«Փաշինյանը խնդիր ունի Մոսկվային հավաստիացնելու, որ որևէ վեկտորի փոփոխություն չի նախատեսվում». «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ նախօրեին հնչեցրած խնդրահարույց ձևակերպումները Հայաստանում օտարերկրյա զինվորականների ներկայությունը բացառելու համաձայնագրի մասին, այդ ձևակերպումներին ի պատասխան հայաստանյան պաշտոնական և ոչ պաշտոնական արձագանք–պարզաբանումները դարձել են վերջին շրջանում հայ-ռուսական հարաբերություններում նկատվող որոշակի անհանգստացնող միտման հերթական դրսևորում:
Իշխանափոխությունից հետո չնայած Հայաստանը չի փոխել իր արտաքին քաղաքական վեկտորների առաջնահերթությունը, բայց նկատելի է, որ այդ վեկտորներից հիմնականում հայ-ռուսական հարաբերություններում նկատելի են որոշակի զարգացումներ:
Միամտություն է կարծել, որ վեկտոր չփոխելու մասին հայտարարությունը բավարար կլիներ, որպեսզի հայ-ռուսական հարաբերությունները մնային նախկին մակարդակին կամ էլ դուրս գային միանգամից նոր որակական մակարդակ: Պարզից էլ պարզ էր, որ ռուսական կողմը՝ որպես տարածաշրջանային գերտերություն, փորձելու է ճշգրտել Հայաստանում փոփոխված իշխանության վարքագիծը:
Հատկապես, որ ռուսական կողմն ընդհանրապես սկեպտիկ է հեղափոխական գործընթացների հանդեպ, իսկ իշխանության տարբեր շերտերում ներկա որոշ անհատների կենսագրությունը այդ սկեպտիցիզմն ավելի է խորացնում: Մյուս կողմից էլ, հաշվի առնելով նոր կարգավիճակը, Փաշինյանը խնդիր ունի Մոսկվային հավաստիացնելու, որ որևէ վեկտորի փոփոխություն չի նախատեսվում:
Ավելին, ինչպես տեսնում ենք վերջին շրջանում, Հայաստանի նոր իշխանությունները՝ ռուսական կողմի հնարավոր կասկածները փարատելու ձգտմամբ տարված, սկսել են չարաշահել հայ-ռուսական հարաբերությունների ինտենսիվությունը: Ընդհանրապես, տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը սահմանափակվում է ռուսական կողմի հետ հարաբերություններով, լավագույն դեպքում ՀԱՊԿ-ի ու ԵԱՏՄ-ի հետ հարաբերություններով, որոնց առանցքում կրկին Ռուսաստանն է: Գուցե այս տպավորությունը ստեղծվում է վերոնշյալ պատճառներով՝ մի կողմից ռուսական կասկածամտությունը, մյուս կողմից հայկական կողմի՝ այդ կասկածամտությունը փարատելու ջանքերը այնպես են հագեցրել հայ-ռուսական հարաբերությունները, որ որևէ այլ արտաքին քաղաքական օրակարգ տեսանելի չի դառնում:
Այս միակողմանի ինտենսիվությունն, իհարկե, դժվար է մեկնաբանել որպես հստակ պրոռուսական քաղաքականություն: Ավելի շուտ հայաստանյան նոր իշխանությունները դարձել են ռուսական կասկածամտության ու դրա փարատման փակ շղթայի զոհը ու չեն կարողանում դուրս գալ այդ շղթայից:
Ընդ որում, եթե նախորդ իշխանությունները ունեին ալիբիներ, օրինակ, նույն «Ելք» դաշինքի որոշակի հակառուսական դրսևորումների, քաղաքացիական հասարակության որոշակի պրոարևմտյան սեկտորների ակտիվության տեսքով, ու կարողանում էին այդ դրսևորումները դարձնել սակարկման առարկա, ապա այս իշխանությունները չունեն նման սակարկման առարկա: Քաղաքացիական հասարակության քիչ թե շատ տեսանելի դերակատարները ֆորմալ և ոչ ֆորմալ առումով հեղափոխության և իշխանության գործուն մասնիկներ են:
Թե՛ Գյումրիում օրերս տեղի ունեցած աղմկահարույց սպանությանը, որում ներգրավված էր տեղի ռուսական ռազմաբազայի զինծառայող, թե՛ Լավրովի նախօրեի հայտարարությանը քաղաքացիական սեկտորը, որ նախկինում ցանկացած հարց, որ կապված էր ռուսական կողմի հետ, ընդունում էր սվիններով, այժմ արձագանքում է բավական հպանցիկ:
Բնականաբար, նրանք մի քանի ամսում չեն դարձել պրոռուսական ու շարունակում են ֆինանսավորվել արևմտյան աղբյուրներից: Բայց հեղափոխության և իշխանության մաս կազմելը նրանց դնում է այնպիսի վիճակի մեջ, երբ նրանք չեն կարող իշխանության պաշտոնական հռետորաբանությունից խիստ տարբերվող հռետորաբանությամբ հանդես գալ:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: