Սիրիայում քրդական հարցի շուրջ։ Առկախված նոր սպառնալիքը

Թրամփը հեռախոսազրույց ունենալով Էրդողանի հետ՝ սպառնալից կերպով մատնանշել էր, որ կսնանկացնի Թուրքիան, եթե վերջինս հարձակվի քրդերի վրա։ Հայկական մամուլը դրան շատ քիչ անդրադարձավ այն պատճառով, որ պարզապես Հայաստանում գոյություն չունի խորն ըմբռնումը այն ամենի վերաբերյալ, ինչը կոչվում է քրդական հարց։

Միջազգային հարաբերություններում շատերը հավատում են ԱՄՆ ամենազորությանը։ Մեր կարծիքով, սակայն, ԱՄՆ նախագահ Թրամփի հայտարարությունը լոկ դեկլարատիվ բնույթ է կրում։ ԱՄՆ-ը որևէ կերպ չի կարող պատժել ու մեկուսացնել Թուրքիան այն պատճառով, որ ինքը կընկնի Մերձավոր Արևելքի այն թակարդի մեջ, որում կարող է հայտնվել, եթե կամենա Թուրքիան։ Թուրքական դիվանագիտությունը բազմաբևեռ իր հարաբերություններում հասավ նրան, որ Սիրիայի հարցում ձեռք բերեց ախոյան թվացող Ռուսաստանի աջակցությունը։ Այս, թեկուզ կարճատև դաշինքի արդյունքում էլ, Էրդողանը երկարացրեց իր կյանքը, որը Գյուլենի հետևորդների կազմակերպած «դավադրության» պատճառով, թվում էր, թե հայտնվել է քաղաքական դիահերձարանում։

Միջազգային ու թուրքական մամուլն արդեն նշում են, որ թուրքական 80 հազարանոց բանակը տեղակայված է Սիրիայի հյուսիսային սահմանին և պատրաստ է ամեն պահ ներխուժել քրդաբնակ տարածքներ։ Անտարակուսելի է թվում, որ Թուրքիան հատելու է սահմանը, միայն հարց է՝ ե՞րբ։ Հավանաբար՝ միայն այն բանից հետո, երբ կարողանա Ռուսաստանի և Պուտինի հետ հարաբերություններում հասնել համաձայնության, որ իր սիրիական նոր արշավանքը կրում է ժամանակավոր բնույթ և միտված չէ Սիրիայի տարածքային ամբողջականությունը խախտելուն։ Քիչ հավանական է, որ Ռուսաստանը կարող է հաշտեցնել քրդերին Բաշար Ասադի հետ։ Այս հարցում նրան խանգարելու են Իսրայելը, ԱՄՆ-ը ու նաև Թուրքիան։

Թուրքական հնարավոր ներխուժումից տուժելու են ոչ միայն քրդերը, այլև նրանց հետ կողք կողքի բնակվող հայերը։ Ուստի, Սիրիայում հնարավոր նոր թուրքական ինտերվենցիան հանգեցնելու է կորուստների ոչ միայն քրդերի, այլև հայերի շրջանում։ Թուրքիայի քաղաքականությունը Սիրիայում սպառնում է հայ ժողովրդի այն հատվածի ոչնչացմանը, որոնց նախնիները նախկինում վերապրել են Հայոց մեծ եղեռնը։ Եթե նախկինում ՀՀ իշխանությունները Սիրիայի հարցում կրավորական կեցվածք էին ընդունել այն պատճառով, որ հետևում էին «կոմպլեմենտար քաղաքականության» սկզբունքներին, ապա այժմ հարկադրված են ցուցաբերել իրենց բանական ու ողջամիտ կեցվածքը։

Կարդացեք նաև

Ի վերջո, մինչ օրս ՀՀ իշխանությունները զլացել են իրենց եվրոպական գործընկերներին տեղեկացնել, որ ՀՀ-ում օթևան են հատկացրել տասնյակ-հազարավոր Սիրիայի քաղաքացիների ու, ի տարբերություն Թուրքիայի, Հայաստանը, միգրացիոն հոսքերը դեպի Եվրոպա կասեցնելու ծառայության դիմաց, Եվրոպայից չի պահանջել այն մեծածավալ գումարները, որոնք Եվրոպան տրամադրել է Սիրիայի քանդման գործում իր ավանդը բերած Թուրքիային։

ՏԻԳՐԱՆ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ

պ.գ.թ.
Բեռլին

Տեսանյութեր

Լրահոս