«Ռոբերտ Քոչարյանն այժմ չպետք է գտնվեր կալանքի տակ». Հայկ Ալումյան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քննվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած միջնորդությունը:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ներկայացրած միջնորդությանը՝ նշեց, որ Ռոբերտ Քոչարյանն այժմ չպետք է գտնվեր կալանքի տակ, քանի որ այս հարցով դիմել են Վճռաբեկ դատարան, և պարզ չէ, թե Վճռաբեկն այդ հարցին երբ լուծում կտա։

«Այսպես ասած, սա մի միջանկյալ միջոց է մեր կողմից, դիմեցինք Առաջին ատյանի դատարան, որ առայժմ գրավ կիրառվի,  մինչև մնացած հարցերը Վճռաբեկ դատարանում իրենց լուծումը կստանան։ Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարան դիմելուն, ապա պետք է ասեմ, որ այնտեղ դիմում են, եթե կարծում են, որ օրենքը հակասում է Սահմանադրությանը, այն օրենքը, որը կիրառվել է անձի նկատմամբ, և բոլոր մյուս միջոցներն արդեն սպառվել են»,- նշեց Հայկ Ալումյանը։

Ըստ նրա, Վճռաբեկ դատարանը չպետք է վարույթ ընդուներ ՀՀ գլխավոր դատախազի վճռաբեկ բողոքը։

«Վճռաբեկ դատարանը կիրառել էր Քրեական դատավարության օրենսգրքի 414.2 հոդվածի առաջին մասը։ Այնտեղ այսպես է բացատրում, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու երկու հիմք կա, երկուսն էլ այս դեպքում կիրառելի չէին։ Առաջին հիմքն այն է, որ վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունվում, եթե օրենքի միատեսակ կիրառության խնդիր կա, այսինքն՝ Վճռաբեկ դատարանը պետք է որոշում կայացնի, որով օրենքի բազմատեսակ մեկնաբանություններին վերջ տա և սահմանի, որ տվյալ օրենքն այսուհետ պետք է այդպես կիրառվի։ Խոսքը վերաբերում էր Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիության խնդրին, բայց այն սահմանված չէ օրենքով։ Վարույթ ընդունելու երկրորդ հիմքը լինում է այն դեպքում, երբ կա մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խախտում»,- ընդգծեց Հ. Ալումյանը։

Նրա խոսքով՝ այս ամենն անուղղակի ձևով կարող է ազդել Ռ. Քոչարյանի գործի վրա, և եթե Սահմանադրական դատարանը հայտարարի, որ դիմող կողմը ճիշտ է, ապա պետք է վերանայի գլխավոր դատախազի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը, որից էլ կբխեն հաջորդ դատական ակտերը վերանայելու խնդիրները։

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը նիստին ներկա չի:

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս