«Այս պահին կրթության ոլորտում քաոսային իրավիճակ է». Սերոբ Խաչատրյան
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ այս պահին կրթության ոլորտում քաոսային իրավիճակ է։
«Մեր կրթական համակարգը նմանվել էր սառնարանի սառցամանի, սառած համակարգ էր, շատերի համար՝ անհուսալի, շատ հոռետեսական էին 2018թ. սկզբին բոլորիս տրամադրվածությունները կրթության հարցերում, հիմա հեղափոխության շնորհիվ այդ սառցամանը սառնարանից դուրս եկավ, սառույցը հալչել է, ջուրը հոսում է։ Այս պահին կրթության ոլորտում քաոսային իրավիճակ է, հատկապես, եթե նայենք ուսումնական հաստատությունների ներսում եղած խժդժությունները. մեկը տնօրենին է դատի տալիս, մի տեղ մրցույթի խնդիրն է։ Այսինքն՝ այս պահին իսկապես նախարարության հիմնական խնդիրներից մեկն այն է, որ ուսումնական հաստատություններում ջրերը հոսում են, ու պետք է բերել կառավարման որոշակի կայուն վիճակի»,- ասաց կրթության փորձագետը։
Նրա խոսքով՝ եթե այս իրավիճակը երկար շարունակվի, ապա դժվար է լինելու կառավարել համակարգը. «Իսկ որպեսզի չշարունակվի, պետք է արագորեն ընթացք տալ կրթության զարգացման պետական ծրագրին: Ցավոք սրտի, 2016թ. հունվարի 1-ին օրենքով մենք այդ ծրագիրը պետք է ունենայինք, բայց ուղիղ երեք տարի ծրագիրը չկա, դա ոչ միայն օրենքի խախտում է, այլև շատ ավելի խորը խնդրի մասին է խոսում, որ մեր կրթական համակարգում բացակայում է ռազմավարական մտածողությունը, ռազմավարությունների շուրջ քննարկումներ կազմակերպելը։ Նախորդ կառավարությունը կրթության զարգացման պետական ծրագրի քննարկման երկու տարբերակ փորձեց, բայց ընդհանուր առմամբ ձախողվեց, որովհետև քննարկումների ճիշտ մշակույթ չկար»։
Սերոբ Խաչատրյանի խոսքով՝ միայն կրթության զարգացման պետական ծրագիրը չէ խնդիրը. «Մենք չունենք հանրակրթության պետական չափորոշիչը։ 2016թ. նախագիծը հրապարակվեց, անցել է երեք տարի, հանրակրթության չափորոշիչ չկա։ Մեր հանրապետության կրթության չափորոշիչն ընդունվել է 2004թ., 2011-12թթ. վերանայվել է, 2015թ.՝ նոր հեղափոխական չափորոշիչ գրելու գործընթաց, որն էլի օդում մնաց։ Նույնը՝ Կրթության ազգային ինստիտուտի ճակատագիրը, որը մեկ տարի է՝ կաթվածահար վիճակում է։ Սրանք խնդիրներ են, որոնք շատ վտանգավոր են, մենք այս իրավիճակում պետք է փորձենք այդ ռազմավարական հարցերին լուծում տալ, որպեսզի համակարգն ունենա ինչ-որ տեսլական։ Այսօր երբ խոսում ես կրթության ոլորտի ներկայացուցիչների հետ, ոչ մի համաձայնություն չկա, ամեն մեկը մի ձևով է պատկերացնում։ Սա շատ վտանգավոր է»։
Այս տարվա դրական տեղաշարժերից նա համարեց այն, որ կուսակցականացման հարցը բավականին արմատական լուծում ստացավ, և դպրոցներն ազատվեցին ընտրություններին մասնակցելու բեռից. «Հուսով ենք, որ սա ինստիտուցիոնալ կդառնա։ Հասկանալի է, որ այս ընտրություններին Նիկոլ Փաշինյանը դպրոցներին խառնելու կարիք չուներ, հուսանք, հաջորդ ընտրություններում, երբ ՔՊ ռեյտինգն ավելի ցածր կլինի, քան այսօր է, նույն ձևով իշխանությունը դպրոցներին չի փորձի ներքաշել ընտրությունների գործընթացում։ Սա մեծ ձեռքբերում եմ համարում, որովհետև նախկինում համակարգը մի տեսակ ստրկացված էր և ծառայում էր իշխանությունների վերարտադրությանը»։
Մյուս դրական տեղաշարժը, ըստ նրա՝ կապված է բյուջեի հետ. «Կրթության բյուջեն մեծանում է։ Ուրախալի է, որ նախակրթության ոլորտում արձանագրվում են տեղաշարժեր, ինչ-որ մոդելներ են քննարկվում։ Նախորդ իշխանությունների ժամանակ հիմնականում ավագ դպրոցների մասին էին խոսում, և նախադպրոցական կրթական համակարգը մի տեսակ անտեսված էր։ Բուհերի հետ կապված՝ մի կողմից՝ տեսնում եմ, որ նախարարությունը բավական լավ թեկնածուներ է առաջարկում՝ որպես ռեկտորի պաշտոնակատարներ, բայց մյուս կողմից՝ ես տեսնում եմ, որ խորհուրդներում մարզպետներ կան, օրինակ՝ Ագրարային համալսարանի ռեկտորի ընտրությունն էր, լուսանկարում տեսա, որ Արարատի մարզպետը խորհրդի անդամ է, Շիրակի մազպետն է ՇՊՀ խորհրդի անդամ, ԵՊԲՀ-ում փոխնախարարներ կան առաջադրված։
Ես կուզեի, որ նոր իշխանությունն այս հարցում ավելի արմատական լիներ, և ընդհանրապես ոչ մի մարզպետ չլիներ խորհրդում, փոխնախարարների դեպքում էլ կրթության ոլորտից խնդիր չեմ տեսնում, բայց մյուս ոլորտներից՝ խնդիր է։ Ես կուզեի, որ բուհերի խորհուրդներում լինեին անկախ մարդիկ, կրթության մասնագետներ, իրավաբաններ, ֆինանսիստներ»։