«Սփյուռքահայի հարցերը բազմաթիվ են, ու լսող ականջ է պետք»
Կառավարության կողմից ներկայացված նոր օրենքի նախագծով նախատեսվում է դադարեցնել ՀՀ Սփյուռքի նախարարության գործունեությունը, սակայն աշխատակիցները սա սխալ քայլ են համարում:
Ասում են՝ հաշվի չեն առել սփյուռքի կարծիքը, որի պահանջով էլ ի սկզբանե ստեղծվել է այս նախարարությունը:
«Գոնե օրենքի սահմաններում տեղեկացնեին, որ լուծարվում է նախարարությունը: Այդ մասին տեղեկանում ենք այսօր և պատահական: Շատ ֆինանսական խնդիրներ կան, ու ոչ ոք չի պատրաստվում մեր ձեռքը բռնել ու աջակցել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց աշխատակիցներից մեկը:
«Այս որոշումը հակասում է անգամ նոր կառավարության «Ուժեղ սփյուռք, ուժեղ Հայաստան» կոչին»,- նշեց մյուս աշխատակիցը:
Սփյուռքահայ Պողոս Եղիազարյանն էլ, ով մի քանի տարի է՝ բնակվում է Հայաստանում՝ նկատեց.
«Եթե թերություններ են նկատել նախարարությունում, ապա փակելը ճիշտ որոշում չէ: Դրսում մեծ ալիք կա սպասող. նրանք ուզում են, որ այն չփակվի: Գիտե՞ք՝ միշտ երկու տեսակետ է եղել: Մեկն այն է, թե ինչո՞ւ պետք է ՀՀ-ում գտնվող սփյուռքահայերն ունենան իրենց համար աշխատանքներ տանող ինչ-որ նախարարություն, և դա համարել են պետության համար ավելորդ ու ծախսեր պահանջող, բայց նշեմ, որ դրա կարևորությունն էլ կա. չպետք է միայն հայրենիքում ապրող հայության մասին մտածել, բա դրսում ապրողնե՞րը:
Անուրանալի կլինի, եթե ասենք, որ այս 10 տարիների ընթացքում չենք կարողացել մեր հարցերին լուծում տալ Սփյուռքի նախարարության միջոցով: Ներկայիս նախարարի կատարած աշխատանքը եթե համեմատենք նախորդների հետ, ապա մի փոքր թերի է: Հրանուշ Հակոբյանն իսկապես հարց լուծող մարդ էր: Սփյուռքահայի հարցերը բազմաթիվ են, ու լսող ականջ է պետք: Ես բազմիցս եմ փորձել հանդիպել նոր նախարարին, բայց հանդիպման իմ ցանկությունը որևէ դրական արձագանք չի գտել: Իսկ նախկինում երբեք մերժում չեմ ստացել: Գիտե՞ք, թե որքան բարդ է ապրել Թուրքիայում, պահել լեզուն, դպրոցը, կրոնը: Այս ամենը խայտառակ վիճակում է: Ինչ վերաբերում է եկեղեցուն, ապա այն այսօր ամենավիրավոր կենտրոնն է դարձել: Մենք նախկինում կարողանում էինք այս հարցերով կիսվել Սփյուռքի նախարարի հետ: Կարծում եմ՝ լավ կլիներ, որ մնար կամ ստեղծվեր նորն ու կոչվեր Սփյուռքի պալատ»:
Անի Կարապետյան