Հայ-իրանական խնդիր պետք է փնտրենք այլ տեղում` ավելի գլոբալ կոնտեքստում. իրանցի վերլուծաբան
«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում իրանական դիրքորոշումը չի փոխվել»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց իրանցի վերլուծաբան Ալի Սալամին՝ անդրադառնալով նախօրեին Իրանի Իսլամական Հանրապետության Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Մոհամմեդ Բաղերիի Բաքու կատարած այցի ընթացքում Ղարաբաղյան թեմատիկայի արծարծմանը:
Հիշեցնենք, որ հունվարի 16-ին Իրանի Իսլամական Հանրապետության Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման բովանդակությունը, որը տարածվեց ադրբեջանական և Իրանի պաշտոնական ռուսալեզու լրատվամիջոցներով, մեծ իրարանցում առաջացրեց հայկական սոցիալական ցանցերում:
Իրանական ԻՌՆԱ գործակալության անգլալեզու հաղորդագրության համաձայն, ԻԻՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ Մոհամմեդ Բաղերին Ադրբեջանի նախագահ Էլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով երկու երկրների պատմական և մշակութային արմատներին՝ ասել է. «Հիմնվելով երկու երկրների առաջնորդների ցանկության վրա, Իրանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա՝ զարգացնելով և ամրապնդելով երկարաժամկետ հարաբերություններն ու համագործակցությունը»:
Ընդգծելով տարածաշրջանում խաղաղություն, կայունություն և անվտանգություն հաստատելու Թեհրանի և Բաքվի միասնական ջանքերը, գեներալ-մայոր Բաղերին հավելել է. «Երկու երկրներն էլ մեծ ցանկություն ունեն համագործակցել՝ սահմանային անվտանգության, ռազմական, տեխնիկական և համագործակցության զարգացման ուղղությամբ»:
ԻԻՀ ԶՈՒ ԳՇ պետ պետը նաև հայտարարել է իսլամական հանրապետության պատրաստակամությունը՝ ահաբեկչության դեմ պայքարում իր փորձը փոխանցելու Ադրբեջանին: Այնինչ պարսկերեն տարբերակում նշված էր, որ Իրանն աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և տարածքային անձեռնմխելիությանը:
Իսկ ռուսալեզու տարբերակում, որը ժամեր անց խմբագրվեց, ներկայացված էին ադրբեջանական դիրքորոշումներ: Ռուսալեզու հրապարակման մեջ նշված էր, որ Իրանը համարում է ղարաբաղյան հողերը ադրբեջանական, սատարում է և հետայսու էլ սատարելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Ըստ դեռևս չխմբագրված հաղորդագրության, Բաղերին անընդունելի է համարել «սահմանների փոփոխությունը բռնի ճանապարհով»:
«Իրանն այդ հարցում միշտ Ադրբեջանի կողքին է»,- իբրև թե ասել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբ պետը: Ներկայումս իրանական լրատվամիջոցի ռուսալեզու հաղորդագրություններում որևէ խոսք չկա ԼՂ հակամարտության մասին, այնինչ ադրբեջանական ռուսալեզու հաղորդագրությունում ներկայացված են Բաղերիի վերոնշյալ խոսքերը:
Ալի Սալամիի խոսքով՝ առաջին անգամը չէ, երբ Իրանն ադրբեջանցի պաշտոնյաների հետ հանդիպումներից կամ ստորագրված արձանագրություններից հետո հայտնվում է նման իրավիճակում, քանի որ կամ վերագրվում են ձևակերպումներ, որոնք Իրանը չէր կարող անել, կամ Իրանի դիրքորոշումը, որը տասնամյակներ շարունակ անփոփոխ է, մտահոգությունների պատճառ է դառնում Հայաստանում:
Սակայն, ըստ նրա՝ տեղի ունեցածը լրատվական սխալ կարելի է համարել, քանի որ Իրանի պաշտոնական հաղորդագրություններում նման ձևակերպումներ չկան, և ըստ իրանցի վերլուծաբանի՝ չեն կարող լինել:
«Այն, որ Իրանն ընդհանրապես աջակցում է տարածքային ամբողջականության սկզբունքին՝ գաղտնիք չէ ոչ մեկի համար, այդ թվում՝ Հայաստանի, քանի որ այդ հարցում Իրանը նաև իր հետաքրքրություններն ու շահերն ունի. դա զգայուն հարց է նաև Իրանի համար՝ հատկապես աշխարհաքաղաքական ներկայիս իրականությունում: Բացի դրանից, սրան զուգահեռ՝ իրանական կողմը սովորաբար նշում է, որ ԼՂ հակամարտության կարգավորումը պետք է տեղի ունենա խաղաղ ճանապարհով, միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների համաձայն:
Իրանի դիրքորոշումը չի փոխվել, Իրանը պահպանում է իր չեզոքությունը Ղարաբաղյան հարցում: Եվ այն սխալը, որը տեղ էր գտել, որքան ես եմ հասկանում՝ լրատվամիջոցներն ուղղել են: Ի վերջո, նման իրավիճակները քննարկվում են դիվանագիտական ճանապարհներով, դիրքորոշումները հստակեցվում են, խնդիրը` վերանում:
Բայց խնդիր պետք է փնտրենք այլ տեղում` ավելի գլոբալ կոնտեքստում, որպեսզի կարողանանք ոչ միայն պահպանել հարաբերությունների առկա մակարդակը, այլև խորացնել: Ադրբեջանն ակտիվորեն աշխատում է Իրանի հետ, Միացյալ Նահանգների հակաիրանական քաղաքականության պայմաններում որոշակի պտուղներ տալիս է այդ քաղաքականությունը, համագործակցությունը խորանում է, Իրանը վստահելի և խորը համագործակցությունների կարիք ունի, իսկ ՀՀ նորընտիր իշխանությունների հետ հարաբերություններում շոշափելի արդյունքներ Իրանը դեռ չունի, չնայած Հայաստանը համարվում է տարածաշրջանի ամենավստահելի երկրներից մեկը:
Իրան-Հայաստան հարաբերություններում չիրականացված ծրագրերի շարքն անվերջ է, քննարկման առարկա հանդիսացող թեմաների շարքը մեծ է, տարածաշրջանային շահերը ևս շատ են: Ուստի հուսանք, որ գոնե այս տարի այս բացերը կսկսեն լրացվել փոխայցերի, ակտիվ հանդիպումների և ծրագրերն առաջ գցելու միջոցով:
Նախկինում մենք խոսում էինք, որ երկկողմ քաղաքական բնույթի հարաբերությունների մակարդակը բարձր է, իսկ առևտրատնտեսական հարաբերությունները չեն համապատասխանում քաղաքական հարաբերությունների մակարդակին և որակին: Այսօր մենք խնդիր ունենք պահելու նաև քաղաքական հարաբերությունները, քանի որ ներքաղաքական վերադասավորումները և գործընթացները թույլ չեն տվել, որպեսզի մենք վստահ լինենք, թե ինչպես են զարգանալու քաղաքական հարաբերությունները:
Հայ-իրանական դիվանագիտությունից ավելի մեծ ճկունություն է պահանջվում՝ ինչպես երկկողմ օրակարգն ակտիվացնելու, այնպես էլ՝ նման թեմաներն իսկույն կարգավորելու համար»,- ասաց նա: