«Չեմ կարծում, թե 2019թ. Արցախի հարցում լուրջ փոփոխություններ կլինեն». Բորիս Նավասարդյան

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանից այսօրվա ասուլիսին 168.am-ը հետաքրքրվեց, թե ի՞նչ կարծիք ունի Ադրբեջանից հնչող վերջին հայտարարությունների վերաբերյալ, դրանց մեջ ի՞նչ վտանգներ է տեսնում։

«Այդպիսի հայտարարություններ մենք լսել ենք, ինչ-որ տեղ բնական է, Ադրբեջանը պետք է և բավականին ագրեսիվ հայտարարություններ անի, և նաև հակամարտության հաղթահարման համար հույսեր պարունակող հայտարարություններ անի, քանի որ Հայաստանում իշխանություն է փոխվել, բանակցային գործընթացում Ադրբեջանի ղեկավարությունը ստացել է նոր գործընկերներ, և նրանց վրա և հոգեբանական, և քաղաքական ազդեցություն թողնելու իրենց փորձը միանգամայն հասկանալի է»,- ի պատասխան՝ ասաց Բորիս Նավասարդյանը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, թե իր հայ գործընկերոջ հետ առաջին անգամ հասել են ինչ-որ փոխըմբռնման։ Այսօր ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Մամեդյարովի հայտարարությանը, նշելով, որ Միլանում հնարավոր դարձավ համաձայնություն ձեռք բերել հայտարարության տեքստի շուրջ։

Բորիս Նավասարդյանը նկատեց. «Մենք շատ լավ հասկանում ենք, որ Արցախը Հայաստանի համար այն խնդիրն է, որն այդքան էլ կախված չէ, թե ով է իշխանության գլխին Հայաստանում։ Չեմ կարծում, թե ինչ-որ կտրուկ փոփոխություններ Հայաստանի կողմից կարելի է ակնկալել, Հայաստանի ուղերձը շատ պարզ է, որ, ընդհանրապես, մենք որևէ խնդրի լուծման մասին կարող ենք խոսել միայն այն ժամանակ, երբ դրան պատրաստ լինի Ադրբեջանը։

Կարդացեք նաև

Ադրբեջանն ակնհայտորեն դրան պատրաստ չէ, այնպես որ, ես չեմ կարծում, թե 2019թ. Արցախի հարցում լուրջ փոփոխություններ կլինեն։ Ամեն դեպքում, անձերի փոփոխությունը ենթադրում է որոշակի մթնոլորտների տարբերություն, բայց դա պրակտիկ լուծումների համար որևէ մեծ նշանակություն չի կարող ունենալ։ Եթե խոսում ենք կտրուկ փոփոխությունների մասին, դա միայն որևէ պատերազմական նոր զարգացում է, դա միշտ էլ հնարավոր է, և մենք այն իրավիճակում ենք, որ դա երբեք բացառել չի կարելի։ Քաղաքական, խաղաղ ճանապարհով խնդրի լուծման համար ընդհանուր իրավիճակը պատրաստ չէ»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս