ԱՄՆ-ն հավանություն է տվել Թուրքիային PATRIOT-ներ վաճառելու գործարքին

ԱՄՆ-ի պետքարտուղարությունը հավանություն է տվել Թուրքիային հակաօդային պաշտպանության ամերիկյան «Patriot»  համակարգերի վաճառքի վերաբերյալ հնարավոր գործարքին։ Եթե Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև տեղի ունենա նման գործարք, ապա դրա արժեքը կկազմի 3.5 մլրդ դոլար։

Նախատեսվում է Թուրքիային տրամադրել 4 միավոր PATRIOT ՀՕՊ համակարգ, արձակման 20 կայանք և 80 միավոր «MIM-104E» տիպի հակահրթիռ։ Գործարքի շրջանակներում Թուրքիային կտրամադրվի ևս 60 հրթիռ, ռադարներ, ինչպես նաև այլ սարքավորումներ։

ԱՄՆ-ի պետքարտուղարության աշխատակիցներից մեկը, ում անունը չի հրապարակվում, տարածել է գրավոր հաղորդագրություն, որում ասվում է, որ հնարավոր գործարքը համապատասխանում է, թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Թուրքիայի և թե՛ ՆԱՏՕ-ի շահերին։ Ըստ նրա՝ այդ համակարգերով Թուրքիան կչեզոքացնի այն սպառնալիքները, որոնք գալիս են տարածաշրջանից։

Պետքարտուղարությունը  պաշտոնապես իր որոշման մասին իրազեկել է Կոնգրեսին։ Այժմ կոնգրեսը 30 օրվա ընթացքում պետք է ուսումնասիրի գործարքի մանրամասները, որից հետո կորոշվի այն ի կատար է ածվելո՞ւ, թե՞ չեղարկվելու է։

Հիշեցնենք, որ «Patriot» համակարգերը Թուրքիային վաճառելու մասին սկսեցին խոսել այն բանից հետո, երբ Անկարան վերջնական համաձայնության եկավ Ռուսաստանի հետ՝ S-400 զենիթահթրիռային ՀՕՊ համակարգերի շուրջ գնման շուրջ:

ermenihaber.am

Տեսանյութեր

Լրահոս