Բաժիններ՝

Չսովորելը վտանգում է Հայաստանի տնտեսության ապագան

Քաղաքական թոհուբոհի մեջ անուշադրության մատնվեց ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի այն հայտարարությունը, որ դպրոցներում անցկացված արտաքին գնահատման արդյունքում աշակերտների 30-40 տոկոսն «անբավարար» է ստացել։

Ընդ որում, արտաքին գնահատման ժամանակ ցուցաբերվել է մեղմ մոտեցում։ Այսինքն՝ եթե խիստ մոտեցում ցուցաբերվեր, ապա հնարավոր է՝ «անբավարար» ստացողների թիվը գերազանցեր 50 տոկոսը։ Այս ցուցանիշը վկայում է այն մասին, որ վտանգած է ոչ միայն մեր տնտեսության ներկան, այլև ապագան։

Դժվար է պատկերացնել, թե ինչպես է զարգանալու երկրի տնտեսությունը, երբ աշակերտների գրեթե կեսը բավարար գրագիտություն չունի։ Ընդ որում, այսօրվա աշակերտներին ապագայում շատ ավելի լուրջ մարտահրավերներ են սպասվում, քան նախկին սերունդներին։

Խնդիրն այն է, որ արդեն սկսվել է որոշ աշխատանքների ավտոմատացման գործընթացը։ Նվազում է մեխանիկական աշխատանքների թիվը, և ավելանում է բարձրակարգ հմտություններ պահանջող աշխատանքների թիվը։ Երբ ստեղծվեց ավտոմեքենան, որոշ կառապաններ քարերով ջարդում էին մեքենաները՝ մտածելով, որ մնալու են առանց աշխատանքի։ Բայց որոշ ժամանակ անց հասկացան, որ կարող են աշխատել որպես մեքենայի վարորդ՝ ունենալով համարժեք հմտություններ։ Երբ ավարտվեց արդյունաբերական դարաշրջանը, գործարանների աշխատատեղերի թիվը նվազեց։ Մարդիկ կարողացան աշխատանքի տեղափոխվել ծառայությունների և սպասարկման ոլորտ՝ ունենալով նույն հմտությունները։

Կարդացեք նաև

Այսօր հատկապես սպասարկման և ծառայությունների ոլորտում սկսվել է աշխատանքների ավտոմատացումը։ Բայց խնդիրն այն է, որ նոր աշխատանքներն արդեն պահանջում են բարձրակարգ հմտություններ։ Այլևս անընդունելի են այն պնդումները, որ պարտադիր չէ, որ երեխան լավ սովորի, քանի որ կարող է վարորդ դառնալ, բանվոր դառնալ, վաճառող դառնալ։ Նմանատիպ աշխատանքներն ապագայում կատարելու են ռոբոտները։

Ինչպես ասում է մեր օրերի հայտնի բեսթսելլերների հեղինակ, պատմաբան Յուվալ Հարարին, մարդկանց մի զգալի հատվածին այսօր սպառնում է ոչ այնքան աղքատությունը, որքան անպետքությունը։ Այն երեխաները, ովքեր այսօր չեն կարողանում դրական թվանշան ստանալ, լուրջ բեռ են դառնալու Հայաստանի ապագա տնտեսության համար։ Հետևաբար, հենց այսօր պետք է մտածենք այս երեխաների մասին։ Ի՞նչ կարող ենք անել։

Նախ՝ պետք է զարգացնել վաղ մանկության կրթությունը։ Վաղ տարիքում շատ մեծ են երեխայի վրա ազդելու հնարավորությունները։ 7-8-րդ դասարանում շատ դժվար է երեխայի կրթական մակարդակը բարձրացնելը, եթե նա չունի բազային գիտելիքներ և հմտություններ։ Հայաստանի ապագա կառավարությունն ամեն ինչ պետք է անի նախադպրոցական կրթությունը որակապես այլ մակարդակի հասցնելու համար։

Անհրաժեշտ է երեխաների հետ խոսել ապագա զարգացումների մասին։
Տարված լինելով համակարգչային խաղերով, սերիալներով, սոցիալական ցանցերով՝ երեխաները չեն պատկերացնում ապագայի մարտահրավերները։ Նրանց թվում է, որ կարող են իրենց ծնողների նման խոպանչի դառնալ, վարորդ աշխատել, վաճառող աշխատել։ Նրանց պետք է ասել, որ ապագայում կտրուկ նվազելու են ցածր որակավորում պահանջող աշխատանքները։ Դասի չգնալը, չսովորելը, բուհական ուսման տարիներն անիմաստ վատնելը բումերանգի նման հետ են խփելու։ Հետևաբար՝ ճանապարհը սովորելն է, գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերելը։

Այս համատեքստում արմատապես պետք է վերանայվեն մեր կրթական ծրագրերը։ Երեխաների չսովորելու պատճառներից մեկն էլ ծրագրերի, ուսումնական նյութի որակն է։ Այսօրվա երեխաներին գրավում են հետաքրքրաշարժ, ներգրավող, ակտիվ գործողություններ պահանջող նյութերը։ Հայաստանում հրատապ անհրաժեշտ է համախմբել այն մարդկանց, ովքեր կարող են հետաքրքիր ուսումնական նյութեր ստեղծել։ Պետք չէ գումար խնայել այս աշխատանքի համար։

Լավ կլիներ, եթե առաջիկա տարիներին «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաքները նվիրված լինեին ուսումնական նոր նյութերի ստեղծման աշխատանքներին։ Պարզապես ծրագրեր վերանայելը, դասագրքեր վերահրատարակելը չեն կարող իրավիճակ փոխել այս ոլորտում։ Անհրաժեշտ են լուրջ ներդրումներ և մարդկային ներուժի համախմբում։

Շատ կարևոր է նաև երկրում կրթական միջավայրի ստեղծումը։ Մեզ պետք են ղեկավարներ, ովքեր գրքեր են կարդում, նախաձեռնում ու մասնակցում են գրքերի քննարկումների։ Փողոցներում պետք է լինեն կրթական բովանդակություն պարունակող բազմաթիվ նյութեր։ Տարբեր ոլորտներում աշխատող մասնագետները պետք է տարին մի քանի անգամ այցելեն դպրոցներ, զրուցեն աշակերտների հետ։ Երկիրը պետք է ապրի կրթությունով, ամեն օր բոլոր քաղաքներում, նաև հնարավորության դեպքում՝ գյուղերում, պետք է լինեն ուսուցողական միջոցառումներ, որոնց պետք է մասնակցեն մեծ թվով երեխաներ ու մեծեր։ Կրթությունը չպետք է սահմանափակվի դպրոցներում ու համալսարաններում։ Քաղաքները պետք է դառնան սովորող միջավայրեր։ Այս ամենի մեջ պետք է ներգրավվեն մեծերն ու փոքրերը։

Եթե այս ամենը չարվի, մենք անընդհատ ունենալու ենք վատ տնտեսություն։ Քանի որ Հայաստանում չկան ֆինանսական մեծ ռեսուրսներ կրթության համար, ապա լավագույն լուծումը մարդկանց համախմբումն է կրթության շուրջ, կիրթ մարդկանց դերի մեծացումը, առօրյայում սովորելու դերի մեծացումը։ Մի խոսքով, պետք է փոխենք մեր ապրելակերպը՝ այն դարձնելով ավելի կրթական։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս