«Որպես ճարտարապետ, ազնիվ ասում եմ՝ չգիտեմ». Մեսչյանը չգիտի, թե ինչ նպատակով կարելի է օգտագործել «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը
2018թ. հուլիսի 18-ի փորձագիտական հանձնաժողովը կողմ էր քվեարկել, որպեսզի 7 կառույց, որոնց թվում էր նաև «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը՝ ստանան պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ։
Այդպիսով շենքն ապահովագրվեց քանդելուց, քանի որ այն պատկանում է արգենտինահայ մեծահարուստ Էդուարդո Էռնեկյանին, որը մտադիր էր այն քանդել։ Սակայն երկարատև պայքարից հետո, հաջողվեց շենքը փրկել և տալ հատուկ կարգավիճակ։ Սակայն մինչև օրս հայտնի չէ, թե շենքն ինչ նպատակի կարող է ծառայել։
Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով լրագրողի հարցին, թե ի՞նչ նպատակով կարող են շենքն օգտագործել, ասաց, որ աշխարհի ամենաերջանիկ մարդը կլիներ, եթե կարողանար ասել, թե ինչ նպատակով կարելի է օգտագործել «Զվարթնոց» օդանավակայանի կլոր շենքը։
«Եթե Էռնեկյանի կողմից պատասխան չի գալիս, թե այնտեղ ինչ գործունեություն է ցանկանում ծավալել, մնացած բոլորը, այսպես ասած, ֆանտազիաներ են։ Կարող եմ 50 անուն թվարկել, բայց այստեղ այլ խնդիր կա, ամեն ինչ սկսվում է այնտեղից՝ մենք դա պահպանո՞ւմ ենք, թե՞ ոչ։ Որովհետև եթե չենք պահպանում և ինչ-որ սեկցիա պետք է քանդենք, ապա այս հարցը դառնում է անիմաստ։ Թե ինչ պետք է արվի այդ կառույցի հետ, որպես ճարտարապետ, ազնիվ ասում եմ՝ չգիտեմ»,- շեշտեց Արթուր Մեսչյանը։
Հիշեցնենք, որ հուլիսին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ էին ստացել նաև «Ռոսիա» («Այրարատ») կինոթատրոնը (իր նախնական տեսքով), «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը, «Հրազդան» մարզադաշտը, Երևանի մետրոպոլիտենի Հանրապետության հրապարակ մետրոյի կայարանը (իր նախնական տեսքով) Երևանի մետրոպոլիտենի Երիտասարդական մետրոյի կայարանը, Գաֆէսճեան ժամանակակից արվեստի կենտրոնը (Կասկադ):
Զվարթ Խաչատրյան