Թանկացումներից խուսափել անհնարին կլինի

Սպասումները, որ իշխանափոխությունից հետո սոցիալական իրավիճակը Հայաստանում կբարելավվի, չի իրականանում։ Կառավարության անցած մի քանի ամիսների գործունեությունը ցույց տվեց, որ արագ փոփոխությունների ակնկալիքները հիմնավորված չեն։ Ինչպես նախկինում, այնպես էլ այժմ կյանքը գնալով թանկանում է, իսկ մարդկանց եկամուտները շատ դանդաղ են ավելանում։

Առաջին հայացքից գուցե թե այլ են պաշտոնական վիճակագրական տվյալները։ Դրանց համաձայն՝ գնաճը Հայաստանում իսկապես ավելի ցածր է, քան միջին աշխատավարձի ավելացումը։ Բայց բոլորն են հասկանում, որ դա այն իրական պատկերը չէ, որը կա։ Գաղտնիք չէ, որ, ինչպես սովորաբար լինում է, թանկանում են հիմնականում առաջին անհրաժեշտության ապրանքները, որոնք կազմում են սպառողական զամբյուղի հիմնական մասը։

Ակնհայտ է, որ չնայած ձևավորված սպասումներին, այնուհանդերձ հեղափոխության արդյունքները թե՛ տնտեսության, և թե՛ սոցիալական ոլորտում գրեթե տեսանելի չեն։ Մի կողմից՝ չկան խոստացված նոր աշխատատեղերը, մյուս կողմից՝ նկատելի չէ աշխատավարձերի քիչ թե շատ առարկայական բարձրացում, որին հասարակությունը սպասում էր դեռևս իշխանափոխության նախօրյակին։

Հույսերը, որ եկամտային հարկի բեռի սպասվող նվազեցումը, թեկուզ ոչ մեծ, բայց որոշ չափով կփոխարինի սոցիալապես անապահով խավերի աշխատավարձի ակնկալվող ավելացմանը, ևս չեն իրականանում։ Ընդհակառակը՝ սոցիալական այս խմբի եկամուտները եկամտային հարկի սպասվող փոփոխությունից հետո նույնիսկ կնվազեն՝ պայմանավորված կուտակային կենսաթոշակային վճարների նախկին 50։50 տոկոս հարաբերակցության անցումով։ Հիշեցնենք, որ ներկայումս այն 75։25 տոկոս է։

Ժամանակին տպավորություն էր ստեղծվել, թե իշխանափոխությունից հետո սպառողական ապրանքների գները, որոնք մենաշնորհների պատճառով իբր արհեստականորեն բարձր են, արագորեն նվազելու են։ Եթե հավատանք կառավարությանը, ապա մենաշնորհներ Հայաստանում այլևս չկան, բայց ապրանքները չեն էժանանում, բացառությամբ մեկ-երկուսի։ Ընդհակառակը՝ առաջին անհրաժեշտության ապրանքների շուկայում թանկացումների ալիքը գնալով ընդլայնվում է։

Որ թանկացումներն անխուսափելի են և տնտեսագիտորեն արդարացված, հասկանալի է։ Սակայն դա պետք է ուղեկցվի մարդկանց եկամուտների առնվազն համարժեք ավելացմամբ, որպեսզի ազդեցությունը հասարակության սոցիալական կյանքում հնարավորինս մեղմ լինի։

Իրականում ի՞նչ է տեղի ունենում Հայաստանում։ Մինչ հասարակության հիմնական խմբերին չի սպառնում աշխատավարձերի և մյուս սոցիալական վճարների, այդ թվում՝ կենսաթոշակների և նպաստների բարձրացում, առաջիկայում սպասվում է թանկացումների նոր ալիք։ Պետական միջոցների ծախսերի նախատեսված սցենարը հիմք է տալիս ասելու, որ կառավարությունը հակված չէ ցածր եկամուտներ ունեցող սոցիալական բազմաթիվ խմբերի համար թուլացնել թանկացումների ազդեցությունը։

Այս տարվա սկզբից բարձրացել են երրորդ երկրներից Հայաստան ներմուծվող բավական մեծ թվով ապրանքների մաքսատուրքերը։ Խոսքը շուրջ 560 անուն ապրանքների մասին է։ Իհարկե, ոչ բոլորի, բայց դրանց զգալի մասի իրացման գները ներքին շուկայում առաջիկայում բարձրանալու են, եթե արդեն չեն բարձրացել։

Որոշ դեպքերում դրանց ներմուծումը փորձ կարվի փոխարինել Եվրասիական միության անդամ երկրներից։ Բայց հասկանալի է, այդ ապրանքների շրջանակը լինելու է խիստ սահմանափակ։

Ներմուծման բարձրացած մաքսատուրքերի տակ են հայտնվել առաջին անհրաժեշտության և սոցիալական նշանակություն ունեցող բազմաթիվ այնպիսի ապրանքներ, ինչպիսին են, ասենք՝ մսամթերքը, թռչնամիսը, կարագը, բուսական և կենդանական յուղերը, հացահատիկը, կենդանական կերերը, պարարտանյութերը, գյուղատնտեսական տեխնիկան և այլն։ Առանձին դեպքերում մաքսատուրքի աճը բավական մեծ է։

Օրինակ՝ թռչնամսի ներմուծման դեպքում հասնում է 22 տոկոսի։ Սա նշանակում է, որ երրորդ երկրներից ներկրելու դեպքում ճնշումը գների վրա բավական մեծ է լինելու է։ Հաշվի առնելով այն, որ տեղական թռչնամսի արտադրությունը չի բավարարում ներքին պահանջարկը՝ գների բարձրացումից խուսափելն անհնարին է լինելու։

Նույնը վերաբերում է նաև մսամթերքին, որի ներմուծման մաքսատուրքը կբարձրանա մինչև 12,5 տոկոս։ Հայաստանը մեծ քանակությամբ մսամթերք է ներկրում երրորդ երկրներից։ Թեև վերջին մի քանի ամիսներին տեղական մսի պահանջարկը փորձ է արվում լրացնել բելոռուսականով, այնուհանդերձ այն չի կարող փոխարինել երրորդ երկրներից ներմուծվող մսամթերքին։ Դա նշանակում է, որ այս խմբի ապրանքները ևս հայտնվել են թանկացման ռիսկի տակ։

Կարագի, բուսական և կենդանակ յուղերի մաքսատուրքերը կհասնեն 13 տոկոսի։

Կթանկանա նաև դեղորայքը, թեև համեմատած հարևան որոշ երկրների, այն առանց այդ էլ շատ թանկ է։ Պատահական չէ, որ մարդիկ նախընտրում են սեփական օգտագործման նպատակով դեղեր ձեռք բերել Վրաստանում, քան թե Հայաստանում։

Որքան էլ այս իրավիճակը դուրս է որևէ տրամաբանությունից՝ խնդրին լուծում չի տրվում։ Դրա համար նախորդ իշխանությունները բազմիցս քննադատվել են գործողների կողմից։ Սակայն այսօր վերջիններս ոչինչ չեն անում այդ իրավիճակից դուրս գալու համար։ Այժմ արդեն իշխանությանը հետաքրքրում է ոչ այնքան դեղերի թանկությունը, որքան բյուջեի եկամուտները։

Հիվանդների հաշվին ավելացված արժեքի հարկի տեսքով այս հատվածից բավական մեծ գումարներ են մտնում պետության գանձարան։ Կառավարությունը մտադիր չէ հրաժարվել այդ գումարներից։

Դեղորայքի ներմուծման մաքսատուրքը կբարձրանա 2-4 տոկոսով։ Գյուղտեխնիկայի դեպքում այն կկազմի 3-6 տոկոս։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մաքսատուրքերի բարձրացումն ուղղակիորեն ազդում է ապրանքների իրացման գների վրա, այս շուկաներում սպասվում է գնաճային ճնշման ուժեղացում։

Ավելացել են նաև այլ հատվածներից թելադրված գնաճային ռիսկերը։ Խոսքն ինչպես տարեսկզբից գործողության մեջ մտած հարկային օրենսդրության փոփոխությունների, այնպես էլ՝ մայրաքաղաքում տեղական տուրքերի բարձրացման մասին է, որոնց հետ կապված սպասվում են՝ ինչպես ապրանքների, այնպես էլ՝ որոշ ծառայությունների թանկացումներ։

Սպառողական շուկայում գնաճային ճնշումը կխորանա նաև Հարկային օրենսգրքի այն փոփոխությունների հետևանքով, որոնք առաջարկում է կառավարությունը։ Թեև այդ մասին շատ չի խոսվում, այնուհանդերձ թանկացումներն անխուսափելի կլինեն՝ պայմանավորված ակցիզային հարկի բեռի ավելացմամբ։ Ժամանակին պայքարելով այդ հարկատեսակի ծանրացման դեմ, այժմ քաղաքական իշխանության պատասխանատվությունը ստանձնած ուժը  պատրաստվում է շատ ավելի ակտիվորեն ավելացնել հարկի բեռը, որի հետևանքով սպասվում է մի շարք ապրանքների, այդ թվում՝ ծխախոտի և խմիչքների գների զգալի բարձրացում։ Ոչինչ, որ այն վնասում է հայրենական արտադրության մրցունակությանը և ոչ մի կերպ չի տեղավորվում տեղական արտադրության և արտահանման խթանման քաղաքականության տրամաբանության մեջ։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս