«Նիկոլ, չե՞ս զգում, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը քայլ առ քայլ մոտեցրել ես քաղաքական բանկրոտի նախաշեմին…»

Նվաստացուցիչ է, երբ ՀԱՊԿ-ի անդամ պետություններից մեկի ղեկավարը քաղաքական հրապարակային ապտակ է հասցնում քո պետության ղեկավարին` հայհոյանքախառն և բարձր տոնայնությամբ բացատրելով գործընկերային հարաբերություններում քաղաքական և բարոյական այբբենական ճշմարտություններ: Ու պարզվում է, որ ասֆալտին փռելու, պատեպատ տալու`թաղի լաչառին հատուկ հոխորտացողներ կան նաև ՀԱՊԿ-ի այլ տարածքներում: Այս դեպքում էլ, ցավոք, այդ հոխորտանքը քո պետության առաջին դեմքի անհավասարակշիռ և հիստերիկ պահվածքի պատճառով տարածվունմ է նաև Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիների վրա:

Մտահոգիչ է, երբ այդ ապտակին միանում են նույն այդ կառույցին մաս կազմող մյուս գործընկերները` նույնիսկ խուսափելով կատարել դիվանագիտական արարողակարգով նախատեսված նվազագույնը` միասնաբար չշնորհավորել համապետական ընտրություններում քո պետության ղեկավարի կուսակցության արձանագրած բացարձակ արդյունքը:

Անմեղսունակություն է, երբ քո բացառիկ տգիտության պատճառով, ներքաղաքական ինչ-ինչ խնդիրներ լուծելու նպատակով միջազգային հարթակներում վարկաբեկում ես քո իսկ մասնակցությամբ ձևավորած անվտանգության համակարգը` ՀԱՊԿ-ը, այնուհետ, որպես ինքնաարդարացում, երեսպաշտորեն չքմեղանանում, թե բա` դա տաս, նույնիսկ` հիսուներորդական հարց է:

Արարողակարգային չտեսություն է, երբ ՌԴ նախագահի հետ յուրաքանչյուր հանդիպումից հետո հայտարարում ես, որ ինքդ ու Վ.Պուտինը անձնական ջերմ ու ռազմավարական գործընկերներ եք, բայց Պուտինն իր աղմկոտ լռությամբ սաստում է քեզ` «тамбовский волк тебе товарищ»:

Հավկուրություն է, երբ չես ուզում տեսնել, թե վերջին յոթ-ութ ամիսների ընթացքում ռուս-ադրբեջանական հարաբերություններն ինչ արագությամբ են զարգանում` այս ընթացքում կնքելով 15 միջպետական և միջկառավարական պայմանագրեր, որոնք ընդգրկում են տվյալ պետությունների կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտները: Եվ, որ ռազմավարական բացառիկ նշանակության կարևորագույն փաստաթուղթ է`Կասպից ծովի կարգավիճակի մասին վերջերս կնքված համաձայնագիրը, որին 25 տարի շարունակ ընդդիմանում էր ադրբեջանական կողմը, բայց… Հասկացել ե՞նք ադրբեջանական կողմից գնի ակնկալիքը…

Դիվանագիտական հո´ւ-հո´ւ դը´մփ է, երբ Բոլթոնի հետ հանդիպումից հետո հասարակությանը վախվորած փոխանցում ես նրա հորդոր-առաջադրանքը` Իրանի հետ սահմանը դե-ֆակտո փակելու և ԱԺ արտահերթ ընտրություններից հետո Արցախի հիմնախնդրի հարցում «կառուցողական» լինելու մասին, ինչին հետևում է եռակողմ` Թուքիա-Ադրբեջան-Իրան համաձայնագրի ստորագրումը, որի առանցքային կետերից մեկը հիշյալ պետությունների ինքնուրույնության ու տարածքային ամբողջականության ճանաչելն ու հարգելն է: Նման փաստաթղթի ստորագրմանը, ի դեպ, տարիներ շարունակ ձգտում էին Թուրքիան և Ադրբեջանը:

Գավառական երեսպաշտություն է, երբ իլուր համայն հայության և աշխարհի հայտարարում ես, որ Արցախն ինքնաբավ և անկախ միավոր է և Հայաստանը չի միջամտում նրա ներքին գործերին, բայց ինքդ պաշտոնից հեռացնում ես ժողովրդի կողմից և բանակում բացարձակ հարգանք վայելող Արցախի բանակի հրամանատարին` միայն այն բանի համար, որ նրա խոսնակը հանդնգնել է ո´չ ասել քո թիմի անդամի կողմից բարձրաձայնած հիմարությանը, թե` այս «հեղափոխությունը» շատ ավելի կարևոր էր մեր ազգի համար, քան արցախյան ազատամարտ: (Տե´ս ադրբեջանական ԶԼՄ-ների խրախճանքներն այս թեմաներով):

Կրկնակի հավկուրություն է, երբ ջայլամին բնորոշ դիրք ընդունելով, չես ուզում տեսնել արտաքին աշխարհից Հայաստանի` գործնականում բացահայտ մեկուսացումը, ինչին հասանք իշխանությունների արտաքին քաղաքականության հայեցակարգի իսպառ բացակայության և քո հերոստրատիության պատճառով:

Եվ, վերջապես, Նիկոլ, չես զգում, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը քայլ առ քայլ մոտեցրել ես քաղաքական բանկրոտի նախաշեմին…

Ռուբեն Հակոբյան
ԱԺ նախկին պատգամավոր

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31