«Իմ քայլը» դաշինքում ձախողման եզրին է խորհրդարանական դիվանագիտության Եվրասիական ուղղությունը. պատգամավորները ռուսերեն չգիտեն
7-րդ գումարման Ազգային ժողովն արդեն իսկ իրողություն է, և հունվարի 14-ից իշխող քաղաքական ուժն է կրում լիակատար պատասխանատվություն երկրում և նրա սահմաններից դուրս տեղի ունեցող բոլոր գործընթացների համար։
Արդեն իսկ ձևավորված է ԱԺ նախագահությունը, ընտրվում են մշտական հանձնաժողովերի նախագահները, որոնց թիվը, ի դեպ, նախկին 9-ի փոխարեն՝ 11 է։
Այս 3 օրերի ընթացքում արդեն իսկ առիթներ ունեցել ենք ունկնդիրը լինել իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավորների մտքի փայլատակումներին, որոնցից ամենաարտառոցն իր անտրամաբանական ու վտանգավոր մտահանգումներով ու արտահայտություններով, մասնավորապես, ճամբարափոխ եղած Հայկ Կոնջորյանի մտավարժանքն էր՝ իր «ավտորիտար բնույթի Իրան» ու «Ադրբեջան-Հայաստան հակամարտություն» ձևակերպումներով։
Ակնհայտ է, որ 7-րդ գումարման Ազգային ժողովում բազմաթիվ առկա խնդիրների մեջ առանձնանում է խորհրդարանական դիվանագիտության հետ կապված կադրային սովն ու եղած կադրերի անպատրաստվածությունը։
Խնդիրը սրվել է նաև այն պատճառով, որ հունվար ամսվա ընթացքում առնվազն 3 Խորհրդարանական վեհաժողովների ու հանձնաժողովների նիստեր են նախատեսվում։ Խոսքը, մասնավորապես, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ), «Եվրոնեսթ» խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների և ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովների նիստերի մասին է։
Եվ ահա 168.am-ին հայտնի դարձավ, որ պատվիրակությունները դեռ ձևավորված չեն, մարդիկ նյութերին ծանոթ չեն, և բոլորը ցեյտնոտային իրավիճակում են այս պատճառով։
Սակայն սա խորհրդարանական դիվանագիտության միակ խնդիրը չէ։
Պարզվում է, որ իշխող «Իմ քայլը» դաշինքը չի կարողանում կողմնորոշվել, թե ով պետք է լինի խորհրդարանական դիվանագիտության Եվրասիական ուղղության պատասխանատուն։ Խոսքը մասնավորապես այն մասին է, որ դաշինքում դեռ չեն կարողանում ընտրել հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահին, չեն կարողանում կազմավորել ԱՊՀ և ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովների պատվիրակությունները, քանզի դժվարանում են գտնել համապատասխան գիտելիքներ ու ռուսերենի լեզվաիմացություն ունեցող պատգամավորների։