«Սիրիայում հայկական առաքելության մարտահրավերները միայն անվտանգային բնույթի չեն. Հայաստանը հայտնվելու է Սիրիայի իշխանությունների և ՌԴ-ի, Իրանի ճամբարում»
«Ինչպես Ռուսաստանի, այնպես էլ՝ բոլոր այն երկրների համար, որոնք այս կամ այն կերպ ներգրավված են Սիրիայում, կան վտանգներ, քանի որ սիրիական հակամարտությունն ինքնին խրթին է, լի բազում շահերով ու ներգրավված կողմերով»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս արևելագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին՝ անդրադառնալով Սիրիա ուղարկվելիք հայկական հումանիտար առաքելության թեմայի շուրջ առկա մտահոգությունների հիմնավորվածությանը:
Հիշեցնենք, որ Սիրիայում հայկական հումանիտար առաքելության մասին, որպես հայ-ռուսական աննախադեպ ծրագիր, ակնարկեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր վարչապետության 100 օրն ամփոփող հանրահավաքի ընթացքում:
Փաշինյանը նշել էր, որ Հայաստանի Հանրապետությունը Սիրիայի Հալեպ քաղաքում հումանիտար առաքելություն կիրականացնի, որի հիմնական նպատակը Հալեպի և ընդհանրապես Սիրիայի հայ համայնքին աջակցելն է։
«ՀՀ ՊՆ հումանիտար առաքելության ներկայացուցիչները կգործեն Հայաստանի դրոշի ներքո։ Այս առաքելությունը մենք իրականացնելու ենք Ռուսաստանի հետ համատեղ, քանի որ սա մարդասիրական առաքելություն է, հուսով եմ` միջազգային հանրության նորանոր ներկայացուցիչներ կներգրավվեն այս գործընթացին»,- ասել էր Փաշինյանը։
Վերջինս նաև ընդգծել էր, որ Հայաստանն իրականացնելու է բժշկական և հումանիտար ականազերծման առաքելություն։
Այսօր թեման թարմացրեց ՀՀԿ փոխնախագահ, ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին ղեկավար Արմեն Աշոտյանը՝ ֆեյսբուքյան իր էջում կրկին պնդելով, որ ՀՀ իշխանությունների այդ որոշումն արկածախնդրություն է՝ օրենքի խախտումով:
Նախկին պաշտոնյան նշել է, որ անկախ նրանից, թե գործուղվող մարդիկ ինչ մասնագիտություն ունեն՝ բժիշկ, սակրավոր, վարորդ են, եթե նրանք զինված ուժերի ծառայողներ են, ապա ենթարկվում են ԶՈւ-ի մասին ՀՀ օրենքին, ըստ որի՝ նրանք կարող են ծառայել Հայաստանից դուրս բացառապես միջազգային պայմանագրերի հիման վրա:
«Սա շատ կարևոր նրբություն է: Գործող իշխանությունները ջանքուեռանդ չեն խնայում, որպեսզի ոտնահարեն Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի մասին օրենքը, որի համաձայն՝ Հայաստանի տարածքից դուրս խաղաղապահ կամ ռազմական գործողություններին մեր զինված ուժերը կարող են մասնակցել միայն միջազգային պայմանագրով (4-րդ հոդված, 5-րդ մաս):
Նման միջազգային պայմանագիր չի նախապատրաստվում, և Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է այս հարցը լուծել առանց նոր փաստաթղթի: Սա ոչ միայն իրավական հրամայական է, այլև Սիրիա գործուղվող մեր զինվորների համար երաշխիքների և պահպանության ամրագրման կարևորագույն գործիք: Կարելի է կռահել, որ առանց պայմանագրի, սուսուփուս Սիրիա հայկական զորախումբ ուղարկելու նախաձեռնությունը մի կողմից՝ նպատակ ունի քողարկելու իրականում հենց զորախումբ ուժեր ուղարկելու փաստը, մյուս կողմից՝ հնարավորինս աննկատ անելու դա՝ չհրահրելով Արևմուտքի հավելյալ ուշադրությունն ու քննադատությունը»,- նշել է Արմեն Աշոտյանը:
Վիկտոր Նադեին-Ռաևսկին ասաց, որ, երբ Ռուսաստանը որոշում կայացրեց ուժեր տեղակայել Սիրիայում Ասադի վարչակազմին աջակցելու և ահաբեկչության դեմ պայքարելու նպատակով՝ փորձագիտական իրարանցում բարձրացավ Ռուսաստանում, քանի որ մի խումբ վերլուծաբաններ գտնում էին, որ դա չի բխում Ռուսաստանի շահերից, իսկ ոմանք գտնում էին, որ Ռուսաստանը Սիրիայում անելիք ունի, և դա շահերի գոտի է:
Ըստ նրա, նման գործողություններ նախաձեռնելիս երկրի իշխանությունները սովորաբար երկրի ներսում առերեսվում են լուրջ դիմադրության, դրա ականատեսն ենք եղել ոչ միայն Ռուսաստանի, այլև ԱՄՆ-ի կողմից ռազմական օպերացիաների նախաձեռնման ժամանակ:
«Հայաստանի դեպքում ևս նույնն է տեղի ունենում, բայց այստեղ կան մի շարք այլ հանգամանքներ ևս: Ինձ համար կարող է հասկանալի լինել այն, որ Հայաստանը, լինելով Ռուսաստանի ռազմավարական գործընկերը, նրա հետ նախաձեռնում է գործընթաց Սիրիայում, ցուցադրելով իր լոյալությունը Ռուսաստանին, աշխարհին ցույց տալով Ռուսաստանի հետ գործընկերային հարաբերությունների խորությունը, որը ներկայիս պայմաններում, երբ մենք մի քանի խնդիրների ականատեսն ենք դառնում հայ-ռուսական հարաբերություններում, էական քայլ է, քանի որ Հայաստանը մի երկիր է, որն ունի անվտանգության խնդիրներ, բարդ հարևանություն, հակամարտություն և փակ սահմաններ, ներքին գործընթացներ:
Այս պայմաններում սա գնահատելի գործընկերային քայլ պետք է լինի: Բայց, ինչպես Ռուսաստանի, այնպես էլ՝ բոլոր այն երկրների համար, որոնք այս կամ այն կերպ ներգրավված են Սիրիայում, կան վտանգներ, քանի որ սիրիական հակամարտությունն ինքնին խրթին է, լի բազում շահերով ու ներգրավված կողմերով, ժամանակ առ ժամանակ դառնում է նաև Արևմուտք-Ռուսաստան հակամարտության պլացդարմ:
Վերջերս Դոնալդ Թրամփը սպառնալիքներ տեղաց էրդողանի հասցեին, ապա հեռախոսազրույցի ընթացքում նրանք որոշ համաձայնություններ ձեռք բերեցին, որոնք դարձան Սիրիայի կառավարության կտրուկ պատասխանի պատճառ. Իրադարձությունները դեռ զարգանում են, Թրամփը որոշել է դուրս բերել իր 2000 հոգանոց զորքը Սիրիայից, թե ինչպես են իրականացվելու թուրք-ամերիկյան պայմանավորվածությունները, ինչպես է ձևավորվելու անվտանգության գոտին, ում կողմից է վերահսկվելու, ինչ խնդիրներ են դեռ առաջանալու:
Խնդիրները բազում են, և դրանք առնչվում են բոլոր այն կողմերին, որոնք այսօր կանգնած են Սիրիայում, ապագայում վերաբերելու են նաև Հայաստանին, թեկուզ այն հումանիտար ուժեր է ունենալու Հալեպում:
Վտանգները պետք է հստակ լինեն, սա պատասխանատու որոշում է, որն ունի երկու կողմ` գործընկերային հարաբերությունների խորացում Ռուսաստանի հետ, որը գնահատելի է, և մարտահրավերներ, որոնք կարող են բխել այնտեղ հայկական ուժերի հայտնվելուց հետո, այդ մարտահրավերները ոչ միայն անվտանգային բնույթի են, այլև աշխարհաքաղաքական, քանի որ Հայաստանը հայտնվելու է Սիրիայի իշխանությունների և Ռուսաստանի, Իրանի ճամբարում, Արևմուտքի համար դա այնքան էլ ցանկալի սցենար չէ:
Հասկանալով, այնուամենայնիվ, այս մարտահրավերները, ՀՀ իշխանությունները որոշում են կայացրել Սիրիայում զբաղվել միայն հումանիտար բնույթի գործունեությամբ: Սա Ռուսաստանի հետ համատեղ գործունեություն է, և անվտանգության հարցերը Ռուսաստանը հնարավորինս չեզոքացնելու է, բայց կան մարտահրավերներ՝ ինչպես Ռուսաստանի, այնպես էլ՝ Հայաստանի և Սիրիայում հայտնված յուրաքանչյուր երկրի համար: Հայաստանի դեպքում այդ վտանգի զգացումը կարող է է՛լ ավելի սուր լինել՝ հաշվի առնելով այն խնդիրները, որոնք ունի Հայաստանը, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Հայաստանը փոքր երկիր է»,- ասաց Նադեին-Ռաևսկին: