«Սփյուռքահային Արցախում ծեծելու մասին կեղծ լուր տեղադրած ֆեյսբուքյան էջը հեռացրել է գրառումը. ոմանք ԱՀ-ի շուրջ բացասական ընկալումներ են ձևավորում». Ա. Բեգլարյան
«Սփյուռքահայ համասեռամոլին Արցախում ծեծելու» մասին կեղծ լուր տեղադրած ֆբ էջերից մեկը հեռացրեց իր գրառումը՝ իմ կողմից հերքում տալուց հետո: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:
«Կարծես թե, առաջնային աղբյուր հանդիսացող էջը չի հեռացրել այն, թեև ինձ մոտ չի բացում էջը:
Որոշ կայքեր էլ հեռացրեցին, որոշները թողել են կեղծ լուրը և ավելացրել իմ հերքումը»,-գրել է ՄԻ պաշտպանը: Նա նաև հավելել է, որ պրոֆեսիոնալ ու բարոյական կլիներ, որ տվյալ կեղծ լուրը տեղադրած բոլոր կայքերն այն հեռացնեին իրենց կայքերից ու սոցցանցերի էջերից, ինչպես նաև ֆեյսբուքյան էջերից:
«Տպավորություն ունեմ, որ ոմանք Արցախի շուրջ բացասական ընկալումներ են ձևավորում նպատակային կերպով, և դա արվում է կեղծ էջերի միջոցով: Այնպես որ արժե զգույշ լինել և չհավատալ չստուգված տեղեկություններին»,-եզրափակել է Բեգլարյանը:
Հիշեցնենք, որ համացանցում լուրեր էին տարածվել, թե Արցախում ծեծի են ենթարկել համասեռական ֆրանսահայ Ջեյմ Մարկոսյանին: Ավելի ուշ Արտակ Բեգլարյանը ներկայացրել էր, որ նման բան չի եղել: