Իսրայելի նախկին նախարարը 11 տարվա ազատազրկման դատապարտվեց Իրանի օգտին լրտեսության համար
Իսրայելի նախկին նախարար Գոնեն Սեգեւը հունվարի 9-ին ազատազրկման է դատապարտվել Իրանի օգտին լրտեսության համար: Այդ մասին հայտնել է Jerusalem Post թերթը: Ինչպես գրում է հրատարակությունը, Սեգեւի փաստաբաններին եւ մեղադրող կողմին հաջողվել է գործարք կնքել մեղքի ճանաչման շուրջ, որով նախկին նախարարը կդատապարտվի 11 տարվա բանտային կալանքի:
Սեգեւը, որը կառավարությունում աշխատել է 1990-ական թվականներին, Իրանի օգտին լրտեսության կասկածանքով ձերբակալվել էր 2018 թվականի հունիսին: Հատուկ ծառայություններին հաջողվեց նախկին նախարարին ձերբակալել այն ժամանակ, եբր նա Նիգերիայից ժամանեց Հասարակածային Գվինեա, որն արգելեց նրա մուտքը քրեական անցյալի պատճառով եւ հայրենիք արտաքսեց իսրայելական ոստիկանության օրդերի հիման վրա:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Սեգեւը, որը վերջին ժամանակներս ապրում էր Նիգերիայում, 2012 թվականից համագործակցել է իրանական հետախուզության հետ՝ նրան տարատեսակ տեղեկատվություն տրամադրելով Իսրայելի վերաբերյալ, որը նա հայթայթում էր՝ օգտագործելով իր հին կապերը:
Գոնեն Սեգեւը Կնեսետի պատգամավոր է եղել 1992-ից մինչեւ 1996 թվականը: Մեկուկես տարվա ընթացքում՝ 1995 թվականի հունվարից մինչեւ 1996-ի հունիսը նա խորհրդարանական գործունեությունը համատեղել է էներգետիկայի եւ ազգային ենթակառուցվածքների նախարարի պաշտոնում աշխատանքի հետ:
2005 թվականին Սեգեւին դատել են Նիդեռլանդներից թմրանյութերի մաքսանենգության եւ դիվանագիտական անձնագրի կեղծման համար, բայց արդեն 2007 թվականին ազատ են արձակել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: