
Հանձնե՛լ ծառայողական մեքենաները. հրահանգ ԱԺ-ում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` նախօրեին ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի անունից ԱԺ խմբակցությունների ղեկավարերին ու մշտական հանձնաժողովների նախագահներին հրահանգվել է հանձնել ծառայողական ավտոմեքենաները:
«Եվ սա այն դեպքում, որ մինչ նոր խորհրդարանի անդրանիկ նիստը իրավունքի ուժով արձակված այդ խորհրդարանի անդամները դեռ համարվում են պատգամավոր եւ պետք է օգտվեն իրենց իրավունքներից:
Մեզ հայտնի դարձավ, որ մի մասին ուղղակի ասվել է հանձնել մեքենաները, մի մասին էլ ասվել է, որ տեխզննում անցնելու համար մի քանի օրով դրանք պետք է թողնել ավտոտնակում:
Բաբլոյանի անունից իջեցված հրահանգը դժգոհությունների առիթ է հանդիսացել:
Մեկնաբանության համար «Ժողովուրդ» թերթը դիմեց ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանին, որն էլ նշեց. «ԱԺ նախագահը չի զբաղվում այդպիսի հարցերով։ Իսկ մեքենաները կհանձնեն լիազորությունների ավարտից ողջամիտ ժամանակ առաջ»:
Դիտարկմանը` ի վերջո, նման հրահանգ եղե՞լ է, թե՞ ոչ, եւ արդյոք վերադարձրե՞լ են, նա նշեց. «Հրահանգ չի եղել, մենք պատրաստվել ենք, որ հանձնողներից կարողանանք ստանալ: Այսինքն` գարաժն արդեն պատրաստ է, որ մեքենաներն ի պահ հանձնվի եւ կայանվի ավտոտնակում»»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: