Ցանկ կազմել էլ չգիտեք. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթն իր խմբագրականում գրում է. «Երեկ համացանցում պտտվում էր ինչ-որ մեկի կազմած ցանկը՝ հեղափոխությունից հետո տեղի ունեցած դրական փոփոխությունների։ 17 կետ՝ մեկը մյուսից աբսուրդ։

Կետերի մեծ մասը խոստումներ են, օրինակ՝ «Երեւանում կկառուցվի ինովացիոն պարկ» կամ՝ «ինժեներական լաբորատորիաներ կբացվեն Գեղարքունիքի դպրոցներում»։

Մի մասը՝ ուղղակի դատողություններ, ասենք՝ «Մենք չենք քննարկել «տարածքներ՝ խաղաղության դիմաց» թեզը», կամ՝ «ԵՄ-ն դրական է վերաբերվում Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացմանը»։

Կան պարզապես ծիծաղաշարժ կետեր, օրինակ՝ «Փակվել է ֆեյսբուքյան «Դուխով Հայաստան» էջը», կամ՝ «Խնայում ենք բնությունը, հանրային միջոցները, մեր աչքերը․ վարչապետի աշխատակազմն անցնում է թվային թղթի»։

Չես հասկանում՝ ի՞նչ է մտածել ցանկը կազմողը, երբ պարգեւավճարների աղմուկից հետո գրել է․ «Կադաստրի բոլոր աշխատակիցներն ամեն ամիս աշխատավարձի 25 տոկոսի չափով խրախուսում են ստացել»։ Կարելի էր անգամ ենթադրել, որ այս ցանկը «հակառակորդ» թիմն է կազմել՝ նոր իշխանություններին վարկաբեկելու եւ նրանց անգործությունն ի ցույց դնելու համար, եթե այս կետերը տեղադրված չլինեին «Քաղպայմանագրի» վարչության անդամ Լենա Նազարյանի ֆեյսբուքյան էջում։

Եթե մտքի, վերլուծության դեֆիցիտ կա նոր իշխանության շրջանում, կարող էին պարզապես խնդրել, եւ մենք ավելի խելամիտ ու համոզիչ ցանկ կկազմեինք այս ամիսներին տեղի ունեցած դրական փոփոխությունների վերաբերյալ։ Ասենք, օրինակ, առաջին կետում կգրեինք արդար, թափանցիկ ընտրությունների կազմակերպման փաստը, որը հեղափոխության ամենամեծ ձեռքբերումն է։

Երկրորդում կգրեինք քրեաօլիգարխիկ կլանների վերացումը կամ գոնե պասիվացումը։ Ակնհայտ է, որ հայաստանյան իրականությունը ձեւավորող նախկին կլաններն այսօր այլեւս դերակատար չեն»։

 

Տեսանյութեր

Լրահոս