«Գործադիր մարմնում կադրային «սով» է». մեդիափորձագետ

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի գնահատմամբ՝ կադրային քաղաքականության առումով՝ այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, որոշ դեպքերում շատ նման է Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերին, որտեղ նույնպես կար կադրային «սով»։

«Այնտեղ նույնպես չցանկացան աշխատել հների հետ, իսկ նորերն էլ անփորձ էին և գնացին մի ճանապարհով, որտեղ պայմանական հաղթեց սորոսական թևը, որը մասնակցել էր Մայդանի հեղափոխությանը, և սկսեցին դրսից մարդիկ բերել՝ նախարարները սկզբից ազգությամբ ուկրաինացիներ էին, այնուհետև՝ վրացիներ, լիտվացիներ և այլն»,- ասաց Տ. Քոչարյանը և ընդգծեց, որ Հայաստանում այդ միտումները դեռևս չի տեսնում, քանի որ այստեղ «սորոսական թևը» լիակատար հաղթանակ չի տարել՝ չնայած մի քանի նախարարություններ «իրենով է արել»։

Նրա բնորոշմամբ, այսօր ՀՀ գործադիր մարմնում ամենամեծ խնդիրը կադրային «սովն» է, որի հետևանքով որոշ նախարարություններ պարզապես միավորեցին, քանի որ նշանակված նախարարները ցույց տվեցին, որ չեն կարողանում տվյալ նախարարությունները կառավարել։

«Որոշեցին ստեղծել սուպերնախարարություններ, գոնե նոր կառավարությունից ինչ-որ մարդիկ կարողանում են տիրապետել ոլորտին, որի պատճառով էլ այդ մարդկանց թողեցին։ Բայց այդուհանդերձ չի կարելի բացառել, որ Հայաստանն ինչ-որ ժամանակ կարող է հայտնվել արտաքին կառավարման տակ, և հնարավոր է՝ նախարար աշխատեն այնպիսի մարդիկ, որոնք կա՛մ կունենան հայկական ծագում, կա՛մ ոչ։ Այս տարբերակը չպետք է բացառել, քանի որ կադրային «սովի» լուծման տարբերակ առայժմ չի երևում։ Կային հույսեր, որ «քայլածներին» ավագանիում և խորհրդարանում տեղավորելուց հետո գործադիրում կհայտնվեն նախկինում կոռուպցիոն խաղերի մեջ չթաթախված մարդիկ, որոնք կղեկավարեն ոլորտը, սակայն այդ տարբերակն էլ չի երևում»,- նշեց Տիգրան Քոչարյանը։

Տեսանյութեր

Լրահոս