Մանվել Գրիգորյանի առողջական խնդիրների հարցով ՄԻԵԴ ներկայացվելիք գանգատն ընթացքի մեջ
Կալանքի տակ գտնվող ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի գործով ՄԻԵԴ ներկայացվելիք գանգատն ընթացքի մեջ է:
«Մեկ անգամ ևս փաստում եմ, որ Մանվել Գրիգորյանը հայտարարել ու ասել է՝ այդ թեմային էլ չանդրադառնալ, քանի որ ինքը ՀՀ-ին դատի չի տալու, բայց մենք առողջական խնդիրների հարցով կդիմենք միջազգային դատական ատյանին: Ակնհայտ դասական խոշտանգում է, չի կարող մարդը, ով ծանր հիվանդություններ ունի՝ շարունակի կալանքը կրել կալանավայրում: Մանվել Գրիգորյանն ունի առողջական լուրջ խնդիրներ: Ցավազրկող դեղերի ազդեցության տակ կարողանում է կալանքը կրել, նրա շաքարի մակարդակը 25 է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մանվել Գրիգորյանի պաշտպաններից Լևոն Բաղդասարյանը:
«Ժողովրդի բերանը գցեցին խտացրած կաթի, զինվորի պայոկի հնարովի, նենգ, զզվելի արարքը, ու արդյունքը եղավ այն, որ փողոցի արդարադատություն իրականացրեցին: Փողոցում պարտադրեցին դատավորին, որ նրան հետ տանի կալանավայր: Պետությունը՝ ի դեմս առաջին դեմքի, որոշակի գործերով դառնում է դահիճ: Այսօր ընտրովի արդարադատություն է տեղի ունենում ՀՀ-ում»,- նկատեց փաստաբանը:
Հիշեցնենք, որ 2019թ. հունվարի 22–ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը բավարարեց ՀՀ գլխավոր դատախազության բողոքն ու որոշում կայացրեց կրկին կալանավորել Մանվել Գրիգորյանին։ Դատարանը միևնույն ժամանակ մերժել էր պաշտպանական կողմի ներկայացրած՝ Գրիգորյանի նկատմամբ գրավը թույլատրելի ճանաչելու՝ դատարանի որոշումը։
ԱԺ նախկին պատգամավորը կալանավորվել է 2018թ. հունիսի 19-ին: Մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին և 2-րդ կետերով (ապօրինի կերպով զենք-ռազմամթերք ձեռք բերելը, կրել կամ փոխադրելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) ինչպես նաև ՀՀ ՔՕ 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակություն):
Անի Կարապետյան