ՊԵԿ նախագահը խոչընդոտում է կոռուպցիոն սխեմաների բացահայտմանը. փաստաբանը հորդորում է քրեական հետապնդում սկսել նրա նկատմամբ

Փաստաբան Տիգրան Հայրապետյանի խոսքով՝ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն օգտագործելով իր պաշտոնական դիրքը և չարաշահելով պաշտոնական լիազորությունները՝ ակնհայտորեն խոչընդոտում է կոռուպցիոն սխեմաների բացահայտումը:

Ըստ նրա, նախորդ տարի հունիս-հուլիս ամիսներին ՊԵԿ-ի Օպերատիվ հետախուզության վարչության պետի պաշտոնում նշանակվել  էր Կարեն Կարապետյանը, որը մեկ ամսվա ընթացքում իրականացել էր մի շարք բացահայտումներ, այդ թվում՝ կոռուպցիոն սխեմաներ, որոնք հանդիսացել են հարկային հանցագործություններ և զգալի վնաս են հասցրել տնտեսությանն ու բյուջեին։

«Այս ամենը դուր չի եկել, այսպես կոչված, պետական պաշտոնյաներին, որի արդյունքում ՊԵԿ նախագահը ծառայողական քննություն է սկսել Օպերատիվ հետախուզության վարչության նկատմամբ։

Չնայած ծառայողական քննությունը նշանակվել է Վարչության գործունեության նկատմամբ, սակայն ՊԵԿ նախագահը ծառայողական քննություն իրականացնելու պատրվակով ապօրինի կասեցնում է Կարեն Կարապետյանի գործունեությունը և մեկ այլ ապօրինությամբ կապարակնքում նրա աշխատասենյակը։ Սակայն վարչության աշխատակիցների գործունեությունում որևէ ապօրինություն չի հայտնաբերվում, այդուհանդերձ ՊԵԿ նախագահը դիմում է Հատուկ քննչական ծառայությանը՝ քրեական գործ հարուցելու միջնորդությամբ, որից հետո հարուցվում է քրեական գործ և 3,5 ամիս նախաքննությունից հետո գործը կարճվում է՝ Կարեն Կարապետյանի արարքներում հանցակազմի բացակայության հիմքերով։

Կարճվում է նաև ծառայողական քննությունը, որից հետո ՊԵԿ նախագահը կրկին թույլ չի տալիս Կ. Կարապետյանին զբաղվել իր գործունեությամբ»,- ասաց Տիգրան Հայրապետյանը։

Ըստ նրա, ՊԵԿ նախագահը Կարեն Կարապետյանի պաշտոնի նկարագրում այնպիսի պայմաններ է ներառում, որպեսզի վերջինս չհամապատասխանի իր պաշտոնին, որից հետո նրան տեղեկացնում են, որ այլևս չի կարող աշխատել տվյալ պաշտոնում։ Այնուհետև՝ հասկանալով, որ հրամանը չի կարող հետադարձ ուժ ունենալ, ՊԵԿ նախագահը հրաժարվում է Կ. Կարապետյանին պաշտոնից ազատել, միևնույն ժամանակ չթույլատրելով, որպեսզի աշխատի։

«Այս ամենից հետո Կ. Կարապետյանը դիմում է ՀՀ վարչապետին և ներկայացնում իր բողոքը, ինչպես նաև վարչապետին տեղեկացնում է իր կողմից կոռուպցիոն սխեմաների բացահայտման մասին՝ կասկած հայտնելով, որ գուցե իրեն մեկուսացնում են իր գործունեությունից այն պատճառով, որպեսզի կոռուպցիոն սխեմաները չբացահայտվեն։

Վարչապետի հանձնարարությամբ ՊԵԿ նախագահին են ուղարկվում Կ. Կարապետյանի կողմից տրամադրված տեղեկությունները և պահանջում են 10-օրյա ժամկետում կարծիք տրամադրել։ Դրանից հետո ՊԵԿ նախագահը նույն օրը սկսում է երկրորդ ծառայողական քննությունը, որի առիթն այն է եղել, թե Կարեն Կարապետյանը վարչապետին է տրամադրել հարկային գաղտնիք պարունակող տեղեկություններ։

Հարց է առաջանում, թե ում է պատկանում այս կառույցը, և ով է այն ղեկավարում։ Եթե հարկային հանցագործության մասին չի կարելի վարչապետին տեղեկացնել, ապա ո՞ւմ կարելի է տեղեկացնել։ Սա հակապետական գործունեություն է, եթե, իհարկե, այս արարքում չկան այլ պետությունների շահեր։ Ինչ է ստացվում, որ ՊԵԿ իրավաբանական վարչության պետն այս առթիվ եզրակացություն է տալիս, որ տեղեկությունների տրամադրումը վարչապետին հարկային գաղտնիքի հրապարակում է, ավելի մեծ հիմարություն հնարավոր չէր հրապարակել»,- նշեց փաստաբանը։

Նրա խոսքով՝ պետք է քրեական գործ հարուցվի, ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաների գործունեությունն առնվազն ժամանակավորապես պետք է կասեցվի, իսկ ՊԵԿ նախագահի նկատմամբ սկսվի  քրեական հետապնդում՝ առնվազն պաշտոնական անփութության հանցակազմով։

Անդրադառնալով 168.am-ը դիտարկմանը, որ այս ամենը հրապարակելով՝ ըստ էության հաղորդում է ներկայացնում ծանր հանցագործություն կատարելու մասին և ՊԵԿ նախագահին մեղադրում պաշտոնական դիրքի չարաշահման համար, փաստաբանը պատասխանեց, որ, բնականաբար, իր հայտարարությունը հանցագործության մասին հաղորդում է։

«Միայն այս մամուլի ասուլիսը բավարար է քրեական գործ հարուցելու նախաքննություն սկսելու համար, չնայած այսօր միջնորդությամբ պետք է դիմենք ՊԵԿ նախագահի տեղակալին, որովհետև ծառայողական քննությունների ընթացքում բացահայտ կան ընկերությունների անունները, մի քանի անուն է նշած, թե ինչպիսի մեխանիզմներով է այդ ամենը տեղի ունենում։ Երկու ամիս է՝ սա ՊԵԿ-ում է, և մենք պետք է դիմենք ու ասենք՝ արդյո՞ք այդ գործերն ուղարկել են համապատասխան քննչական մարմին, Դատախազությանը, որպեսզի հարուցվի քրեական գործ»,- ընդգծեց Տ. Հայրապետյանը։

Մեր հարցին՝ այն, որ ՊԵԿ նախագահը չի թույլատրել, որպեսզի վարչապետին տեղեկություն տրամադրվի ՊԵԿ պաշտոնյանի կողմից, կարո՞ղ է  տեղավորվել այն տրամաբանության մեջ, որ ՊԵԿ նախագահը վարչապետից թաքցնելու բան ունի, Տիգրան Հայրապետյանը պատասխանեց՝ որևէ կերպ հնարավոր չէ այլ պատասխան տալ, և միանշանակ այս գործում պետք է հետաքրքրություն ունենա ՊԵԿ նախագահը։

«Իմ տեղեկություններով՝ Դավիթ Անանյանը նախկինում աշխատել է աուդիտոր, և, հավանաբար, այն ընկերությունները, որտեղ ինքն աշխատել է, հնարավոր է՝ այդ ընկերություններում են կոռուպցիոն սխեմաներ եղել։ Ես չգիտեմ, ամեն ինչ պետք է նախաքննությունը բացահայտի։ Հիմարություն է ասել, թե վարչապետը չպետք է ամեն ինչից տեղյակ լինի, այդ դեպքում նա ինչպե՞ս պետք է կառավարի ՊԵԿ-ը։ Կարեն Կարապետյանի պաշտոնի նկարագրում ուղիղ գրված է, որ նա կարող է անմիջապես փաստերով դիմել վարչապետին, եթե որևէ բան հայտնաբերել է»,- ասաց Տ. Հայրապետյանը։

Հարցին՝ ճի՞շտ է, որ Կարեն Կարապետյանը վայելում է բարձրաստիճան պաշտոնյաների հովանավորչությունը, մասնավորապես՝ նա հանդիսանում է ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի քավորը, փաստաբանը պատասխանեց, որ Կ. Կարապետյանը երբեք չի թաքցրել, որ Վ. Օսիպյանի քավորն է։

«Նա Օսիպյանի քավորն է եղել այն ժամանակ, երբ դեռ վերջինս ոստիկանապետ չէր, և ինքն էլ չէր աշխատում ՊԵԿ-ում։ ՀՔԾ-ում այնպիսի անհեթեթ հարցեր էին տալիս Կարապետյանին, որ չդիմացա ու ասացի՝ փոխանակ քննություն սկսեք ՊԵԿ-ի նկատմամբ, քննում եք Կ. Կարապետյանին, այդ կապերը որևէ կերպ չեն անդրադարձել այս ամենի վրա»,- եզրափակեց Տիգրան Հայրապետյանը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս