Բաժիններ՝

«Եթե նարգիլեն արգելեն՝ զբոսաշրջիկների մոտ քիչ ցանկություն կառաջանա այցելել Հայաստան, 1000-ից ավելի մարդ էլ գործազուրկ կդառնա… Գառնի, Գեղարդ, ու վե՞րջ»

Հայաստանում նարգիլեի բիզնեսով զբաղվողները պահանջում են հետ կանչել «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման մասին» օրինագիծը և լայն հանրային քննարկումներ անցկացնել այդ հարցի վերաբերյալ ու նորը կազմել։

«Օրենքի նախագիծն ունի բազում թերություններ, և անհապաղ պետք է լայն հանրային քննարկումներ լինեն: Առաջին քայլը, որ արել ենք՝ Առողջապահության նախարարություն ենք գնացել: Մեզ մոտեցել է աշխատակիցներից մեկն ու ասել, որ հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներին անց են կացվել հանրային քննարկումներ, ներկա են գտնվել շահագրգիռ կողմերը, հաշվի են առնվել դրական ու բացասական կողմերը, ինչին մենք պատասխանեցինք, որ նարգիլեի գծով շահագրգիռ կողմ միայն մենք ենք հանդիսանում, իսկ մեզ հետ երբեք նման քննարկումներ չեն անցկացրել:

Նախարարության աշխատակիցն ասաց, որ կրկին հանրային քննարկումներ կլինեն ու մեզ կհրավիրեն, ապա խորհուրդ տվեց, որ գրավոր դիմում ներկայացնենք ու սպասենք իրենց արձագանքին: Այդպես էլ արեցինք: 1-2 ժամ անց հեռուստատեսությամբ ելույթ ունեցավ Առողջապահության փոխնախարարը՝ ասելով, որ հանրային քննարկումներ անց են կացվել, շահագրգիռ կողմը ներկա է եղել, ու կարծիքներ հնչեցրեց մեր ոլորտի վերաբերյալ:

Մենք հիմա ուզում ենք, որպեսզի քննարկումներ լինեն կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նարգիլեի բիզնեսով զբաղվողներից Գոռ Գասպարյանը:

Նա նշեց, որ անթույլատրելի են համարում «մեկ կետի ներքո» դնել ծխախոտն ու նարգիլեն:

Շարունակելով գործընկերոջ խոսքը՝ Ժորա Փանոսյանը նկատեց. «Օրենքի հաստատման դեպքում 1000-ից ավելի մարդ կդառնա գործազուրկ, պետբյուջե հարկեր չեն վճարի, վնաս կհասցնեն նաև տուրիզմին: Ես համակարգում եմ նարգիլե սիրողների միությունը, անդամներ կան, մոտ 17 տարի նման բիզնես են Հայաստանում ծավալում, իսկ հիմա ներդրումները նոր թափ են առնում»:

Տիգրան Ասրյանն էլ հայտնեց, որ 2018թ. Հայաստան է եկել մոտ 680.000 զբոսաշրջիկ, որից 500.000-ը ռուսներ են եղել, ովքեր սիրում են այցելել ժամանցի վայրեր, այդ թվում՝ նարգիլե սրահներ:

«Կարծում ենք, որ եթե նման ժամանցավայրերում արգելեն՝ զբոսաշրջիկների մոտ քիչ ցանկություն կառաջանա այցելել Հայաստան»,- ընդգծեց Տիգրան Ասրյանը:

Գոռ Գասպարյանն էլ հավելեց, թե զբոսաշրջիկները գալիս են Հայաստան, քանի որ այդ առումով դրախտ է:

«Նարգիլեն ժամանց է, մշակույթ: Բերել նախագիծ, անունը դնել՝ վերացնում ենք նարգիլեն, անթույլատրելի է: Ես չեմ պատկերացնում, թե ի՞նչ է լինելու, եթե մարդիկ իմանան, որ ռեստորաններում, ակումբներում նարգիլե չեն կարողանալու ծխել: Տուրիստն էլ գա Հայաստան, ի՞նչ անի: Հավատացե՛ք, մեծ մասը գալիս է, որպեսզի կարողանան նարգիլե վայելել: Նարգիլե պատրաստելու, սպասարկելու որակի առումով տարածաշրջանում մենք առաջատար ենք համարվում: Ու սա ուզում են մեր ձեռքից խլել: Բա ի՞նչ է մնալու: Գառնի, Գեղարդ, ու վե՞րջ: Երկու օր գան, նկարվեն, գնա՞ն, բա ժամա՞նցը»,- ասաց Գոռ Գասպարյանը:

Հիշեցնենք, որ 2017 թվականի վերջին ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել էր «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման մասին» օրինագիծը։ Օրինագծի համաձայն` առաջարկվում է արգելել ծխախոտային արտադրատեսակների, դրանց անալոգների և ծխախոտանյութի փոխարինիչի (այդ թվում` նարգիլեի) օգտագործումը բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունների, առողջարանային հաստատությունների տարածքներում, նախադպրոցական, հանրակրթական ուսումնական հաստատություններում, արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական, բարձրագույն և հետբուհական ուսումնական հաստատությունների տարածքներում, մանկապատանեկան մարզական կազմակերպությունների տարածքներում, բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում, թատերահամերգային, թանգարանային, գրադարանային, կինոթատրոնների և ժամանցային կենտրոնների տարածքներում, մարզական դահլիճների, համալիրների և մարզադաշտերի տարածքներում, հանրային սննդի օբյեկտներում (ճաշարաններ, ռեստորաններ, սրճարաններ, բարեր, բուֆետներ և խոհարարական արտադրանքի պատրաստման և իրացման այլ օբյեկտներ), պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում, բացառությամբ այն պատմության և մշակութային անշարժ հուշարձանների, որոնք համարվում են բնակելի տներ, բնության հատուկ պահպանվող տարածքներում, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին չհանդիսացող պետական կամ համայնքի հիմնարկների, պետական առևտրային և ոչ առևտրային իրավաբանական անձանց գործունեության տարածքներում, տրանսպորտում (ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտ, երկաթուղային, վերգետնյա էլեկտրական, մետրոպոլիտեն), տրանսպորտի կանգառներում, սպասասրահներում, ուղևորների սպասարկման համար նախատեսված տարածքներում, օդանավակայաններում (բացառությամբ ծխելու համար հատկացված տարածքների), ճոպանուղիների տարածքներում, երկաթուղու և մետրոպոլիտենի կայարաններում, ավտոկայարաններում, ավտոկայաններում, hյուրանոցային տնտեսության օբյեկտներում (հյուրանոցները, մոթելները, հյուրանոցատիպ հանգրվանները, առողջարանները, հանգստյան և մասնագիտացված ճամբարները կամ տները, պանսիոնները, զբոսաշրջային, մանկապատանեկան և ճամբարային բնակատեղիները (համալիրները), զբոսաշրջային տները), բազմաբնակարան շենքների վերելակներում և ընդհանուր օգտագործման տարածքներում, հակահրդեհային կանոններով նախատեսված տարածքներում, շենքերում, շինություններում տեղակայված աշխատանքային գործունեության համար նախատեսված տարածքներում, խաղատներում, առևտրի և զվարճանքի օբյեկտներում:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս