2020 թվականին թանկացումներ են սպասվում
«Վերջին մի քանի ամիսներին պտուղ-բանջարեղենի թանկացումը սեզոնային կարելի է համարել, միայն կարտոֆիլն էր, որ շատ թանկացավ՝ հասնելով 350 դրամի: Նման գին չեմ հիշում, թե վերջին անգամ ե՞րբ է եղել: Իսկ Ամանորին թանկացան էկզոտիկ մրգերը, անանասը, բանանը: Ի դեպ, որ ասում էին, թե բանանն էժանացել, դարձել է 500 դրամ, Նոր տարվա նախաշեմին 800-1000 դրամ դարձավ:
Ինչ վերաբերում է մսամթերքին, ապա այն գրեթե չթանկացավ: Տավարի մսի գինը սկզբում հասավ 3800 դրամի, հետո իջավ՝ դառնալով 3200-3500 դրամ: Նույնը՝ նաև խոզի մսի դեպքում, գրեթե նույն գինն էր»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սպառողների խորհրդատվական կենտրոն» հ/կ նախագահ Կարեն Չիլինգարյանը:
Նրա փոխանցմամբ՝ ԵԱՏՄ շուկայի հետ կապված՝ 2020 թվականից բարձրանալու են որոշ ապրանքների գները:
«Զգալիորեն կթանկանա մեքենաների մաքսազերծումը, որովհետև պետք է մյուս երկրներում առկա գումարի չափին մոտեցվի, նույն սակագինը լինի: Իսկ սա խնդիր է. ստացվում է՝ իրենց մոտ գինը նույնն է մնալու, մենք ենք թանկացնելու: Ինչ վերաբերում է ապրանքներին, ապա որոշները կթանկանան 1-2, 5-10 տոկոսով, որոշների գներն էլ կնվազեն: Մի խոսքով՝ 2020 թվականին թանկացումներ են սպասվում, եթե մինչ այդ քաղաքական փոփոխություններ չլինեն: Մենք ԵԱՏՄ անդամ ենք, պետք է ենթարկվենք այդ օրենքներին»,- նշեց Կարեն Չիլինգարյանը:
Անի Կարապետյան