Բաժիններ՝

Մասիսում բուսական յուղերի գործարան կկառուցվի

Մասիսում բուսական յուղերի գործարան կկառուցվի: Եվ գործարանի հիմնական արտադրատեսակը կլինի քունջութի յուղը, որի արտահանման պայմանավորվածությունները արաբական շուկայի գործընկերների հետ արդեն կան: Մենք, իհարկե, այս ծրագրի հետ կապված մանրամասներին դեռ կանդրադառնանք: Իսկ այժմ կխոսենք այս մշակաբույսի՝ Հայաստանի համար իբրեւ հեռանկարային դիտարկելու պատճառների մասին (այս շարքում կտավատի թեման ներկայացրել ենք):

Կտավատն էլ, քունջութն էլ մշակաբույսեր են, որոնք Հայաստանի համար նորություն չեն: Դրանց մասին տեղեկություններ կան: Պարզապես պատմական մի ժամանակաշրջանում չմշակվելով (արդյունաբերական ծավալներով նաեւ), կարծես մոռացության են մատնվել: Բայց միջազգային ագրարային գործընթացները մեզ հուշում են, որ մոռացված հինը լավ էլ կարող է նորություն լինել եւ մեր մշակին եկամուտ բերել՝ դրական բոլոր հետեւանքներով հանդերձ:

Ուշագրավ է, որ քունջութի մասին գրավոր աղբյուրներ փնտրելիս նկատեցի (ի դեպ, այդպես էր նաեւ կտավատի պարագայում), որ այն գրեթե մշտապես համատեղ նշվում է բամբակի եւ չալթուկի ու վուշի հետ: Երբ շենգավիթյան պեղումները հայտնաբերեցին նախաուրարտական եւ ավելի վաղ երկրամշակութային-հնագիտական շերտեր, պարզ դարձավ, որ Ուրարտուում արհեստներն ու արվեստները, գյուղատնտեսությունն ու անասնապահությունը զարգացած են եղել: Այստեղ գարեջուր եւ ժամանակի աշխարհում պահանջարկ վայելող քունջութի յուղ են պատրաստել:

Բայց արդի աշխարհում քունջութի հայրենիքը մեկ Աֆրիկայի, մեկ Հնդկաստանի տարածքն է համարվում… Ինչեւէ, քունջութի սերմերից դեղամիջոցներ ունենալը հստակ փաստի մասին է խոսում՝ դրա երկարատեւ կիրառման, արդյունավետ մշակման, օգտակար հատկությունների իմացության եւն:

Հետաքրքիր տեղեկություններ կան Արմավիրի քունջութի յուղի որակի մասին: Չեմ հիշում, որտեղ եմ կարդացել, բայց ասվում էր, որ ցարական Ռուսաստանից Լոնդոն ցուցահանդես մեկնած Նիկոլայ Երկրորդի գլխավորած պատվիրակության կազմում է եղել արմավիրցի մեծահարուստ Գ. Տեր-Հարությունյանը: Եվ նա իր հետ տարել էր ոչ միայն քունջութի յուղը, այլեւ Արմավիրի բամբակը:

Էջմիածնի վանական տնտեսությունում քունջութի մշակման մասին են խոսում վանքի 1739-1759 թթ. ելից-մտից մատյանները (Հ. Վ. Թորոսյան): Նշվում է, որ էջմիածնի վանական տնտեսությունում երկրագործական մշակությունների մեջ մեծ տեղ էր հատկացված նաեւ տեխնիկական կուլտուրաներին: Վանքի մատյաններում, օրինակ, որպես գարնանային ցանք թվարկվում են բամբակը եւ քունջութը, չնայած չի նշված այդ կուլտուրաների զբաղեցրած տարածության չափը: Ուսումնասիրողն ասում է նաեւ, որ այդ մատյաններում թեեւ համեմատաբար սուղ են տեղեկությունները քունջութի մշակության մասին, սակայն վանքի ձիթհանների մասին Սիմեոն Երեւանցու հայտնած վկայությունները հավաստում են տեխնիկական այդ կուլտուրայի տարածվածության մասին:

Ըստ Ի. Շոպենի, վանքի հողատարածություններում իբրեւ գարնանային ցանք քունջութը զբաղեցրել է 4,5 խալվար ցանովի տարածություն, որից ստացվել է մոտ 1500 փութ բերք:

Արեւելյան Հայաստանում, նախասովետական շրջանում, բավականին զարգացած է եղել բուսական յուղերի արտադրությունը: Նույնիսկ արտահանումն է բավական հաջող արվել: Քունջութ ցանում էին Նախիջեւանի, Երեւանի, Էջմիածնի, Սուրմալուի, Շարուրի եւ այլ գավառների հարթավայրային տաք շրջաններում: 1870-ական թվականներին միայն Երեւանի եւ Էջմիածնի գավառները տարեկան տալիս էին ավելի քան 100 հազար փութ քունջութի սերմնահատիկ (տվյալը «Բուսական յուղերի արտադրությունը Արեւելյան Հայաստանում»-ից է, 19-րդ դար, երկրորդ կես, Գոհար Առաքելյան):

3-4 օրվա ընթացքում մշակվում էր 1 խալվար (30 փութ) քունջութ (30-50 ռուբլի արժողությամբ), որից ստացվում էր 6-7.5 փութ յուղ:

Պարզվում է՝ ձիթհանի տերն էլ տարբեր ձեւերով էր աշխատում. մի դեպքում շահավետ գներով հումքը գնում էր գյուղացիներից՝ արտադրանքը վաճառելով շուկայում, իսկ մյուս դեպքում մշակում էր գյուղացու սերմ-հումքը եւ որպես վարձատրություն վերցնում էր ստացված արդյունքի կամ դրա արժեքի որոշ մասը:

Ձեռնարկատերը 1 փութ քունջութի յուղի դիմաց վերցնում էր 1 ռուբլի 50 կոպեկ վարձք: Սա ավելին էր, քան կտավատի յուղի դեպքում՝ 1 ռուբլի:

Այս, այսպես ասենք, ձեռագործ արտադրությունների կողքին 1880-1890-ականներին ի հայտ եկան նոր սարքավորումներ ու արտադրության առաջավոր եղանակներ կիրառող ձիթհաններ: Խոսքն, օրինակ, շոգեշարժ սարքերի մասին է: Նույն աղբյուրի համաձայն՝ 1883թ. Էջմիածնի գավառի Վաղարշապատ գյուղում տեխնիկ Լ. Խանաղովի ջանքերով ու միջոցներով գործարկվեց շոգեշարժ յուղհանքը, որն առաջինն էր Երեւանի նահանգում:

Մի տվյալ էլ է մեջբերվում՝ պատկերացում տալու համար ձեռագործ ու շոգեշարժ արտադրությունների տարբերության մասին: Եթե առաջինում մի ճող սերմնահատիկը մշակվում էր 3 օրվա ընթացքում, ապա երկրորդում՝ ընդամենը 4 ժամում:

Լ. Խանաղովի ձեռնարկությունում թեեւ տարբեր բուսական սերմնահատիկներ էին մշակվում, բայց արտադրության առանցքը քունջութն էր ու վուշը: Մեկ այլ տվյալ էլ կա. «Եթե տեղական հին միջոցներով, օրինակ, քունջութի 100 ֆունտ սերմից քամվում էր 33 ֆունտ բուսական յուղ, ապա Խանաղովի շոգեշարժ ձիթհանքը նույնքան սերմից ստանում էր 42 ֆունտ, այն էլ բարձր որակի»:

1870-ականներին միայն Երեւանի ու Էջմիածնի գավառները տալիս էին տարեկան 100 հազար փութ քունջութի սերմ: Բայց հետո անկում եղավ: Ամբողջ նահանգն էր տալիս 27330 փութ, իսկ 1990թ. արդեն՝ ընդամենը 8227 փութ: Բայց նույն աղբյուրում ասվում է նաեւ, որ սա մասամբ պետք է բացատրել նաեւ անբերրիությամբ:

Ի տարբերություն քունջութի, կտավատի յուղատեսակների արտադրությունն ավելի երկար տեւեց, «քանի որ կտավատի յուղը համեմատաբար քիչ էր արտահանվում եւ կենտրոնացված էր երկրի լեռնային շրջաններում, որոնք առավելապես մեկուսացված էին արտաքին շուկաներից»:

Հետո Արեւելյան Հայաստանում սկսվեց սովետական շրջանը եւ… կուլակաթափության քաղաքականությունը շատ բան փոխեց գյուղոլորտում. ձիթհանների տերերը այլեւս հարուստներ էին: Ձիթհանները դատարկվեցին…

Հիմա՝ Հայաստանում «կնճութ», «կնջիթ» եւ «կանճութ» անուններով հայտնի քունջութի մշակման վերսկսում պե՞տք է արդյոք եւ եթե այո, ապա ինչու՞: Ի՞նչ վիճակ է հիմա, ի՞նչ հեռանկարներ կան եւ ի՞նչ կտա նյութի սկզբում ասված գործարանի կառուցումը:

Հայաստանում «կնճութ», «կնջիթ» եւ «կանճութ» անուններով հայտնի այս բույսը այլ կերպ սեզամ է անվանվում (sesame): Քունջութի սերմերը պարունակում են 50–65 տոկոս յուղ, մինչեւ 24 տոկոս սպիտակուցներ, իսկ միայն քուսպը՝ համապատասխանաբար 10 տոկոս յուղ եւ 40 տոկոս սպիտակուց: Այսինքն՝ քուսպը նաեւ արժեքավոր կեր է: Քունջութը հրաշալի հատկություն ունի՝ դիմակայում է ուլտրամանուշակագույն ճառագայթներին: Դրա համար էլ այն նաեւ կոսմետիկ նպատակներով է գործածվում:

Այս բույսի փոքրիկ սերմերում վիտամինների ու օգտակար նյութերի մի ամբողջ հարստություն կա թաքնված: Գուցե դրա համար է անունը սեզամ: Այստեղ կարելի է գտնել եւ՛ սպիտակուց ու՛ ածխաջուր, եւ հանքային աղեր, A, C, E ու նույնիսկ B խմբի վիտամիններ, մագնիում, ցինկ, ֆոսֆոր, յուղեր: Կալցիումի մասին էլ չենք խոսում. 100 գրամ քունջութում 783 մգ կալցիում կա:

Սա մարդու կալցիումի օրվա պահանջին հավասար թիվ է: Քունջութի հաճախակի օգտագործումը կանխում է աթերոսկլերոզի առաջացումը, իջեցնում է վատ խոլեստերինի մակարդակը արյան մեջ, կանխարգելում է հիպերտոնիան, հոդային, լյարդի հիվանդությունները: Հրաշալի հակաօքսիդանտ է, հակաթոքաբորբային միջոց:

Զգուշացնենք նաեւ, որ չափավոր պետք է ուտել, քանզի հակացուցումներ էլ կան: Օրինակ՝ ստամոքսահյութի բարձր թթվայնություն, միզուղիներում, երիկամներում քար ունեցողները քունջութը չպետք է չարաշահեն:

Քունջութից պատրաստում են համեմունքներ, ձեք եւ դեղորայք: Ուշագրավ է, որ քունջութի յուղը մինչեւ 9 տարի պահպանում է օգտակար հատկությունները:
Այնպես որ, այս բուսատեսակի մշակումը նաեւ եկամուտ է ենթադրում:

Վերավաճառողներից մեկից օրերս քունջութ գնեցի, ասաց՝ տեղական է: Ասում եմ, որտեղ է մշակվում, պատասխանում է՝ մեր սարի դոշին: Հետո անցնում է իր արագ առեւտրին ու իմ հարցերին պատասխանելու ժամանակ էլ չունի: Սուպերմարկետներում հարցնում եմ, ասում են՝ ներկրված է, տեղական չկա: Փորձեցի մեր գյուղատնտեսության նախարարությունից տվյալներ ճշտել՝ Հայաստանում մշակվու՞մ է քունջութ եւ ի՞նչ ծավալով:

Գյուղատնտեսության համապատասխան բաժինը տվյալներ չուներ, բայց խոստացավ մարզպետարան առ մարզպետարան զանգահարել՝ գուցե նորություն կա, մշակել են սկսել: Պարզվեց՝ մարզպետարաններն էլ ֆիքսված ոչինչ չունեն: Եթե ինչ-որ մեկը մշակում էլ է, երեւի փոքրիկ հողատարածքում, իր տան կարիքների համար:

Ընդհանրապես քունջութ այսօր շատ երկրներ են մշակում, բայց արտադրության առաջատարը Հնդկաստանն է: Այս երկիրն է մշակում եւ արտադրում քունջութի միջազգային պահանջարկի մեկ երրորդը (2015թ. տվյալ): Հիմա, սակայն, Չինաստանը լուրջ մրցակից է դարձել՝ քունջութն ավելի շատ երկրներ արտահանելով (2016թ. տվյալ):

Իսկ ինչո՞ւ մենք չունենանք: Մանավանդ՝ մեզ անծանոթ չէ այս բույսը: Ավելին՝ մենք 19-րդ դարակեսին ինքներս ենք արտահանող եղել…

