«Սա շատ կարևոր ինքնախոստովանություն է քաղաքապետարանի կողմից». Դավիթ Խաժակյան

«Սա շատ կարևոր ինքնախոստովանություն է քաղաքապետարանի կողմից, որովհետև մեր պնդման միտումը հետևյալն է, մենք ասում էինք՝ վերելակների համար նախատեսված էր 108.7 մլն դրամ, հիմնավորեք՝ ինչու եք նվազեցրել, իրենք ասում էին՝ դրա մի մասն անարդյունավետ ծախս էր, մենք բարձրացրել ենք արդյունավետությունը և նվազեցրել այդ ծախսը։ Մենք ասում էինք՝ պահեք նույն բյուջեն, մեծացրեք մասշտաբը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Երևանի ավագանու «Լույս» դաշինքի ղեկավար Դավիթ Խաժակյանը։

Խաժակյանի խոսքով՝ Երևանում կա 4596 վերելակ, որոնց մեծ մասի մաշվածությունը 80 և ավելի տոկոսի է հասնում. «Բայց պատասխանում են, որ ծավալը մնալու է նույնը։ Դա նշանակում է, որ Տարոն Մարգարյանի «մահվան վերելակները», որոնց մասին խոսում էինք նախորդ ընտրություններին, շարունակելու են լինել Երևանում, և այս բյուջեն հնարավորություն չի ընձեռում նույնիսկ դրա ամենափոքր մասը կարգավորել։ Մենք ուսումնասիրել ենք նաև բոլոր այն թվերը, որոնք մտնում են վերելակի վերանորոգման մեջ, և արձանագրում ենք, որ եղածով հնարավոր չէ ամբողջ ծավալի նույնիսկ մինիմալ մասն ապահովել»։

Նա նշեց, որ կանաչ տարածքների հիմնման և պահպանման բյուջեն նախորդ տարվա համեմատ կրճատվել է 576 մլն դրամով. «Կրճատման հիմքը, ըստ քաղաքապետարանի՝ հետևյալն է՝ կա այն համոզմունքը, որ այդ տարածքներն ավելին էին ներկայացված, այսինքն՝ հաշվարկ տեղի չի ունեցել, տեղի է ունեցել համոզմունքի գնահատում, և այդ համոզմունքի հիմքով 576 մլն դրամով կրճատվել է կանաչապատման բյուջեն։ Ես կանաչապատման, վերելակի, տրանսպորտի, շենքերի բարեկարգման ծախսերի կրճատման մասով հարցնում եմ՝ փաստորեն, այսքան ժամանակ քանակական առումով ծառայությունների որակը նորմա՞լ է եղել, պարզապես գումարն է ավելի եղե՞լ։ Այս բյուջեի կրճատումը բազմապատիկ հետընթաց է ապահովելու տվյալ աշխատանքների գործում»։

«Իմ քայլը» դաշինքով ավագանու մանդատ ստացած, ֆինանսական հանձնաժողովի նախագահի տեղակալ Լևոն Հովհաննիսյանն ի պատասխան՝ ասաց, որ քաղաքապետարանի աշխատակազմի աշխատավարձերը շատ ցածր են, այդ թվում՝ քաղաքապետինն ու տեղակալներինը:

Կարդացեք նաև

Նրա խոսքով՝ նման աշխատավարձի պայմաններում դժվար է լավ մասնագետներ գտնել. «Այս ամենն արվում է զարգացման ծրագրերի համար: Ծախսերի նպատակը մեկն է՝ քաղաքապետարանն ուզում է իր միջոցների հաշվին անցկացնել աշխատակազմի վերապատրաստում, այդ թվում՝ անգլերենի և ռուսերենի իմացության բարձրացում և այլ գիտելիքների խորացում»։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս