ՀԴՄ-ների պարտադիր կիրառության դեպքում որոշ փոքր բիզնեսներ կարող են փակվել
Հունվարի 1-ից պարտադիր կիրառության մեջ մտած ՀԴՄ-ները որոշակի առումով բեռ են լինելու փոքր տնտեսվարողների համար:
«Եթե դու պարտադրում ես, որ բոլորը ՀԴՄ տեղադրեն, նշանակում է՝ պարտադրում ես, որ, օրինակ, Կապանի Անտառաշատ գյուղի որևէ տատիկ, ով խանութում աշխատում և ամիսը 70-80.000 դրամ գումար է վաստակում, պետք է հսկիչ-դրամարկղային մեքենայի համար 160 հազար դրամ վճարի: Պատճառը ո՞րն է, որ այդքան շատ փոքր բիզնեսը տեղադրի այն: Եթե փաստարկը բերվում է այն, որ ինչ-որ մի անգամ մի զբոսաշրջիկ կարող է այդ խանութից օգտվել, և բանկային հաշվեհամարից գումար հանելու անհրաժեշտություն լինի, համաձայն չենք: Թողե՛ք շուկան ազատ աշխատի:
Իսկ այն տնտեսվարող սուբյեկտը, ով կցանկանա, որ զբոսաշրջիկն իր մոտից առևտուր անի, թող գնա ու գնի հսկիչ-դրամարկղային մեքենա»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիայի նախագահ, ՀՀ ֆինանսների նախարարության Եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված խորհրդի անդամ Վահագն Համբարձումյանը:
Նրա կարծիքով՝ սրա արդյունքում որոշ փոքր բիզնեսներ կարող են փակվել:
«Այս պահին գյուղատնտեսական ոլորտում խնդիր կա: Անընդհատ ասում ենք՝ խթանենք այս ոլորտը, բայց միշտ օրենսդրական խնդիրներ են առաջանում: Օրինակ՝ դիրքորոշում կա, որ, եթե գյուղացին իր կենդանուն ողջ է վաճառում, եկամտային հարկից ազատված է, բայց եթե մորթած վաճառի՝ ազատված չէ: Սրա տրամաբանությունը ո՞րն է»,- նշեց Վահագն Համբարձումյանը:
Անի Կարապետյան