե ինչ վերլուծությունների, խնդիրների վերհանման արդյունքում են նման որոշում կայացրել, որ հենց Մշակույթի նախարարությունը պետք է միավորվի Կրթության և գիտության նախարարությանը: Այսինքն՝ միավորվելու են կրթությունը, մշակույթը և սպորտը։ Մենք մտավախություններ ունենք, քանի որ այդ փաստաթղթի տակ իսկապես չկա լուրջ վերլուծություն, մինչդեռ ցանկացած իրավական ակտ, կազմելուց և շրջանառելուց առաջ, պետք է ունենա հիմնավորումներ։ Պետք է վերլուծություններ իրականացնեին, որպեսզի հասկանային, թե ինչ գործառույթներ կան, որոնք կրկնվում են այլ գերատեսչությունների հետ։

Կարդացեք նաև

Անշուշտ, մշակույթը և կրթությունը, ինչպես նաև գիտությունը միմյանց հետ առնչվում են, կրթությունն ու գիտությունը որքան մշակույթին, այնքան էլ լայն առումով առնչվում են բնապահպանությանը, գյուղատնտեսությանը։

Հետևաբար՝ այստեղ, հենց միայն Մշակույթի նախարարության միացումը ԿԳ նախարարությանը՝ մեզ համար անհասկանալի էր։ Մշակույթը չի կարող ածանցյալ լինել որևէ բնագավառի, քանի որ բոլոր բնագավառներն են ածանցվում մշակույթից։ Մենք անկախացել ենք և ունենք ազգային ինքնորոշում, մեր ամբողջ շարժումը, պայքարն ուղղված է եղել մեր ինքնության պահպանությանը։ Հետևաբար՝ պետության առաջնահերթությունը պետք է լինի միասնական, պետական, հզոր ռազմավարության մշակումը, որը պետք է նպատակաուղղված լինի ազգային ինքնության պահպանմանը և ազգի զբաղեցրած տարածքի սահմանների անձեռնմխելիության պահպանմանը։

Մշակույթի և Պաշտպանության նախարություններն այն կարևոր օղակներն են, որոնք պետությունը պետք է հզորացնի։ Բայց դրա փոխարեն՝ մենք տարիներ շարունակ տեսել ենք, որ այս բնագավառը տարիներ շարունակ ունեցել է թերֆինանսավորում։ Պետական բյուջեից ստանում է չնչին միջոցներ, և մեր անկախության ամբողջ շրջանում Մշակույթի նախարարության գերխնդիրն է եղել իր ենթակառուցվածքների պահպանումը։

– Կառավարության կառուցվածքային փոփոխության հետ կապված գործադիրի բազմաթիվ ներկայացուցիչներ նշում են, որ նախկինում ևս Մշակույթի նախարարությունը միացված է եղել ԿԳ և սպորտի նախարարությանը, և դրանից  մշակույթը չի տուժել, այսօր միացման դեպքում ի՞նչ խնդիր ենք տեսնում։

– Նկատի ունեն Անկախության առաջին տարիներին եղած Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարությո՞ւնը, այսինքն՝ մենք առա՞ջ չենք գնում, հե՞տ ենք գնում։ Կարծում եմ՝ պետության գերխնդիրը պետք է լինի՝ վեր հանել նպատակներն ու խնդիրները և դրանց հիման վրա սահմանել գերակայություններ և մշակել ռազմավարություն։ Արդեն նշեցի, որ պետության կարևորագույն խնդիրը մեր ազգային ինքնության պահպանությունն է և սահմանների անձեռնմխելիությունը։ Այս առումով գալիս են այդ երկու կարևոր նպատակներին ծառայող՝ կրթության, գիտության և մյուս նախարարությունների ենթագործառույթները։

– ՀՀ վարչապետը մի քանի անգամ նշել է, որ նախարարություններն ուռճացված են, նաև կարծիքներ են հնչում, որ կան մարդիկ, որոնք նախարարություններում  աշխատանքի են գնում սուրճ խմելու համար, համաձա՞յն եք։

