
«Մանչեսթեր Յունայթեդը» կարող է նշանակել Պոչետինոյին, բայց ստիպված կլինի «Տոտենհեմին» վճարել 37 մլն եվրո

Լուրեր են պտտվում, որ 2019թ. ամռանը մանկունյանցիները պլանավորում են պայմանագիր ստորագրել «Տոտենհեմի» գործող մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի հետ: Այս մասին գրում է The Times-ը: Ընդ որում, «Տոտենհեմի» հետ Պոչետինոյի պայմանագրում հրաժարագնի վերաբերյալ կետ չկա, այդ իսկ պատճառով «Կարմիր սատանաները» պետք է վճարեն «Տոտենհեմին» մնացած 4.5 տարվա համար նախատեսված մարզչի աշխատավարձը, որը կազմում է 37 մլն եվրո:
Մաուրիսիոն արդեն մեկնաբանել է տարածված լուրերը:
«Նախևառաջ, Մոուրինիոյին ամենայն բարիք եմ մաղթում: Ես ցավում եմ, նա իմ լավ ընկերն է: Տխուր լուր էր:
Գրեթե 5 տարի անց (Պոչետինոն 5 տարի գլխավորում է «Տոտենհեմը») բազում շշուկներ են պտտվում իմ և «Տոտենհեմի» շուրջ, և ես չեմ կարող դրանք մեկնաբանել, քանի որ ֆուտբոլի համար դա սովորական բան է:
Ես կենտրոնացած եմ, որպեսզի այս ակումբում իմ աշխատանքն ավելի լավ կատարեմ»,- մեկնաբանել է Պոչետինոն ստեղծված իրավիճակը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը