Խանութների սեփականատերերը հրաժարվում են ծխախոտ վաճառել. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Փոքր խանութների շատ սեփականատերեր սկսել են ինքնակամ հրաժարվել ծխախոտ վաճառել, քանի որ ընդհանուր շրջանառության մեջ այն թեև բավական մեծ տեղ է զբաղեցնում, սակայն այդ շրջանառությունից ստացվող մաքուր եկամուտը, ակցիզային հարկի դրույքաչափը բարձրացնելուց հետո, չնչին է մնում:
Խնդիրն այն է, որ ծխախոտը միակ ապրանքն է, որի յուրաքանչյուր տուփի վրա նշված է դրա մանրածախ վաճառքի գինը:
Այսինքն, խանութներն իրավունք չունեն նշված գնից ավելի թանկ վաճառել: Եվ ստացվում է, որ վաճառքից գոյացած եկամուտը նվազել է, ինչն էլ հանգեցրել է նրան, որ շատ խանութներ սկսել են կամաց-կամաց կրճատել ծխախոտի թե՛ տեսականին, թե՛ քանակը:
Ինչպես հայտնի է, ըստ էության, ակցիզային հարկի հետ կապված փոփոխությունը տարածվում է միայն ներմուծողի կամ արտադրողի վրա: Ներմուծողն ու արտադրողն իրավունք ունեն սիգարետի գինը թանկացնել և թանկ գնով հանձնել խանութին:
Բայց թանկացնելուց առաջ որոշ գործառույթներ պետք է իրականացնեն՝ փոխեն տուփի վրա նշված հին գինը, քանի որ խանութն իրավունք չունի ծխախոտը տուփի վրա նշված գնից ավելի թանկ վաճառել: Իսկ մինչ այդ, քանի դեռ հին խմբաքանակներն են իրացվում, խանութում այն թանկացնել չի լինի:
Ստացվում է, որ խանութը, միջնորդի դերում հանդես գալով, կա՛մ պետք է դրանից եկամուտ գրեթե չստանա, կա՛մ հրաժարվի վաճառել: Սա էլ իր հերթին է տնտեսվարողներին կանգնեցնում մեկ այլ պարադոքսի առջև, որի լուծումն այս պահին կարծես թե չկա:
«Իրազեկ և պաշտպանված սպառող» հկ ղեկավար Բաբկեն Պիպոյանը մեզ հետ զրույցում անդրադառնալով այս խնդրին՝ նշեց, որ թեև չի ցանկանում մասնավոր հատվածի իրավունքների դաշտ մտնել, սակայն խորհրդատվության կարգով կարող է տեղեկացնել, որ եթե տուփի վրա մակնշած գինն ու ստացվող եկամտի չափը տնտեսվարողին ձեռնտու չէ, ապա պետք է հրաժարվի նման ապրանք ընդունել:
«Եթե արտադրողը կամ ներմուծողը գիտի, որ հերթական խմբաքանակի դեպքում այլևս չի կարող գործել հին գնային քաղաքականությունը, և վաղը կամ մյուս օրը ինքը ստիպված է լինելու այդ ապրանքն ավելի թանկ վաճառել, ապա նոր ակցիզային հարկով հարկվելու համար պետք է նոր տուփեր պատվիրի, որտեղ արդեն նշված կլինի մանրածախ վաճառքի նոր գինը: Խնդիրն այն է նաև, որ ամեն տարի որոշակի տոկոսով կթանկանա ծխախոտի գինը մինչև 2022 թվականը:
Բայց ինչքան էլ բարձրանա, այն կմնա ավելի ցածր, քան Եվրոպայում, քանի որ ԵԱՏՄ անդամ երկրների համար այլ դրույքաչափ է սահմանված՝ հաշվի առնելով վճարունակության միջին գործակիցը»– ասաց Բ. Պիպոյանը:
Թերևս այս և այլ խնդիրներն են պատճառը, որ երբ դեռ նախորդ իշխանությունների օրոք առաջին անգամ հարց բարձրացվեց առողջապահական ռեֆորմի շրջանակներում ծխախոտի ակցիզային հարկը մի քանի անգամ թանկացնելով հասնել ծխախոտի գնի բարձրացմանը և դրանով էլ ծխախոտային ռեֆորմ իրականացնել, կազմակերպության ղեկավարը պնդում էր, որ դա անհնար կլինի՝ նկատի ունենալով թե՛ նշված և թե՛ այլ հանգամանքներ:
«Եվ քանի որ շատ դեպքերում պաշտոնյաները չեն տիրապետում ՀՀ–ի կողմից ստանձնած պարտավորություններին, նման խնդիրների առջև են կանգնեցնում բիզնես ոլորտի ներկայացուցիչներին: Ես մշտապես ասել եմ և կրկին նույնն եմ ասում, որ բոլորը պետք է իրենց գործով զբաղվեն, և եթե բիզնեսը չունի իրեն պաշտպանող կառույց, ապա լավ կլինի, որ բիզնեսմենները հիմա այդ մասին բարձրաձայն հայտարարեն, ստեղծեն համապատասխան ենթակառուցվածք, որն էլ անձամբ կզբաղվի բիզնեսի շահերի պաշտպանությամբ»,- ասաց Բ. Պիպոյանը:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: