Բաժիններ՝

«Սկզբունքորեն դա հնարավոր է, մոնոպոլիա չկա». Գագիկ Մակարյանը՝ նոր ՀԴՄ-ների մասին

Նոր սերնդի ՀԴՄ-ների կիրառումը 2019 թ. հունվարի 1-ից պարտադիր է դարձել բոլոր տնտեսվարող սուբյեկտների համար: Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ նոր ՀԴՄ-ների ներդրումը սկսվել էր դեռ տարիներ առաջ, իրականացվել է փուլերով՝ սկզբում նոր ՀԴՄ-ներ ձեռք են բերել խոշոր բիզնեսի ներկայացուցիչները, այնուհետև՝ միջինները և փոքրերը:

«Բիզնեսի մեծ մասն արդեն աշխատում է այդ սարքավորումներով, և այժմ դրանք առավելապես պետք է ձեռք բերեն նոր բացվող բիզնեսները, բայց նորերն էլ դեռ այդքան շատ չեն: Կարծում եմ՝ որևէ խնդիր կամ անհանգստություն չպետք է լինի»,- ասաց Գ.Մակարյանը:

Ըստ նրա՝ ՊԵԿ-ը սահմանել է նոր սարքավորումներին ներկայացվող պահանջները, և տնտեսվարողն ինքը կարող է ներկրել այն, եթե ձեռնտու լինի. «Սկզբունքորեն դա հնարավոր է, մոնոպոլիա չկա»:

Հիշեցնենք, որ նոր սերնդի ՀԴՄ-ներն արժեն 160 հազար դրամ, գործարարը կարող է վճարել 2 տարվա ընթացքում տարաժամկետ վճարումներով, սակայն բիզնեսից դժգոհություններ կային, որ իրականում այդ ՀԴՄ-ների գինը 60-80 դոլար է:

Օրերս ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ևս հայտարարեց, որ դաշտն ազատ է, համապատասխան չափանիշերով սարքավորումներ կարող է ցանկացած ոք ներկրել:

Գ.Մակարյանը նշեց, որ ՊԵԿ-ի մոտեցումը, որ սկսվեց դեռ նախկին կառավարության գործունեության վերջին շրջանում և այժմ շարունակվում է, կանխիկ դրամի շրջանառության սահմանափակումն է, որովհետև կանխիկով գործարքները համարվում են ռիսկային և ստվերային տնտեսության մաս կարող են հանդիսանալ. «ՀԴՄ-ների մեխանիզմը հենց նրա համար է, որ գնորդն ու վաճառողը լինեն համակարգի մաս, և ՊԵԿ-ը կարողանա երկու կողմի մասին տվյալները ստուգել:

Ամբողջ աշխարհում դա կա, այդ իմաստով մենք գնում ենք նոր մշակույթի՝ ստվերը մերժելու, որը  ողջունելի է: Ստվերն անհավասար մրցակցություն է առաջացնում տնտեսվարողների համար: Մեր վերլուծություններով՝ բիզնեսի մոտ 31%-ը նշում է դա: Այժմ պետք է բիզնես մշակույթը հաղթի»:

Գ.Մակարյանը նշեց, որ վերջին շրջանում ստվերի մեծացման մասին տեղեկություն չունի, ուղղակի ձեռնարկությունների եկամտաբերությունը դեռ բարձր չի: Նրա խոսքով՝ խնդիրն այն է, որ աշխատանքի արտադրողականությունը, շուկաներ գրավելու և եկամտաբեր բիզնես իրականացնելու մշակույթի մակարդակը ցածր է, եկամտային հարկը դեռևս բարձր է, այսինքն՝ բիզնեսը շատ տեղերում է տարբեր քաշքշուկների վրա գումարներ կորցնում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս