«Գերմանիայում Փաշինյանի ելույթից հետո պատմություն իմացողները կա՛մ աչքերը «չռել» են, կա՛մ մի «բոլ» ծիծաղել են». Էդուարդ Շարմազանով
Պաշտոնական այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է գերմանական «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի գրասենյակ, որտեղ նրան դիմավորել է հիմնադրամի նախագահ Նորբերթ Լամերթը:
Հիմնադրամում ՀՀ վարչապետը խոսել է նախորդ տարի Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից և խորհրդանշական է համարել, որ ինչպես 70 տարի առաջ Գերմանիան, այսօրվա Հայաստանը ժողովրդավարական վերափոխում է ապրում:
«Նաև խորհրդանշական, քանի որ նախորդ տարի Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը ելնում էր Հիմնադրամի գաղափարներից և սկզբունքներից: Անցյալ տարի Հայաստանում տեղի ունեցան պատմական փոփոխություններ: Մենք վերականգնեցինք ժողովրդավարությունը, որը չարաշահվել և խեղաթյուրվել էր այն ժամանակներից ի վեր, երբ մենք ընդվզեցինք կոմունիստական ռեժիմի դեմ: Այսօր ես հպարտ եմ, որ Հայաստանում ժողովրդավարությունն այլևս վտանգված չէ»,- իր ելույթում նշել է ՀՀ վարչապետը:
ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ պատմությանը ծանոթ մարդը Փաշինյանի այս ելույթից հետո կա՛մ աչքերը «չռել» է, որ «նման գիտելիքներ ունեցող մարդը պետության ղեկավար է, կա՛մ մի «բոլ» ծիծաղել է»։
«Ես ունեմ բազմաթիվ հարցեր, օրինակ՝ Գերմանիայում Երկրորդ աշխարհամարտից առաջ իշխում էր Երրորդ ռեյխը՝ Ադոլֆ Հիտլերը։ Այսինքն, եթե Փաշինյանը զուգահեռ է անցկացնում իրենից առաջ եղած ՀՀ իշխանությունների և ֆաշիստական իշխանության միջև, նրան հարց եմ տալիս, կարելի՞ է դրանից ենթադրել, որ ֆաշիստական իշխանություններն են ազատագրել Արցախը, հաղթել երկու պատերազմում, ֆաշիստական իշխանությունների օրոք է ինքը դարձել պատգամավոր, դաշինքի ղեկավար, այդ ինչպե՞ս է լինում»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Է. Շարմազանովը։
Հակադարձելով ՀՀ վարչապետին՝ ՀՀԿ խոսնակը նկատեց՝ այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանում, շատ նման էր նրան, ինչ 100 տարի առաջ տեղի էր ունեցել Ռուսաստանում, այնտեղ իշխանության էին եկել բոլշևիկները, իսկ Հայաստանում՝ նոեբոլշևիկները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։
«Նրանք փոխարենը գործ անեն՝ վատը վերացնեն ու քարը-քարի վրա դնելով պետություն կառուցեն, ամեն ինչ ջնջեցին, ամեն ինչ, ինչպես Տրոցկին ու Լենինն էին իրենց նախկիններին ձերբակալում, հիմա էլ Փաշինյանն ու իր իշխանությունն է ձերբակալում։ Ի՞նչ ժողովրդավարության, ի՞նչ համերաշխության մասին է խոսքը, եփած հավի ծիծաղն էլ կգա։ Հարց եմ տալիս, այն, որ մեծ-մեծ ասում է, թե Հայաստանում ձևավորվել է ժողովրդավարություն ու համերաշխություն, երբ ԱԱԾ-ով վախեցնում է՝ այսպիսի համերաշխություն լինո՞ւմ է, երբ պետության ղեկավարն ասում է՝ կա՞ այնպիսի դատավոր, որ իմ ասածը չանի, երբ զանգովի արդարադատություն է լինում, երբ որոշում են մարդուն բռնեն, երկու օր պահեն, որից հետո ցուցմունք կտա, երբ ընտրությունների ժամանակ ասում է՝ վզներից կբռնեմ կամ պոլին կպառկացնեմ, այդպիսի ժողովրդավարություն տեսե՞լ եք»,- շեշտեց Էդուարդ Շարմազանովը։
Ըստ նրա, Նիկոլ Փաշինյանը «տխրահռչակ պրոֆեսոր Գեբելսի հայրենիքում կիրառում է նրա մեթոդները», որն ասում էր, եթե ցանկանում եք, որպեսզի մարդիկ հավատան ձեր ստին, ավելի մեծ սուտ հորինեք։
«Որպեսզի Փաշինյանի ստին հավատան, ամեն անգամ ավելի մեծ սուտ է հորինում, լավ, ծիծաղելի է, ամեն ինչ չափ ու սահման ունի։ Գնացել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամ ու ասում է, որ մինչև հեղափոխություն Հայաստանում ժողովրդավարություն չի եղել, այդ հիմնադրամում ընդամենը մեկ օր առաջ Արփինե Հովհաննիսյանը, Վիգեն Սարգսյանը և Արմեն Աշոտյանը հանդիպումներ են ունեցել։ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամը ժողովրդավարությանը նպաստող բազմաթիվ ծրագրեր է իրականացրել հենց նախկին իշխանության օրոք, այդ հիմնադրամն է բազմաթիվ անգամ բարձրաձայնել, որ Հայաստանում Հանրապետականի իշխանության օրոք ժողովրդավարությունը զարգացում է ապրում։
Ամենակարևորը, այդ ոչ ժողովրդավարական իշխանության հետ ԵՄ-ն ասոցացման համաձայնագիր կկնքե՞ր։ Զարմանում եմ, նրա կողքին նստած մեր արտգործնախարարի և Գերմանիայում ՀՀ դեսպանի վրա, որոնք լուրջ ու խելացի մարդիկ են, լավ, չէ՞ին կարող ասել՝ շեֆ, մի խոսա, պետությանը խայտառակ ես անում։ Ոչ ժողովրդավարական երկիրը չի՛ կարող ԵՄ-ի հետ լինել նման համաձայնագրի շրջանակներում։ Եթե Փաշինյանը նոր է գնացել «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամ, ապա մենք տարիներ շարունակ Գերմանիայում վերապատրաստվել ենք, ելույթներ ենք ունեցել և միասին ծրագրեր իրականացրել։
Սա դարձել է ՄԱԿ-ի ելույթի կրկնությունը, երբ նշեց, որ Հայաստանն ավտորիտար երկիր է, և թող չզարմանա, որ նույնն ասեն ադրբեջանցիները։ 20 տարի շարունակ մենք, այդ թվում՝ կուսակցությունների մեծ մասը, ջանք ու եռանդ չենք խնայել, որպեսզի միջազգային ատյաններում հակադրենք ժողովրդավարական Հայաստանն ու ֆաշիստական Ադրբեջանը, էս մարդը գնում ու ճիշտ հակառակն է անում։
Զարմանում եմ, որ Էդմոն Մարուքյանը ԵԽԽՎ-ում զարմանում է, որ ադրբեջանական իշխանությունները ՀՀ նախկին իշխանություններին ասում են կրիմինալ, ձեր շեֆն ինչ ասում է, նրանք էլ կրկնում են։ Լավ, որքա՞ն կարելի է սեփական «ես»-ը վեր դասել պետության շահերից»,- ասաց Է. Շարմազանովը։
Նա ընդգծեց, որ այսքանից հետո ՀՀ վարչապետը պետք է գիտակցի, որ ի զորու չէ պետություն ղեկավարել. «Այն «ծանրաձողը», որը բռնել է, իր «քաշով» չէ, տակը «ճկռելու» է, պետությանն էլ հետը «ճկռացնի, քանի շուտ է, պետք է հրաժարական տա, որ նորմալ մարդիկ գան աշխատեն»,- հավելեց ՀՀԿ խոսնակը։
Ինչ վերաբերում է Ն. Փաշինյանի այն հայտարարությանը, որ ՀՀ բնակչության 70 տոկոսը կարծում է, որ Հայաստանն այժմ ճիշտ ուղիով է գնում, Էդուարդ Շարմազանովը նշեց, որ Ռեյխստագի ընտրություններից հետո Գերմանիայի բնակչության 80 տոկոսը պաշտպանում էր Հիտլերին, ուստի այդ լեգիտիմությունն այսօր կարող է լինել, վաղը՝ ոչ։
«Փաշինյանը հեղափոխություն չի արել, Հայաստանում հեղափոխություն տեղի չի ունեցել, այլ տեղի է ունեցել իշխանազավթում, որը տեղի է ունեցել շանտաժի միջոցով, և ժամանակը կգա՝ ապագա իրավաբաններն ու քաղաքագետները կասեն, որ 6-րդ գումարման Ազգային ժողովը լուծարվել է հակասահմանադրական ճանապարհով, քանի որ գործադիր իշխանությունը կոպիտ խախտել է Սահմանադրությունը, միջամտել է ԱԺ աշխատանքներին և պաշարել այն բոլորի աչքի առաջ, որի արդյունքում խորհրդարանը նոր վարչապետ չառաջադրեց։
Նա պետք է զուգահեռներ անցկացնի ոչ թե 70 տարի առաջվա Գերմանիայի, այլ 100 տարի առաջվա Ռուսաստանի հետ, որտեղ իշխանության եկան նիհիլիստները՝ ամեն ինչ մերժողները, և որոնք Ռուսաստանը տարան դեպի անկում։ Այժմ էլ նույն բանն է, մենք չունենք կառավարություն, ունենք Հեղկոմ, որն իրենից առաջ ամեն ինչ ջնջում է։ Իսկ քաղաքական մերժողականների տեղը, որպես պատմաբան եմ ասում՝ պատմության աղբանոցն է»,- եզրափակեց Էդուարդ Շարմազանովը։
Զվարթ Խաչատրյան