Պստիկով՝ դեպի մեծ երազանք
Գանք մեր ասած գործարանին:

Արարատի մարզի Մասիս քաղաքում բուսական յուղերի գործարան է հիմնվում: Եվ այս գործարանի հիմնական արտադրատեսակը թունջութի յուղն է լինելու: նոր արտադրությունը հիմնադրվում է Բիզնես Արմենիայի աջակցությամբ (Հայաստանի զարգացման հիմնադրամն այսուհետ այսպես է կոչվում): Ներդրողը «Ղալբուրջյան գրուպ» ընկերությունն է: Առաջին փուլում կներդրվի 500 հազար դոլար: Ընկերության հիմնադիր Զոհրաբ Ղալբուրջյանն ասում է՝ «զավակները հոս տեղ կապելու համար փիզնես մի մտածեցինք»:

Սկզբնական շրջանում բիզնեսն այնքան էլ առաջնային չէր, բայց գաղափարը լավն էր, ու Բիզնես Արմենիան արագ արձագանքեց՝ աջակցելով ընկերությանը գրանցման, հողի, հումքի ձեռքբերման, բիզնես պլանի մշակման, պետական աջակցությունից օգտվելու եւ այլ հարցերում:

Ի դեպ, գործարանը, որ մոտ 6 հազար քմ տարածք է զբաղեցնելու, սկզբում 40 աշխատատեղ կստեղծի: Քունջութը, հասկանալի է, այդ փուլում կներկրվի: Երկրորդ փուլում ընկերությունն ինքը կփորձի ամեն ինչ անել քունջութի տեղական ատադրություն ունենալու համար: Այլ կերպ՝ քունջութի աճեցման գործում կներգրավի գյուղացիական տնտեսություններին:

Բիզնես Արմենիայի Գործարարների աջակցության խմբի ղեկավար Հայկ Միրզոյանը լավատեսական փաստեր է մեջբրում. գործարանն իր հիմնական արտադրատեսակի՝ քունջութի յուղի արտահանման խնդիր չի ունենա, քանզի արաբական շուկայի գործընկերների հետ արտահանման պայմանավորվածություններ կան:

Սա, ի դեպ, ձեռնտու ձեռներեցություն է: Բանն այն է, որ վերջին տարիներին միջազգային շուկայում բուսական յուղերի սպառման աճի կայուն միտումներ են արձանագրվել։ Բիզնես Արմենիան, հաշվի առնելով պահանջարկը, նշում է, որ հայկական այդ արտադրանքի թիրախային շուկաներ կլինեն ԵՏՄ, Մերձավոր Արեւելքի, ԵՄ որոշ երկրներ, Կանադան եւ այլն:

Այս ներդրումային ծրագրի մի փուլ էլ կա. ըստ Բիզնես Արմենիայի հանրային կապերի թիմի, մեքենասարքավորումների գործարան կհիմնվի, որը շուկային կմատակարարի հոսքագծեր, տարաներ, չժանգոտվող մետաղից հաստոցներ՝ սննդի, գինու, հանքային ջրերի եւ այլ արտադրություններում կիրառման համար։

Զոհրաբ Ղալբուրջյանը նպատակ ունի. թոռներին Հայաստանում ապրելիս տեսնել: Կգա՞ն:

«Որ տեսնեն, որ այստեղ կարող են լավ կյանք ու ապրուստ գտնել, կգան»,- անկեղծանում է «Ղալբուրջյան Գրուպ» ընկերության հիմնադիրը:

Նա ասում է՝ փոքրից ենք սկսում, որ մեծանանք: Իսկ ինչո՞ւ փոքրից: «Որովհետեւ մեծ երազներով կսկսիս, եթե չհաջողիս, անոր պարագային կփլուզիս: Անոր համար պզտիկով, քիչով կսկսինք, շատ արագ ձեւով կրնանք մեծնալ»:
Բիզնես Արմենիայի համար կարեւոր է, որ աշխատատեղերը Երեւանից դուրս են ստեղծվում:

Մեզ համար կարեւոր է նաեւ, որ սփյուռքահայերի սերունդները՝ 2 հոգի, 3, 10, 20 հայրենիք վերադարձի հնարավորություն են ունենում: Սա էլ մեր երազանքն է՝ թեկուզ պստիկ քայլերով, բայց մեր մեծ նպատակներին հասնելու…

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս