«Գուցե պետք էր այլ կերպ ձևակերպում տալ, գուցե մի փոքր ես վրիպեցի». Հայկ Կոնջորյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանն ԱԺ-ում իր ելույթում հնչեցրած «ավտորիտար բնույթի Իրան» ձևակերպումը «վրիպակ» է համարում: Այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում նա հավաստիացրեց, թե դասեր կքաղի այդ վրիպակից և այն ճակատագրական չի լինի:

«Նախ՝ ուզում եմ միանգամից ասել, որ իմ բառերն արտահայտում են իմ կարծիքը, դա իմ մասնավոր ձևակերպումն է, բացարձակապես խմբակցության կարծիքը չէր, որի մասին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն իմ ելույթից հետո անմիջապես նշեց: Ես նշել եմ՝ ոչ թե ավտորիտար Իրան, այլ ավտորիտար բնույթի՝ որոշակիորեն, հավանաբար, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Իրանի քաղաքական համակարգը մի փոքր յուրահատուկ է: Սակայն հաշվի առնելով նաև հանրության արձագանքը՝ ես միանաշանակ ընդունում եմ, որ գուցե պետք էր այլ կերպ ձևակերպում տալ, գուցե մի փոքր ես վրիպեցի, ինչպես ցանկացած քաղաքական գործիչ կարող է երբեմն բանավոր խոսքի ժամանակ ունենալ նման ձևակերպումներ: Ես ցանկանում եմ ասել, որ ամենևին չեմ նսեմացնում բարեկամ Իրանի ժողովրդի և պետության՝ Հայաստանի հետ ունեցած բարիդրացիական ու ջերմ հարաբերությունները»,- ասաց Կոնջորյանը:

168.am-ի հարցին՝ մի՞թե այդ «վրիպակը» չի ազդի հայ-իրանական բարեկամական հարաբերությունների վրա, Հ.Կոնջորյանը պատասխանեց, թե իր հայտարարությունը կազդեր հայ-իրանական հարաբերությունների վրա, եթե դա լիներ «Իմ քայլը» խմբակցության պաշտոնական կարծիքը, եթե ինքը այս պարզաբանումը չտար ու չասեր, որ վրիպակ էր.

«Ես վստահ եմ, որ մեր Իրանի գործընկերները, ովքեր ունեն տարակարծություններ, ևս կտեսնեն իմ մեկնաբանությունը: Ես կրկնում եմ՝ դա բացարձակապես չի խոսում իմ վերաբերմունքի մասին Իրանի հետ մեր բարեկամական, ջերմ միջպետական և միջժողովրդային հարաբերությունների մասին»:

Մեր դիտարկմանը, որ չի՞ կարծում, որ սովորել պետք է Ազգային ժողովի պատերից դուրս, ոչ թե այս բարձր ամբիոնից նման «վրիպակներ» թույլ տալուց հետո, Կոնջորյանը հորդորեց չկառչել իր ասած բառերից.

«Մենք սովորում ենք միշտ, ամենուր, որտեղ էլ լինենք: Կարելի է երբեք չընդունել, որ որևէ մեկը թույլ է տվել վրիպակ, և կարելի է ընդունել, որ եղել է վրիպակ և տասնապատիկ ավելի ջերմեռանդորեն աշխատել, որ չլինեն վրիպակներ»:

Տեսանյութեր

Լրահոս