Բաժիններ՝

«Ինչո՞ւ ՊՆ-ն ֆինանսավորեց, որ արտասահմանում կրթություն ստանամ, բայց վերջում ընդունման բաժանմունքի պետ նշանակեցին». կապիտանը որոշել է հեռանալ ՀՀ զինված ուժերից

ՀՀ ՊՆ բ/ծ կապիտան Սոս Պետրոսյանը որոշել է հեռանալ ՀՀ զինված ուժերից: Պատճառն այն է, որ լինելով սրտաբան՝ Արցախի սահմանային զորամասի հոսպիտալներից մեկում որպես ընդունման բաժանմունքի պետ է նշանակվել, որտեղ, իր խոսքով, երբեք չի կիրառելու ստացած մասնագիտական հմտությունները:

«Նամակ եմ գրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին՝ պարզելու, թե ինչո՞ւ է ՀՀ Պաշտպանության նախարարությունը 3 տարի շարունակ ֆինանսավորել իմ՝ արտասահմանում կրթություն ու բարձրագույն որակավորում ստանալը, եթե, ի վերջո, նշանակվելու էի հոսպիտալներից մեկում՝ որպես ընդունման բաժանմունքի պետ, որտեղ երբեք չեմ կիրառելու ստացած մասնագիտական հմտությունները: Ընդունարանի պետի ֆունկցիան հիմնականում հիվանդներին ընդունելու խնդիրների կարգավորումն է, ընդհանրապես իմ մասնագիտությանը չի համապատասխանում, այդ պաշտոնում աշխատելու համար ընդհանուր բժշկական գիտելիքները բավարար են»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Սոս Պետրոսյանը:

«Մարդն ուզում է մասնագիտությանը համապատասխան աշխատանք ունենալ: 2015-2018 թթ. ՀՀ ՊՆ պետական ծրագրով Չինաստանի Շանհայ քաղաքի երկրորդ ռազմաբժշկական համալսարանում ստացել է ինվազիվ սրտաբանի որակավորում և այս տարվա հուլիսից գտնվում է Հայաստանում: Նա բարդ վիրահատություն կատարող մասնագետ է, հիմա նշանակել են ընդունարանի պետ: Գոնե որպես սրտաբան ուղարկեին: Հարցն այն է, որ պաշտոնի նշանակելիս՝ կադրային բաժանում իրականացնողները պարտավոր են յուրաքանչյուրին իր մասնագիտական գիտելիքներին համապատասխան պաշտոնի նշանակել:

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35-րդ հոդվածն է այս պարագայում խախտված:

Կարդացեք նաև

Զուտ պետության կամ ՊՆ-ի կադրային քաղաքականության չափորոշիչներն ու սկզբունքներն են մտահոգության տեղիք տալիս: Որպես պետություն՝ ահռելի գումար ենք ծախսում, կադր պատրաստում, հետո նրան ուղարկում իր ստացած գիտելիքներին չհամապատասխանող պաշտոնի: Բերել, նշանակել են՝ որպես ընդունարանի պետ, ում ֆունկցիոնալ պարտականություններն այնքան սահմանափակ են, որ ամենն ուղղակի տարակուսանքի տեղիք է տալիս:

Այս ամենի հետևանքով՝ Սոսը դիմել է ինձ, որպեսզի իրավաբանական խորհրդատվություն տրամադրեմ՝ Զինված ուժերից հեռանալու խնդրով: Ես դիմել եմ Պաշտպանության նախարարին, ներկայացրել եմ խնդիրը, ասել եմ, որ սխալ կադրային քաղաքականություն են իրականացնում, ինչը հարուցել է սպայի դժգոհությունը, ով զեկուցագիր է ներկայացրել Զինված ուժերից արձակվելու, պահեստազորում հաշվառվելու մասին: Սոսի պատճառաբանությունն այն է, որ, եթե ինքը չզբաղվի իր մասնագիտությամբ, ասենք, 3 ամիս՝ կկորցնի մասնագիտական որակները»,- նշեց փաստաբան Նորայր Նորիկյանը:

Հայտնենք, որ Սոս Պետրոսյանը 2005-2011թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետը: 2011-2012թթ. սովորել է նույն բուհի ինտերնատուրայում: Ավարտելուց հետո երեք տարի զինվորական ծառայություն է անցել սահմանային զորամասերից մեկում:

2015-2018 թթ. ՀՀ ՊՆ պետական ծրագրով Չինաստանի Շանհայ քաղաքի երկրորդ ռազմաբժշկական համալսարանում ստանալով ինվազիվ սրտաբանի որակավորում՝ ս.թ. հուլիսից գտնվում է Հայաստանում: Սովորել է գերազանց, իրականացնում է սրտի բարդ վիրահատություններ: Փայլուն պաշտպանել է գիտական թեզ, որտեղ ներկայացված են իրականացրած ավելի քան 1500 վիրահատությունների արդյունքները:

Արտասահմանում կրթություն ստացած ուսանողների հետ 2018 թ. օգոստոսին կայացած հանդիպման ժամանակ ՀՀ Պաշտպանության նախարար Դ. Տոնոյանը, լսելով իրեն և գնահատելով ձեռքբերումները՝ ենթականերին հանձնարարել է հնարավորինս արագ ստեղծել համագործակցության հարթակ և հնարավորություն տալ աշխատել մասնագիտությամբ:

Ամիսներ տևած բանակցություններից հետո, սակայն, դեկտեմբերի 17-ին ստացել է անակնկալ հրաման, ըստ որի՝ իրեն նշանակել են հեռավոր զինվորական հոսպիտալներից մեկում՝ որպես ընդունման բաժանմունքի պետ:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս