«Նախորդ տարի ԵԱՏՄ-ում բավականին բարենպաստ իրավիճակ է եղել, քանի որ ունեցել ենք ստաբիլ միկրոտնտեսական վիճակագրություն». Տատյանա Վալովայա
«Նախորդ տարի ԵԱՏՄ-ում բավականին բարենպաստ իրավիճակ է եղել, քանի որ ունեցել ենք ստաբիլ միկրոտնտեսական վիճակագրություն։ Ավելին՝ համախառն ներքին արդյունքը հասել է 1,9 տոկոսի, և որոշ երկրների համար այդ ցուցանիշը որոշ չափով բարձր է եղել, այսպիսով՝ Հայաստանում 6.2 տոկոս է, Ղազախստանում՝ 4, իսկ Բելառուսում՝ 3.7 տոկոս»,- այսօր տեսակապի միջոցով լրագրողների հետ զրույցում նշեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ ԵՏՀ ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով Կոլեգիայի անդամ Տատյանա Վալովայան՝ անդրադառնալով ԵԱՏՄ 5-ամյակին, Եվրասիական ինտեգրման գաղափարի 25-ամյակին և ամփոփելով 2018 թվականի արդյունքները։
Նրա խոսքով՝ 2018 թվականին ԵԱՏՄ-ում արդյունաբերական արտադրանքի աճը կազմել է 3,2 տոկոս, Հայաստանում՝ 4.1 տոկոս, Ղազախստանում՝ 4.5, և Բելառուսում՝ 6.1 տոկոս։
Կարևորելով գրանցած ցուցանիշները, Տատյանա Վալովայան նաև տեղեկացրեց, որ նախորդ տարի մայիսին ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները միության ինտեգրման խորացման հռչակագիր են ստորագրել, ինչը նույնպես կարևոր է.
«Մենք պատրաստել ենք զեկուցում, որտեղ գրանցած ցուցանիշները դիտարկելով՝ նկատում ենք այն ազդեցությունը, որն ունենում են երկրները՝ ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո։ Մեր միությունը եղել է, կա և մնում է՝ որպես տնտեսական միություն, մենք այնտեղ գործ ունենք տնտեսության հետ, սակայն կան ոլորտներ՝ զբոսաշրջություն, անվտանգություն, կրթություն, որտեղ կարող ենք համագործակցել մեր քաղաքացիների անունից։ Մեզ ավելին է պետք, որպեսզի Միությունը մոտեցնենք քաղաքացուն, մարդիկ այն ավելի լավ պետք է հասկանան, փոխադարձ կապ է անհրաժեշտ՝ հասկանալու համար, թե մարդիկ մեզանից ինչ են սպասում»,- շեշտեց Տ. Վալովայան։
Զվարթ Խաչատրյան