«Մենք այլևս տեղ չունենք նրանց պահելու համար». Թրամփ
Դոնալդ Թրամփն Սպիտակ տան Ձվաձեւ առանձանասենյակից ազգին հղած ուղերձում հայտարարել է, որ հունվարի 9-ին ԱՄՆ-ի Կոնգրեսի առաջնորդներին հրավիրել է հանդիպման, որպեսզի փորձի վերսկսել կառավարության աշխատանքի ֆինանսավորումը: Հունվարի 8-ին ուղերձը հեռարձակել են Միացյալ Նահանգների հեռուստաալիքները:
Ինչպես հայտարարել է Թրամփը, բանակցությունների ընթացքում ճգնաժամից դուրս գալու ելքը կարող է «գտնվել 45 րոպեում»: Խոսելով ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի սահմանին արգելապատի մասին՝ Թրամփը նշել է, որ «այդ արգելափակոցը կենսականորեն կարեւոր է մեր սահմանների անվտանգության համար»: Նախագահն ընդգծել է, որ 2019 թվականին ԱՄՆ-ում թմրադեղերից կմահանան ավելի շատ քաղաքացիներ, քան Վիետնամի ամբողջ պատերազմի ընթացքում: «Թմրանյութերի 90 տոկոսն անցնում է հարավային սահմանով»,- ասել է նա:
Թրամփի խոսքով՝ Միացյալ Նահանգներին պահանջվում է Մեքսիկայի հետ սահմանի նկատմամբ վերահսկողության կտրուկ խստացում:
«Հարգելի համաքաղաքացինե՛ր, այս երեկո ես դիմում եմ ձեզ սրված հումանիտար ճգնաժամի եւ մեր հարավային սահմանի անվտանգության ոլորտում տիրող ճգնաժամի կապակցությամբ: Ամեն օր մաքսային եւ սահմանապահ ծառայությունների աշխատակիցները գործ են ունենում հազարավոր անօրինական միգրանտների հետ, որոնք փորձում են մուտք գործել մեր երկիր: Մենք այլեւս տեղ չունենք նրանց պահելու համար»,- հայտարարել է նախագահը:
Միացյալ Նահանգների նախագահը հավաստել է, որ առաջվա պես խնդրի լուծման բանալի է համարում պաշտպանիչ արգելապատի կառուցումը Մեքսիկայի հետ սահմանին:
«Դա պարզապես խելացի միտք է: Սահմանի պարիսպը շատ արագ կփոխհատուցվի»,- համոզված է Սպիտակ տան ղեկավարը: Ազգին նախագահի դիմումից հետո ելույթ են ունեցել Սենատում դեմոկրատների առաջնորդ Չաք Շումերը եւ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին: Նրանք նախագահին մեղադրել են կառավարության աշխատանքը կասեցնելու մեջ եւ կոչ են արել նրան վերսկսել դրա աշխատանքը՝ ստորագրելով բյուջեն: «Նախագահ Թրամփը պետք է դադարի ամերիկացի ժողովրդին պատանդ պահելուց, պետք է վերջ դնի ճգնաժամին եւ վերականգնի կառավարության աշխատանքը»,- հայտարարել է Փելոսին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: