Բաժիններ՝

«Սա իսկապես աբսուրդ իրավիճակ է». Նիկոլ Փաշինյան

«Տնտեսության համար կարևորն օրինականությունն է, օրենքի առաջ բոլորի հավասարաությունն է, արդարության միջավայրի ձևավորումն է»,- այսօր «Հայաստանի տնտեսության զարգացման արդի հիմնախնդիրները և ռազմավարական ուղղությունները» խորագրով խորհրդաժողովի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Պետական կառավարման համակարգը, ըստ նրա՝ ծայրահեղ անարդյունավետ է. «Դա ձևակերպել ենք՝ որպես քաղական խնդիր, որին 2019թ. անդրադառնալու ենք»։

Փաշինյանի կարծիքով՝ եթե իշխանությունը բոլոր լծակներն ու բոլոր հարցերի լուծումը վերցնում է իր ձեռքը, բնականաբար, ամեն չարածի համար պատասխանատուն ինքն է.

«Ես մի քանի անգամ ասել եմ, որ մարդիկ իրենց բաժնեմասերի օտարման և նոր բաժնեմասեր գնելու հետ կապված՝ հարկ են համարել, որ պետք է վարչապետից ճշտեն՝ կո՞ղմ է, թե՞ դեմ է դրան։ Այսինքն՝ սա իսկապես աբսուրդ իրավիճակ է, բայց մեր իրականությունն է եղել։ Այսօր ստեղծվել է հնարավորություն, որ խնդիրների լուծման դերակատարությունն ու պատասխանատվությունը ոչ միայն կառավարությանը լինի, այլև լինի հանրային տարբեր շերտերինը։ Անհատական ջանքը մեզ համար եղել և մնում է առանցքային՝ բոլոր հանրային խնդիրների լուծման համար»։

Վարչապետի պաշտոնակատարը կարևորեց վարքի փոփոխությունը և այս կոնտեքստում հեղափոխության օրերից մի դրվագ հիշեց.

«Երբ որոշել էինք փողոցները փակել, ես՝ լինելով ԱԺ պատգամավոր, խմբակցության  ղեկավար՝ պառկել էի քաղաքային ավտոբուսի դիմաց, ինչ-որ առումով դա էլ է վարքի փոփոխություն, մի տղա վիճում էր հետս, ասում էր՝ դասի է, ագրեսիվությանը ագրեսիվությամբ չէի պատասխանում, և հաջորդ օրը կողքիս քայլող մի տղա ինձ ասաց՝ չե՞ք հիշում ինձ, երեկ ավտոբուսի մոտ ես էի ձեզ հետ վիճում։ Վարքի փոփոխությունը սա է, քաղաքական վարքի փոփոխություն տեղի է ունեցել, բայց տնտեսական վարքի փոփոխություն երբ տեղի ունենա, դա կլուծի տնտեսական հեղափոխության խնդիրը»։

Նա նշեց, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում գործարար թեկնածուների թիվն աննախադեպ ցածր է. «Այս պրոցեսի արդյունքում գործարար՝ պետք է նշանակի՝ շատ ավելին, քան նշանակում է՝ պատգամավոր։ Գործարարի գործունեության արդյունքում մենք բոլորս շանս ենք ունենում ձևավորել այն հարթակը, որտեղ պետք է տեղի ունենան տնտեսական, քաղաքական, միջազգային աշխարհաքաղաքական փոփոխությունները։

Այս առումով՝ կասկածից վեր է, որ ժողովրդագրական խնդիրը մեր ամենակարևոր խնդիրն է, և, եթե դա դնենք բնական աճի մեջ, այդ խնդիրը մի 15-20 տարի հետո նոր կլուծվի, և այս առումով կարևորում ենք ներգաղթի գաղափարը։ Հույս ունենք, որ իրականության մեջ կտեսնենք կապիտալի, նոր կուլտուրայի ներգաղթ, ոչ միայն ֆիզիկական անձանց»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս