
Վրաստանը կարմրուկի համաճարակի եզրին է

Վրաստանը կարմրուկի համաճարակի լայնամասշտաբ բռնկման եզրին է: Այդ մասին մամուլի ասուլիսում լրագրողներին հայտարարել է Հիվանդությունների եւ հանրային առողջության վերահսկողության ազգային կենտրոնի գիտական ղեկավար Պաատա Իմնաձեն:
Տարեսկզբից արձանագրվել է կարմրուկով հիվանդանալու կլինիկական եղանակով հաստատված 580 դեպք: Ամենից շատ դեպքերը Թբիլիսիում են, ինչպես նաեւ Սամեգրելոյի (Արեւմտյան Վրաստան) եւ Կախեթի (Արեւելյան Վրաստան) տարածաշրջաններում: Այս տարի կարմրուկի դեմ պատվաստումը Վրաստանի բոլոր քաղաքացիների համար կատարվում է անվճար:
Իմնաձեի խոսքով՝ վերջին երեք օրը պատվաստումներ են արվել շուրջ 12 հազար քաղաքացիների: Մասնագետները Վրաստանի բնակիչներին, հատակապես 20-ից մինչեւ 40 տարեկան տարիքային կատեգորիայի բնակիչներին, կոչ են անում պատվաստում ստանալ այն դեպքում, եթե նրանք չեն հիշում, թե ավելի վաղ պատվաստում անցել են արդյոք, հաղորդել է Sputnik-Վրաստանը: