Ո՞վ է ասում բան չի փոխվել, արդեն 2019 թվականն է

Օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությանը սատարող ֆեյսբուքյան որոշ իրական և կեղծ օգտատերեր ակտիվորեն տարածում էին «Էն մարդկանց համար, ովքեր ասում են, որ բան չի փոխվել» վերտառությամբ գրառումներ, որով ներկայացնում են թվով 45 փոփոխություններ, որոնք կատարվել են երկրում 2018թ. Նիկոլ Փաշինյանի գլխավորած «թավշյա» հեղափոխական իրադարձություններից հետո: Ի սկզբանե նշենք, որ անիմաստ է այս մակարդակի գրառմանը լուրջ մասնագիտական մոտեցում ցուցաբերել և ապացուցել, որ, օրինակ, 8.8 տոկոս զբոսաշրջության աճի տեմպը զգալի զիջում է նախորդ տարվա աճի ցուցանիշին, և այստեղ մենք հետընթաց ունենք: Հետևաբար՝ այս տարածված գրառմանը կանդրադառնանք, այսպես ասած, «իրենց լեզվով» ու կխոսենք զուտ կետերի մասին:

Նախ՝ ներկայացնենք «դրական» փոփոխությունների ցանկը, որով փորձում են ազդել մարդկանց վրա.

«Էն մարդկանց համար, ովքեր ասում են, որ բան չի փոխվել.

1) Զբոսաշրջությունը աճել է 8․8%-ով։

2) Ընդհանուր հիպոթեքային վարկի տոկոսը նվազել է 1.5%-ով։

3) Երկրորդ երեխայի համար տրվող նպաստը եռապատկվել է։ Նախկին 50․000 դրամի փոխարեն՝ այժմ այն կազմում է 150․000 դրամ։

4) 2018թ․ գյուղմթերքի արտահանումը աճել է 61%-ով։

5) 2019թ․ կբարձրանա մոտ 11․000 բուժաշխատողի աշխատավարձը։

6) Գավառում 600 աշխատատեղով կարի արտադրամաս է բացվելու։

7) 2019թ․ հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակը բարձրանալու է 60 տոկոսով, որը կկազմի 25 500 դրամ, ինչը գերազանցում է պարենային աղքատության շեմը։

8) Կենսաթոշակայիններին կտրամադրվեն մշակութային միջոցառումների անվճար տոմսեր։

9) 38․000-ով ավելացել է գրանցված աշխատողների թիվը, որի մեջ են մտնում նաև այն մարդիկ, ովքեր դադարել են «ստվերում» աշխատել։

10) Վերացել են տնտեսական մենաշնորհները։

11) Երկրում վերացել է համակարգային կոռուպցիան։

12) Երկրում ընտրությունները չեն կեղծվում։

13) Քննչական մարմիններն աշխատում են անկաշկանդ։

14) Երբեմնի օլիգարխիան զրկված է կառավարության որոշումների վրա ազդեցություն ունենալու բոլոր լծակներից։

15) Սրտի ստենդավորման գները նվազել են 250․000 դրամով։

16) 2019 թվականից 200․000 քաղաքացիներ առողջապահական ծառայություններից կօգտվեն սոցիալական փաթեթի չափանիշերով (անվճար)։

17) 85․000 մարդու թոշակներն ու նպաստները կավելանան 2019թ․ հունվարի 1-ից։

18) 2018թ․ հոկտեմբերին, վերջին 20 տարվա համար, արձանագրվել է հարկային մուտքերի ռեկորդային ցուցանիշ՝ 120 միլիարդ 770 միլիոն դրամ։

19) Հայաստանի ուղևորահոսքն աճել է 12․2%-ով։

20) Երևանում 250 մեգավատտ հզորությամբ նոր ջերմաէլեկտրակայան կկառուցվի, որի համար կներդրվի 250 միլիոն ԱՄՆ դոլար։ Շինարարության մեջ կներգրավվի 1000–1200 մարդ, իսկ շահագործման ժամանակ կստեղծվի 230 աշխատատեղ։

21) Ամերիկյան «DISCO» ընկերությունը 13․5 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում է կատարել։

22) «DISCO» ընկերությունը ՀՀ-ում մասնաճյուղ է բացել՝ 50 նոր աշխատատեղ ստեղծելով։

23) Սոցիալապես անապահով խմբերի համար համապատասխանաբար 20 և 10 դրամով էժանացել են գազն ու լույսը։

24) 22 միլիարդ դրամի նոր բնակարաններ են գնվել։

25) Ոստիկանությունը մասնակցում է երկրի սահմանների պաշտպանությանը (հյուսիսարևելյան սահման)։

