Ֆինանսների նախարարի տեղակալը եկամտահարկի համահարթեցումը համարում է հարկի սահմանման լավագույն տարբերակը
Հայաստանի Հանրապետության կառավարությունը քննարկել է եկամտային հարկի սահմանման բազմաթիվ սցենարներ, ինչի արդյունքում կանգ են առել ամենանախընտրելի տարբերակի վրա: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը:
Անդրադառնալով հարցին, որ եկամտահարկի համահարթեցման դեպքում ռիսկային գոտում կհայտնվեն, մասնավորապես, մինչև 150 հազար աշխատավարձ ստացողները՝ նա նշել է. «Ես կարծում եմ, որ այս հարցի քննարկման համատեքստում նախ և առաջ պետք է հասկանանք, թե ինչ նպատակ է հետապնդում կառավարությունը՝ եկամտային հարկի համահարթ 23 տոկոս դրույքաչափ սահմանելով և հետագա տարիներին այն մինչև 20 տոկոս նվազեցնելով: Կառավարության հիմնական նպատակն արտադրողական աշխատուժը խրախուսելը և արտահանմանը միտված ձեռնարկատիրական գործունեության միջավայրը բարելավելն է, ըստ այդմ նաև արտաքին շուկաներում մեր տեղական արտադրանքի մրցունակության մակարդակի բարձրացնելը»:
Փոխնախարարը նշել է, որ իրենք քննարկել են եկամտային հարկի բազմաթիվ սցենարներ: «Մեր գնահատմամբ՝ բոլոր այն սցենարները, որոնք կարող էին ենթադրել եկամուտների վերաբաշխում, այսինքն` ցածր եկամտային խմբում գտնվողներից ավելի պակաս եկամուտների հավաքագրում և բարձր եկամտային խմբում գտնվողներից ավելի մեծ չափով հարկերի հավաքագրում, ենթադրում էին բյուջեի հարկային եկամուտների մեծ կորուստներ, որոնք այս փուլում կառավարությունն իրեն թույլ տալ չէր կարող, քանի որ հարկաբյուջետային կայունության տեսանկյունից չի կարող ներկայացվել հարկային օրենսդրության փոփոխությունների նախագծերի փաթեթ, որի արդյունքը կարող է ենթադրել հարկային եկամուտների էական կորուստ: Սա կբերի հարկաբյուջետային անկայունության և ռիսկերի: Փոխարենը, այն սցենարները, որոնք ենթադրում են ավելի փոքր հարկային եկամուտների կորուստ, մեզ հնարավորություն են ընձեռում լուծել ազգային տնտեսության, հատկապես արտահանմանը միտված արտադրությունների մրցունակության բարձրացման խնդիրը: Մեր ընտրած սցենարի դեպքում թեպետ մենք ունենք հարկային եկամուտների կառավարելի կորուստ, սակայն մեր գնահատմամբ դրա դիմաց ստանում ենք արտահանմանը միտված և բարձր արտադրողական արտադրությունների մրցունակության աճ»,- հայտնել է Արման Պողոսյանը:
Նա տեղեկացրել է նաև, որ նախատեսվում է, որ ակցիզային հարկով հարկվող որոշ ապրանքների համար դրույքաչափերը կբարձրացվեն, սակայն դրանք այն ապրանքներն են, որոնք առաջին անհրաժեշտության չեն, լայն սպառման չեն:
Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով և հարակից նախագծերի փաթեթով առաջարկվում է անցում կատարել եկամտային հարկի համահարթեցված դրույքաչափի: Մասնավորապես, առաջարկվում է 2019թ. սեպտեմբերի 1-ից անցնել եկամտային հարկի համահարթեցված 23 տոկոս դրույքաչափի: Նախագծերի փաթեթով առաջարկվում է մինչև 2023թ. հունվարի մեկն աստիճանաբար նվազեցնել եկամտային հարկի համահարթեցված դրույքաչափը՝ հասցնելով այն 20 տոկոսի: Մասնավորապես, առաջարկվում է 2020թ. հունվարի 1-ից դրույքաչափը դարձնել 22 տոկոս, 2021թ. հունվարի 1-ից՝ 21 տոկոս, 2022թ. հունվարի 1-ից՝ 20.5 տոկոս, 2023թ. հունվարի 1-ից 20 տոկոս: