«Բացարձակ սուտ է». Իվետա Տոնոյանը՝ իրեն աշխատանքից հեռացնելու մասին
Այսօր մամուլում տեղեկություն էր տարածվել, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն աշխատանքից հեռացրել է իր խոսնակին՝ Իվետա Տոնոյանին։ Ըստ լուրի, Ի. Տոնոյանին հեռացրել է նաև «Կենտրոն» հեռուստաընկերությունից.
«Ի սկզբանե Ծառուկյանը որոշել էր անձամբ պատասխանել Էդմոն Մարուքյանի լայվում իր հասցեին հնչած մեղադրանքներին, սակայն նկարահանումները չեն ստացվել, և Ծառուկյանին թվացել է, որ դրա պատասխանատվությունը պետք է բարդել Տոնոյանի վրա: Ի վերջո, որոշվել է ԲՀԿ-ի անունից հայտարարություն տարածել»,- նշված էր հրապարակման մեջ:
168.am-ի հետ զրույցում Իվետա Տոնոյանն անդրադառնալով այդ հրապարակմանը, տեղեկացրեց, որ լուրը չի համապատասխանում իրականությանը, այն, նրա խոսքով՝ «ծայրից ծայր սուտ է», և ինքը շարունակում է աշխատել, ինչպես նախկինում։
«Այդ հրապարակումը որևէ մասով չի համապատասխանում իրականությանը, այսինքն՝ ինձ Գագիկ Ծառուկյանն աշխատանքից չի հեռացրել։ Սա բացարձակ սուտ է՝ լուրը կարող եմ որակել՝ որպես զառանցանքի շարքից։ Սովորաբար նման էժան և ցածրորակ հրապարակումներին չեմ անդրադառնում։ Քանի որ այս դեպքում ինձ համար պարզից էլ պարզ է հոդվածի պատվիրված լինելը, ուստի կարձագանքեմ։
Իհարկե, հասկանում եմ, որ հոդվածի հեղինակը և դրա պատվիրատուն անհավասարակշիռ վիճակում են գտնվել կամ, թերևս, հոգեխանգարմունքի նոպա են ունեցել։ Նաև հասկանում եմ, որ նրանք փորձում են իրենց համար, այսպես ասած, ցանկալին հրամցնել իրականության փոխարեն»,- ասաց Իվետա Տոնոյանը։
Նա նշեց, որ ստիպված է հիասթափեցնել հրապարակման հեղինակին, քանի որ իրենց նախաձեռնության մեջ չեն հաջողելու։
«Եթե ինձ համար տեսանելի որոշ մարդիկ չեն կարողանում որոշակի բաներ մարսել, ապա խորհուրդ կտամ նրանց դիմել բժիշկների օգնությանը, կա՛մ օգտագործել մարսողական դեղամիջոցներ, կա՛մ սառը ջուր խմել, ասում են՝ օգնում է և խիստ առողջարար է»,- եզրափակեց Իվետա Տոնոյանը։
Զվարթ Խաչատրյան