26) 7 մլրդ դրամի համայնքային ծրագրեր են իրականացվել, որոնց մի մասը հիմա ընթացքի մեջ է։

27) Հայ-ադրբեջանական սահմանի լարվածության աստիճանն աննախադեպ ցածր մակարդակի վրա է։

28) Բացառվել է պատմամշակութային հուշարձանների քանդումը։

29) Ավելի քան 350․000 աշակերտների հնարավորություն կտրվի ուսումնական տարվա ընթացքում երեք անգամ այցելել այս կամ այն մշակութային հաստատություն։

30) Համաձայնագիր է ստորագրվել «Մանուկյան Սիմոն» հիմնադրամի հետ՝ 200․000 ԱՄՆ դոլար նախնական ֆինանսավորմամբ «Մանուկյան Սիմոն» հետազոտական հիմնադրամ ստեղծելու մասին։ Սա կօգտագործվի հայկական համալսարանների, ինչպես նաև միջազգային փորձագետների համար,

կֆինանսավորվեն փորձագիտական հետազոտությունները,
կրթաթոշակ կտրամադրվի ուսանողներին։
31) 60%-ով գերակատարվել է 2018թ.-ի ճանապարհաշինության ծրագիրը։

32) Օպերատիվ կապ է հաստատվել Փաշինյանի և Ալիևի միջև։

33) Կառավարությունն ամեն ինչ անելու է Արցախին բանակցությունների մեջ ներգրավելու համար։

34) 487 միլիոն դրամի սուբվենցիա տալու որոշում է կայացվել Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի և Տավուշի՝ 2018թ․ տարերային աղետների պատճառած վնասների համար։

35) Երթևեկության կանոնների խախտման հետևանքով առաջացած տուգանքների համաներում է եղել 150․000 մարդու նկատմամբ, որի արդյունքում 13 միլիարդ դրամ ներվել է։

36) Առաջին անգամ քսանչորս տարվա ընթացքում երկրում քաղբանտարկյալներ չկան։

37) 125․000 մարդու վարկային պատմությունը մաքրվել է ( սև ցուցակից հետ են եկել սպիտակ ցուցակ)։

38) «Բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրով հիպոթեքային վարկի տոկոսներն իջել են աննախադեպ ցածր մակարդակի։

39) 209․000 մարդու աշխատավարձ բարձրացել է։

40) 200․000 մարդու աշխատավարձ բարձրանալու է 2019թ․ ընթացքում։

41) 50 արվեստագետ 1400 հանրակրթական դպրոցներում կխոսի գրականությունից, երաժշտությունից և կերպարվեստից։

42) Մինչև 2019թ․ տարվա վերջ լուծվելու է Արմաշի խմելու ջրի խնդիրը։ Կառավարությունը 15 միլիոն դրամ է հատկացրել համայնքի ջրամբարի կառուցման համար։

43) «Նաիրիտի» տեխնիկական անվտանգությունը հոգացող 116 աշխատակիցների՝ 2018թ.-ի հունվարի 1-ից չվճարված աշխատավարձերի վճարման գործընթացը շարունակվում է։ Այս պահին արդեն վճարվել է հինգ ամսվա աշխատավարձ ՝ շուրջ 55 միլիոն դրամ։

44) Դատապարտյալները նոր արտոնություններ կստանան․

պատժի կրում ազգականների բնակության վայրին մոտ,
երկարատև տեսակցություն՝ մինչև 3 օր,
ամսվա ընթացքում 60․000 դրամի գնումներ կատարելու հնարավորություն։
45) Հանրության առաջ բաց են Բ26-ի և ԱԺ-ի դռները»։

Անդրադառնանք այդ կետերի բովանդակությանը: Առաջին հերթին՝ այդ 45 կետերի մեջ ուշադրություն են գրավում մի շարք կետեր, որոնք դեռևս իրականություն չեն դարձել, օրինակ՝ 33) Կառավարությունն ամեն ինչ անելու է Արցախին բանակցությունների մեջ ներգրավելու համար, 42) Մինչև 2019թ․ տարվա վերջ լուծվելու է Արմաշի խմելու ջրի խնդիրը, 6) Գավառում 600 աշխատատեղով կարի արտադրամաս է բացվելու, և նմանատիպ ևս 8 կետեր։

Թվարկումների հաջորդ խումբն իրենից ներկայացնում է նույն կետի կրկնությունը, օրինակ՝ թիվ 7 և թիվ 17 կետերը, որոնք երկուսն էլ նվազագույն կենսաթոշակի բարձրացման մասին են, թիվ 2 և թիվ 38 կետերը՝ հիպոթեքային վարկի տոկոսադրույքի նվազեցման, և այլն:

Այնուհետև հերթն օդից կախված թվարկումներինն է, այդպիսիք են՝ 28) Բացառվել է պատմամշակութային հուշարձանների քանդումը։ 12) Երկրում ընտրությունները չեն կեղծվում։ 13) Քննչական մարմիններն աշխատում են անկաշկանդ։ 36) Առաջին անգամ քսանչորս տարվա ընթացքում երկրում քաղբանտարկյալներ չկան։ Հետաքրքիր է, ինչպե՞ս են հեղինակները եկել այսօրինակ եզրահանգումների:

Ցանկում, բնականաբար, իրենց կարևոր տեղն են գտել նաև կեղծ տվյալները, որի առավել վառ օրինակը 4-րդ կետում հանգրվանած գյուղոլորտի արտահանման 61 տոկոս աճն է, որը որևէ աղերս չունի իրականության հետ:

Եվ, իհարկե, ցանկը եզրափակում են զավեշտալի թվարկումները, որոնց ցանկում ակնհայտ առաջատարները 19-րդ և 22-րդ կետերն են: Դրանցից առաջինը փաստում է, որ ուղևորահոսքն աճել է 12․2%-ով, իսկ երկրորդն ավետում է, որ անցնող տարվա ընթացքում մեր երկրում 22 միլիարդ դրամի նոր բնակարաններ են գնվել։ Կներեք, իհարկե, տղանե՛ր և աղջիկնե՛ր, բայց դրա հետ դուք ի՞նչ կապ ունեք: Ի՞նչ է արել կառավարությունն ուղևորահոսքն ավելացնելու համար: Սա այն աստիճանի զավեշտ է, որ անգամ իմաստ չունի ստուգել՝ ներկայացված ցուցանիշը ճի՞շտ է, թե՞ ոչ, որովհետև ոչ Փաշինյանը, ոչ նրա կառավարությունը և ոչ էլ որևէ մեկն այդ ցուցանիշի հետ որևէ կապ չունեն: Այդ նույն տրամաբանությամբ ցանկը կազմողները կարող էին ևս մի կետ ավելացնել, որ երևի չեն նկատել… Ընկերներ, հաջորդ անգամ, երկրում բան չի փոխվել ասողներին միանգամից սաստեք՝ տարեթիվն է փոխվել, արդեն 2019 թվականն է, ավելին՝ արդեն 9 ամիս է՝ երկրում ամեն օր ամսաթիվ է փոխվում, 30 օրը մեկ նոր ամիս է սկսվում, շաբաթներն անգամ հաջորդում են միմյանց, և պապական անեկդոտի նման՝ գետերը սկսվում են լեռներից և հոսում դեպի ձորերը: Արևը, որի շուրջ պտտվում է ամբողջ գալակտիկան, դուրս է գալիս արևելքից ու մայր մտնում արևմուտքում: Եվ ասվածն ավելի համոզիչ դարձնելու համար անպայման ավելացրեք՝ անձամբ Փաշինյանն է ամեն օր ստուգում, որ հենց այդպես լինի:

Իսկ եթե լուրջ, ևս մեկ անգամ ինքներդ ձեր թվարկած «լավատեսական» կետերը կարդացեք, ինչպես ասում են՝ հանեք լոլոները, կեղծիքներն ու կրկնությունները, և դա բաժանեք անցած 9 ամսվա օրերի վրա, ու այդ ժամանակ պարզ կդառնա՝ արդյոք իմաստ ունի՞ արածներն ամփոփել, թե՞ անբանության խայտառակ պատկերն ամեն ինչ ասում է ձեր մասին:

Եվ վերջում՝ կրկին պապական ոճով, լսեք այս խրատը՝ գործ արեք, արջին չբռնած՝ կաշին մի քերթեք, ձուկը ջրում՝ բազար մի արեք, հիմա ձմեռ է ու համեմատաբար տաք ձմեռ, բան չի երևում, բայց շուտով գարուն կգա, հետո՝ ամառ ու աշուն, դուք այնպես աշխատեք, որ աշնանը ճտերը հաշվելու ժամանակ տխուր անակնկալներ չլինեն ձեզ համար:

Հասարակությունը հատկապես հիացած է թիվ 45 կետով. «Հանրության առաջ բաց են Բ26-ի և ԱԺ-ի դռները»,- գրել են ցուցակը կազմողները։ Օր օրի թանկացումների, տնտեսական կյանքի անկման ֆոնին՝ ՀՀ քաղաքացիները կմխիթարվեն՝ Բաղրամյան 26-ի և Ազգային ժողովի այգիներում ժամանակ անցկացնելով։

Մաքսիմ Մուսինյան

Տեսանյութեր

Լրահոս