120 հազար դոլարանոց աշխատատեղ Արցախում

Անցյալ տարվա մեր հրապարակումներում բազմիցս անդրադարձել ենք փոքր և միջին բիզնեսի հանդեպ նախկին և ներկա իշխանությունների խտրական վերաբերմունքին, միաժամանակ ընդգծելով խոշոր բիզնեսին արտոնյալ հնարավորությունների տրամադրման իրողությանը: Այս արտառոց երևույթի փայլուն օրինակներից մեկին հաղորդակից դարձանք օրերս:

Պարզվում է, որ դեռևս 2012 թվականին Կաշենի հանքավայրի գործարկման նպատակով Արցախի կառավարությունը Բեյզ Մեթլզ ընկերությանը արտոնյալ պայմաններով տրամադրել է հարյուր միլիոն ԱՄՆ դոլարի վարկ: Բացի դրանից, կառավարությունը ենթակառուցվածքների ստեղծման նպատակով կատարել է 20 միլիոն ԱՄՆ դոլար ներդրում, տրամադրել հարկային արտոնություններ:

Նախկին կառավարության ներկայացուցիչն անթաքույց հպարտությամբ արձանագրում է, որ կառավարությունը նման քայլի դիմել է հանքարդյունաբերության ոլորտում առկա շուրջ հազար աշխատատեղերի պահպանման նպատակով: Ասել է թե՝ եթե կառավարությունը ձեռնպահ մնար նման քայլից և աջակցություն չցուցաբերեր, հազար մարդ պիտի համալրեր գործազուրկների շարքերը: Բայց չէ որ շատ մոտ ապագայում, այնուամենայնիվ մենք բախվելու ենք այդ խնդրին:

Բոլոր դեպքերում Բեյզ Մեթլզը ցանկության դեպքում հանքի գործարկման համար պահանջվող գումարը, թեկուզև բարձր տոկոսադրույքով, ի վիճակի էր հայթայթել, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ այս ընկերությունը Դրմբոնի ոսկու հանքի շահագործումից հետո ամենևին էլ աղքատների շարքին չէր դասվում: Ուրեմն վկայակոչել հազար աշխատատեղերի պահպանմամբ պայմանավորված կառավարության նախաձեռնությունը որպես արդարացման հանգամանք, առնվազն համոզիչ չէ:

Սակայն եկեք խնդրին մոտենանք մեկ այլ տեսանկյունից: Հանրահայտ է, որ Արցախի գյուղական շրջանների ձեռներեց մարդիկ զուրկ են հանրապետությունում գործող բանկերում վարկ ձևակերպելու հնարավորությունից: Խնդրո առարկա տարածաշրջանի գյուղական բնակիչներն այս առումով բացառություն չեն: Պատկերացրեք, կառավարությունն այդ 100 միլիոն ԱՄՆ դոլարն արտոնյալ տոկոսադրույքով տրամադրում է հանրապետության պոտենցիալ գործազուրկներին, աջակցում և ուղղորդում զբաղվել ընտանեկան բիզնեսով:

Այսինքն` ստեղծվում է ոչ թե հազար, այլ ավելի քան հինգ հազար աշխատատեղ և ամենևին էլ ոչ ժամանակավոր, ինչպես հանքարդյունաբերությունում, առանց կասկածի տակ դնելու մի ողջ տարածաշրջանի բնակչության առողջական վիճակը, առանց ավերելու բնությունը, եկող սերնդի համար առանց անլուծելի խնդիրներ ստեղծելու:

Ավելորդ ենք համարում ներկայացնել անցած վեց տարիների ընթացքում մեր կյանքի բոլոր ոլորտներում ինչպիսի դրական տեղաշարժեր կարձանագրվեին:
Արդյո՞ք հանրապետության բնակիչների բարեկեցության հարցերով են մտահոգված Արցախի ներկա իշխանությունները:

Դադարեցրեք Ձեր ֆինանսական մանիպուլիացիաները ներկայացնել որպես երկրի զարգացմանն միտված ծրագրեր և հանրությանը պահել մոլորության մեջ:

Մարսել Պետրոսյան
Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ

Տեսանյութեր

Լրահոս