«Արցախի ամբողջ կառավարման համակարգը հարմարեցված է Հայաստանի նախկին իշխանություններին». Բորիս Նավասարդյան

«Արցախի Հանրապետության ամբողջ կառավարման համակարգը հարմարեցված է Հայաստանի նախկին իշխանություններին, նախկին իշխանության գլխին գտնվող անձանց, և դա միանգամից չէր կարող փոխվել»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը՝ անդրադառնալով Արցախում տեղի ունեցած վերջին պաշտոնանկություններին։

«Չի կարելի ասել, թե Արցախում մենք ունենք միանշանակ քաղաքացիական իշխանություն և քաղաքացիական կառավարման համակարգ, և, փաստորեն, ռազմական ու քաղաքական մասով այդ իշխանությունը սերտաճած էր ՀՀ նախկին իշխանությունների հետ։ Հարմարեցման, ընդհանուր լեզու գտնելու համար որքան էլ որոշակի քայլեր են կատարվել, և կարծես թե սթափ մոտեցում կա և՛ Երևանի, և՛ Ստեփանակերտի կողմից, համատեղ գործունեությունը դժվար է ստացվում։ Վերջին իրադարձությունները դրա մասին են վկայում»,- ասաց նա։

Նավասարդյանի խոսքով՝ Հայաստանում հանրային և քաղաքական պահանջ կա, որպեսզի Արցախում համապատասխան փոփոխություններ լինեն, Արցախի ղեկավարության կողմից դրսևորվի համապատասխան վարքագիծ.

«Բայց, ամեն դեպքում, նույնիսկ անսալով այդ ոչ պաշտոնական հորդորներին, Արցախի իշխանությունը փորձում է պահպանել այն համակարգը, որն այսօր կա, և այդ տեղափոխությունները խոսում են նրա մասին, որ՝ մի կողմից, այո, հասկանում ենք՝ ինչ են ուզում Երևանից, մյուս կողմից՝ չենք ուզում ամեն ինչ կտրականապես փոխել։ Կարծում եմ՝ այդ իրավիճակը կշարունակվի մինչև 2020թ., այսինքն՝ Բակո Սահակյանի նախագահության ժամկետի ավարտը, եթե որևէ կտրում զարգացումներ չլինեն Հայաստանում, Արցախում և նրանց շուրջ։ Այնպես որ, հեշտ չի լինելու, և այդ հարմարեցման, փոխադարձ ըմբռնման գործընթացը դեռ շատ ջանքեր է պահանջելու։ Մեր կողմից միամտություն կլիներ ակնկալել, որ ամեն ինչ հարթ է անցնելու»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս