«Մհեր Ենոքյանը վտանգավոր է մարդկանց համար, պահանջում ենք, որ այդ մարդուն հոգեբուժական փորձաքննության ենթարկեն». Ելենա Աղաջանովա
«Եղել է դատական գործընթաց, մասնակցել ենք բոլոր դատական նիստերին, և ամեն ինչ այնքան ակնհայտ էր, որ որևէ մեկը չէր կասկածում, թե ո՚՞վ է գլխավոր կազմակերպիչը եղել: Դա Մհեր Ենոքյանն էր: Իսկ ես երկուսի համար էլ մահապատիժ եմ պահանջել: Հետո դատարանի որոշման հետ կապված մեզ բացատրեցին, որ պետք է անպայման տարբերություն դնել կազմակերպչի և կատարողի միջև: Մեկին տվեցին մահապատիժ, մյուսին՝ 15 տարի: Մեր ընտանիքը համարում է, որ գործում ամեն ինչ պարզ է, բայց եթե համապատասխան մարմինները համարում են, որ պետք է վերաբացել այն՝ թող այդպես էլ անեն: Մեր որոշելու հարցը չէ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց 22 տարի առաջ սպանված 19-ամյա Իոսիֆ Աղաջանովի հայրը՝ Միխայիլ Աղաջանովը:
Քույրը՝ Ելենա Աղաջանովան էլ նշեց. «Իրավաբանները շատ լավ գիտեն, որ միայն ցուցմունքը չէ միակ կետը, որով դատավճիռ է կայացվում, կան տարբեր կետեր, այդ թվում՝ դատաբժշկական փորձաքննությունը: Ուստի, խոսել մեկ ցուցմունքի, այն 4 անգամ փոխելու մասին՝ ուղղակի մանիպուլյացիա է: Մարդասպանի կինը փորձում է ներկայացնել, թե մենք ազդել ենք գործը վերաբացելու փորձերի վրա, մինչդեռ մենք թերթերից, պաշտոնական նամակ ստանալուց հետո ենք իմացել, որ նման փորձ եղել ու մերժվել է: Սա մեր որոշելու հարցը չէ, և ինչպես հասկանում եք՝ ոչ մեզ են հարցնում, ոչ ձեզ, դրա համար չեմ կարծում, որ ճիշտ է այդ հարցը հանրության կողմից քննարկելը: Բայց, երբ զգացինք՝ կա վտանգ՝ ներում շնորհել մարդասպանին, փորձեցինք խառնվել ու հասկանալ, թե այս մասին ի՞նչ է մտածում հանրությունը: Որպես բժիշկ՝ ասեմ նաև, որ Մհեր Ենոքյանը վտանգավոր է մարդկանց համար: Պահանջում ենք, որ այդ մարդուն հոգեբուժական փորձաքննության ենթարկեն: Համոզված եմ՝ ասածս կապացուցվի: Ասեմ նաև՝ մենք կարծում ենք, որ նրա կինը՝ Զարուհի Մեջլումյանը, հերթական զոհն է»:
Ելենա Աղաջանովան հայտնեց, որ բժիշկների կողմից կառավարության ներկայացուցչին հանձնած ստորագրությունների հետ միաժամանակ խնդրել են հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որպեսզի լսեն նաև նրա դիրքորոշումը:
«Մինչ օրս կառավարությունից որևէ արձագանք չունենք: Վարչապետից պահանջում ենք հստակ դիրքորոշում»,- ընդգծեց Ելենա Աղաջանովան:
Նա նշեց նաև, որ դիմել են Արդարադատության նախարարությանը, որպեսզի տեղեկության տան ներման գործընթացի մասին:
«Ստացանք ոչինչ չնշանակող պատասխան: Հղում էին կատարել անձնական տվյալների պաշտպանության, ներման մասին օրենքներին ու նշել, որ այդ ինֆորմացիան չեն կարող տրամադրել»,- ասաց Ելենա Աղաջանովան:
«Կան որոշ մարդիկ, ովքեր ասում են՝ իհարկե, կարելի է ներել: Ես կարծում եմ՝ այդպիսի հարցեր քննարկող հասարակությունն առողջ չի կարող լինել: Եթե հանկարծ այդ մարդուն ներեն՝ հասարակության մեծ մասը կարող է բացասական վերաբերմունք ունենա ներկայիս իրավակարգի վերաբերյալ»,- հավելեց Միխայիլ Աղաջանովը:
Հարցին՝ եթե Մհեր Ենոքյանը զղջա, իրենց կարծիքը կփոխե՞ն, Ելենա Աղաջանովան պատասխանեց. «Մհեր Ենոքյանը չի զղջացել մինչ օրս ու չի զղջալու, ինչի՞ մասին է խոսքը: Մենք չենք փոխելու մեր կարծիքը և չենք ներելու»:
Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանն էլ, ով իրավապաշտպանական դիրքերից աջակցում է ընտանիքին, հայտնեց, որ ներման գործընթացում նույնպես պետք է հաշվի առնել տուժողների շահերը:
«Սա արտացոլված է թե՛ Եվրոպական դատարանի մի շարք վճիռներում, թե՛ ՄԱԿ այլ փաստաթղթերում, և այն, որ տուժողներին տեղեկություններ չեն տրամադրում՝ իրավաբանական տեսանկյունից ինձ համար անհասկանալի է: Ստացվում է՝ մեկ օր Մհեր Ենոքյանը կարող է ներման արժանանալ, հայտնվել փողոցում, ու այդ մասին ոչ մեկը, այդ թվում՝ տուժողի ընտանիքը, չիմանա: Մի քանի օր է՝ տարբեր երկրներում գտնվող գործընկերներիցս հետաքրքրվում եմ նման ընթացակարգերի վերաբերյալ: Բոլոր տեղերում զոհերի ընտանիքներին ներգրավում են, հասկանում նրանց դիրքորոշումը»,- եզրափակեց Ռուբեն Մելիքյանը:
Անի Կարապետյան