– Հնարավոր է, Խորհրդային Միության տարիներին էլ էին ասում, որ բոլոր կաբինետներում «սուրճ խմողներ» են նստած, և այլն։ Բայց մենք հետ ենք նայում և տեսնում, որ այդ երկիրը հզոր գործառույթ է իրականացրել, և այն, ինչ մենք այսօր ունենք՝ «սուրճ խմողների» աշխատանքի արդյունքն է, որովհետև քանդում ենք, բայց մինչև վերջ չի քանդվում։ Այս երկրի մեջ ինչ-որ բան ստեղծել ու թողել են։ Ուռճացման և «սուրճ խմողների» հետ կապված՝ նաև ասեմ, որ մասնագետ չեմ, թող վերլուծություններ անեն։

Ես տեսնում եմ, որ մենք գիշեր-ցերեկ աշխատում ենք, տեղի է ունենում քաղաքական թիմերի փոփոխություն, յուրաքանչյուր թիմ գալիս է իր քաղաքական նպատակներով։ Թեև այս հեղափոխությունից հետո մենք դեռևս չենք տեսել որևէ թիմի քաղաքական ծրագիր, որով պետք է առաջնորդվենք, այսինքն՝ մեզ համար այդ փաստաթուղթը դեռևս թիմը չի ներկայացրել։ Այդ թիմերի փոփոխությունների հետ կապված՝ առաջ են եկել ծրագրեր, որոնց իրականացման մեջ օգտագործվել են պետական կառավարման մարմինները, յուրաքանչյուրն իր բնագավառում՝ որպես պետական լիազոր մարմին։

Հարց է առաջանում, թե ինչ վերլուծություններ են կատարել, որից հետո հասկացել են, որ նախարարությունն ուռճացված է, հետևաբար՝ պետք է օպտիմալացվի։ Եթե ժամանակակից արվեստի ոլորտում որևէ նորամուծություն անեն, սխալվելու դեպքում շտկելի է, մշակութային ժառանգության բնագավառում շտկելու հնարավորություն չկա, այստեղ արդեն ոչնչացում է։

– Ձեր կարծիքով՝ նախարարությունների օպտիմալացումից հետո դրանց գործունեության արդյունավետությունը կբարձրանա՞։

– Պատկերացնո՞ւմ եք՝ չորս հսկայական ոլորտներ՝ մշակույթ, կրթություն և գիտություն, սպորտ միավորվելու են։ Մենք լիահույս էինք, որ վերջապես մշակույթը և  զբոսաշրջությունը կմիավորեն, այսինքն՝ կարող են միավորվել այն բնագավառները, որոնք միմյանց հետ սերտորեն առնչվում են։ Մշակութային ժառանգության, արվեստի հանրահռչակման կարևորագույն նպատակը երկրի տնտեսության մեջ դերակատարություն ունենալն է։

Տարիներ շարունակ քանի-քանի զեկույցներ ենք գրել՝ նշելով, որ մենք պետք է հասնենք նրան, որպեսզի մշակույթը դիտարկվի երկրի տնտեսական զարգացման կարևորագույն ռեսուրս։ Ուրեմն՝ այստեղ պետք են ներդրումներ։ Որպեսզի կարողանանք մշակույթ պահել, պետք է զարգացնենք զբոսաշրջությունը, իսկ դրա համար պետք է օգտագործվի մշակութային գործոնը։ Փոխանակ այս երկու կարևոր բնագավառները միավորեն, բոլորովին իրար չառնչվող ոլորտներ են միավորում։ Պետության, ազգային կարևոր հարցերն ինչո՞ւ պետք է իրար միավորվեն… այդ դեպքում թող միավորվեն Պաշտպանության և Մշակույթի նախարարությունները, քանի որ ռազմահայրենասիրությունը և հայրենիքի նկատմամբ սերը, հայրենիքի պաշտպանության գաղափարը ծնվում է սեփական մշակույթից ու ինքնությունից, սա ամենակարևոր միավորումը կլինի, որովհետև մեր բանակը ծառայում է մեր տեսակի պահպանությանը։

– Որոշ մտավորականներ դրական են համարում Մշակույթի նախարարությունը փակելու որոշումը՝ նշելով, որ նախարարությունը չունի հստակ մշակութային քաղաքականություն։ Այսօր նախարարությունն ունի՞ հստակ մշակութային քաղաքականաություն։

