Բաժիններ՝

Բրիտանիայի չորս կուսակցություններ պահանջել են անվստահության քվե հայտնել կառավարությանը

Շոտլանդիայի ազգային կուսակցությունը (ՇԱԿ), «Լիբերալ դեմոկրատները», «Կանաչների» կուսակցությունը եւ Plaid Cymru-Ուելսի կուսակցությունը Միացյալ Թագավորության խորհրդարան պահանջ են ներկայացրել պահպանողականների կառավարությանն անվստահության քվե հայտնելու հարցի շուրջ քվեարկություն անցկացնելու անհրաժեշտության վերաբերյալ: Այդ մասին հայտնել է ՇԱԿ-ը Twitter-ի իր Էջում:

«Մենք հուսով ենք, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը մեր առաջարկությունը քննարկելու ժամանակ կտրամադրի նախքան Սուրբծննդյան արձակուրդի կապակցությամբ խորհրդարանի փակումը»,- ասել է Համայնքների պալատում շոտլանդացի ազգայնականների խմբակցության ղեկավար Իեն Բլեքֆորդը:

Բրիտանական կառավարությունը պարտավոր է իրեն անվստահության քվե հայտնելու հարցի շուրջ Համայնքների պալատում քննարկումներ անցկացնել միայն այդ դեպքում, եթե այդ առաջարկն արվել է պաշտոնական ընդդիմության առաջնորդի կողմից, որը ներկայում Ջերեմի Քորբինն է, ով գլխավորում է Լեյբորիստական կուսակցությունը: Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեկտեմբերի 17-ին չի բավարարել երկրի վարչապետ Թերեզա Մեյին անվստահության քվե հայտնելու Քորբինի պահանջը:

«Մենք չենք պատրաստվում ժամանակ տրամադրել թատերական ներկայացման համար»,- Sky News հեռուստաալիքին հայտարարել են Բրիտանիայի կառավարությունում: Քորբինն ավելի վաղ խորհրդարանում պահանջ էր ներկայացրել Մեյին անվստահության քվե հայտնելու հարցի վերաբերյալ: Նա «անընդունելի» է համարել Brexit-ի պայմանների շուրջը Բրյուսելի հետ ձեռք բերված համաձայնագրի խորհրդարանական քվեարկությունը հաջորդ տարի հետաձգելու՝ նրա որոշումը, որը պետք է կայանար դեկտեմբերի 11-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս