10.000 դոլարի համար մա՞րդ են սպանում Հայաստանում
«Անձը 44 օր հացադուլի մեջ է գտնվել, որտե՞ղ էին գտնվում իշխանության ներկայացուցիչները, ԱԺ պատգամավորները: Շատ պաշտոնյաներ պետք է ենթարկվեին պատասխանատվության, ազատվեին աշխատանքից ՔԿՀ պետը, գուցե Արդարադատության նախարարը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Haynews.am կայքի հիմնադիր-պատասխանատու, ազատամարտիկ Մհեր Եղիազարյանի մահվան դեպքի մասին՝ ասաց փաստաբան Արայիկ Պապիկյանը:
«Հետհեղափոխական Հայաստանում արդարադատությունն ունի և՛ դրական, և՛ բացասական զարգացումներ, բայց դրականները բավականին քիչ են: Այսօր դատական իշխանությունը, որը կոչված է իրականացնել արդարադատություն, ամբողջությամբ պատսպարվել է օրենքների հետևում: Միայն օրենքի սահմաններում գործելը չի նշանակում՝ արդարադատություն: Երբևէ չենք ունեցել ու չունենք արդարադատություն իրականացնող իշխանություն:
Տարիներ շարունակ բարձրաձայնել ենք ՔԿՀ-ներում տիրող վիճակի մասին: Ամենաքննարկվողներից էր նաև Արթուր Սարգսյանի՝ Հաց բերողի մահվան դեպքը: Օրինակները շատ են, սակայն երբեք որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել ՔԿՀ-ում հացադուլի կամ առողջական խնդրի պատճառով մահացած անձի դեպքում: Սա խոսում է համակարգի անմխիթար վիճակի մասին: Համակարգ, որի գլխավոր պատասխանատուն Արդարադատության նախարարությունն է: Մեր բազմաթիվ խոշտանգված պաշտպանյալներին ՔԿՀ-ներում ամեն օր այցելում է բուժակը՝ իր հետ ունենալով ջերմաչափ և, լավագույն դեպքում՝ ցավազրկող կամ գլխացավի դեղ»,- հավելեց նա:
Քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանն էլ կարևորեց իրավապաշտպանների՝ ամենօրյա ռեժիմով բանտում լինելը:
«Նայեցի՝ ընդամնեը 10.000 դոլարի հետ կապված ինչ-որ մեղադրանքներ էին: Նույնիսկ, եթե մարդը մեղավոր էր, 10.000 դոլարի համար մա՞րդ են սպանում Հայաստանում: Մենք այդպիսի պետությո՞ւն ունենք»,- նշեց Արմեն Հովհաննիսյանը:
Գրականագետ Դավիթ Գասպարյանն էլ կարևորեց մարդու նկատմամբ ցուցաբերվող ճիշտ վերաբերմունքը:
Հիշեցնենք, որ հունվարի 26-ին՝ ժամը 06։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մահացել է Haynews.am կայքի հիմնադիր-պատասխանատու, ազատամարտիկ Մհեր Եղիազարյանը, որը եղել է «Հայոց արծիվներ. միասնական Հայաստան» կուսակցության փոխնախագահը:
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը խոսելով դեպքի մասին՝ ասել է. «Մհերը հացադուլ հայտարարել էր 04.12.2018թ ձերբակալման փուլում, որպես բողոք՝ իր դեմ հարուցված քրեական գործի: Այսինքն, դեկտեմբերի 5-ին, երբ նա ԱԱԾ ձերբակալվածներին պահելու վայրից տեղափոխվել է Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, արդեն իսկ հացադուլի մեջ էր և մինչև հունվարի 17-ը՝ հացադուլի դադարեցնելու օրը (մինչև ստացիոնար բաժանմունք տեղափոխվելը)՝ պահվել է այդ նպատակով հատուկ առանձնացված վայրում:
Թե որքա՞ն է եղել պետական մարմինների ու պաշտոնատար անձանց ջանադրությունը, խնդրում եմ, գնահատեք ինքներդ. Հացադուլ հայտարարելուց հետո Մհերի հետ աշխատանքներ են իրականացրել քրեակատարողական հիմնարկի ավագ բուժաշխատողը և սոցիալական/հոգեբանական աշխատանքների ստորաբաժանումը:
Մհեր Եղիազարյանը հացադուլ իրականացնելու ընթացքում ենթարկվել է բժշկական զննության՝ անհրաժեշտություն ծագելուն պես, բժշկական հսկողության ներքո գտնվել է՝ մշտական: Բժիշկը Մհերին ներկայացրել է սննդամթերքից հրաժարվելու հետևանքով առողջական վիճակի հետագա վատթարացման ռիսկերը և այն քայլերը, որոնք պետք է ձեռնարկվեն հացադուլ իրականացնողի առողջական վիճակի չվատթարացման նպատակով:
Ի դեպ, միջազգային իրավունքի նորմերից բխում է, որ հացադուլ իրականացնող անձի նկատմամբ չպետք է կիրառվի որևէ ճնշում՝ հացադուլը դադարեցնելու նպատակով: Քրեակատարողական հիմնարկի անձնակազմը, առանց խախտելու «ճնշման» սահմանը՝ ամենօրյա աշխատանք է տարել Մհերի հետ՝ հացադուլը դադարեցնելու ուղղությամբ»:
Անի Կարապետյան