– Տարիներ շարունակ Մշակույթի նախարարությունը մասնագիտական իր ռեսուրսների միջոցով բարձրաձայնել է ոլորտում առկա իրավական, օրենսդրական և այլ խնդիրների մասին։ Այդ ռազմավարությունները մշակվել են, քաղաքականությունն էլ իրականացվել է։ Երկու տարվա ընթացքում մենք հետընթաց ենք ապրել, պետք է առաջնորդվեինք այդ ռազմավարություններով: Այո՛, ունի, վերլուծությունները կան։ Վատն այն է, որ մեր մտավորականության և արվեստագետների մեծ մասը Մշակույթի նախարարությունը դիտարկում է՝ որպես պրոդյուսերական կազմակերպություն, այսինքն՝ ցանկացած նկարիչ առնվազն ուզում է, որ իր ցուցադրությունը լինի Այվազովսկու ցուցադրությունների կողքին, ցանկացած կոմպոզիտոր ուզում է, որ իր ստեղծագործությունները հնչեն Արամ Խաչատրյան համերգասրահում։ Մշակույթի նախարարության նկատմամբ վերաբերմունքը պետք է փոխվի, այո՛, մենք քաղաքականություն մշակող ենք, այլ ոչ թե՝ փող բաժանող։

Մենք ունենք խնդիրներ և ըստ ոլորտների պետք է վերլուծենք, թե որտեղ են մեր խնդիրները: Ամեն բնագավառ հսկայական խնդիր ունի, մենք այդ ռազմավարությունները պետք է մշակենք։ Բարձրաձայնել ենք, բայց մեր ռազմավարությունն այդ փուլին չենք հասցրել։ Չի եղել քաղաքական կամքը, որ, ասենք, այստեղ օրենսդրական շահերի բախումներ կան մասնավորի և այլնի կողմից, և այդ շահերի բախման արդյունքում տուժել է մշակույթը, որովհետև մշակույթին այդ լծակը չեն տվել։

– Երբ ՀՀ կառավարությունից հայտարարեցին, որ Մշակույթի նախարարությունը պետք է օպտիմալացվի Դուք մի քանի ժամով գործադուլ իրականացրեցիք՝ ի նշան բողոքի, այնուհետև ոչինչ չարեցիք, սա ինչո՞վ է պայմանավորված։

– Պետական կառավարման համակարգում աշխատող ցանկացած քաղծառայող, բոլորի մասին չեմ կարող խոսել, բայց առանձին վերցրած, բոլորս զինվորներ ենք։ Մեր «պոստը» լքելու իրավունք չունենք, սա մեր տեղն է, որտեղ պետք է լինենք և պաշտպանենք մեր մշակույթը։ Եթե որևէ հարց մի փոքր ուշացրեցինք, կունենա անդառնալի կորուստ, իսկ մենք դրա իրավունքը չունենք։ Մեր մշակույթին, որը պետք է հազիվ ոտքի կանգներ, դնում, հարված ենք հասցնում։ Մենք գործադուլ կրկին չարեցինք, որպեսզի ամեն ինչ շատ չվատանար, մենք կարող էինք ցույց տալ, որ ամեն ինչ իսկապես կարող է վատանալ։ Մենք նույնիսկ չկարողացանք գտնել, թե ով էր մշակել կառավարության կառուցվածքի փոփոխության նախագիծը, որպեսզի կարողանայինք մեզ հուզող հարցերն իր հետ պարզել, ասում եմ՝ որպես ՀՀ քաղաքացի։

– Տևական ժամանակ է՝ բարձրաձայնում եք այն խնդիրների մասին, որոնց կբախվի մշակույթը, եթե նախարարությունը լուծարվի, հնարավոր համարո՞ւմ եք, որ Կառավարությունը կարող է փոխել որոշումը:

– Ինչպես հասկացա, հանրային կարծիքն ու մարդկանց ձայնը լսելի չէ, և ամեն ինչ լինում է մեկ անձի որոշումով, այսինքն՝ քաղաքական որոշումն ամեն դեպքում կայացնում է մեկ անձ։ Որպես քաղաքացի՝ այդպիսի տպավորություն եմ ստանում։ Ես էլ՝ որպես քաղաքացի, կուզեի հանդիպել վարչապետի հետ, գուցե նրան ապատեղեկատվություն է հասնում, քանի որ ճիշտ կարծիք դեռևս չի հնչել։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս