Վահանաձև գեղձի խնդիրներ. բնական միջոցներ, որոնք կօգնեն հոգ տանել գեղձի առողջության մասին
Վահանաձև գեղձի խանգարումներն ազդում են ամբողջ օրգանիզմի աշխատանքի վրա՝ հանգեցնելով մի շարք խանգարումների: Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ գեղձի հիվանդությունների զարգացումը պայմանավորված է մի խումբ գործոններով, այդ թվում՝ ժառանգական նախատրամադրվածությամբ և յոդի անբավարար մակարդակով:
Հիպոթիրեոզի՝ վահանաձև գեղձի կողմից նորմայից քիչ քանակով հորմոններ արտադրելու դեպքում նկատվում են հետևյալ ախտանշանները.
- հոգնածություն
- քաշի անբացատրելի ավելացում
- այտուցված կամ գունատ դեմք
- մկանային ցավեր
- ձայնի խռպոտություն
- մաշկի չորություն
- խոլեստերինի բարձր մակարդակ
- առատ արյունահոսություն դաշտանային ցիկլի ընթացքում
- հոդերի խնդիրներ:
Հիպերթիրեոզի դեպքում վահանաձև գեղձը գերակտիվ է, ինչը հանգեցնում է հետևյալ խնդիրներին.
- ախորժակի փոփոխություն
- գլխապտույտ
- գրգռվածություն
- տախիկարդիա
- առատ քրտնարտադրություն
- դիարեա
- մազաթափություն
- վերարտադրողական առողջության խնդիրներ
- քնի հետ կապված խնդիրներ:
Վիտամիններ, հանքանյութեր, մթերքներ, որոնք կնպաստեն վահանաձև գեղձի աշխատանքին
Սելեն: Ակտիվացնում է գեղձի հորմոնները: Օրգանիզմն այս միկրոտարրով ապահովելու համար սննդակարգ ներառեք բրազիլական ընկույզ, ծովամթերք, մսամթերք, մասնավորապես՝ լյարդ: Միայն թե մի չարաշահեք սրանք, քանի որ սելենի ավելորդ մակարդակը կարող է հակառակ արդյունքն ունենալ:
Յոդ: Այս տարրն էական նշանակություն ունի վահանաձև գեղձի հորմոնների արտադրման համար: Ձկնամթերքն ու յոդացված աղը կօգնեն օրգանիզմն ապահովել յոդի բավարար մակարդակով:
Ցինկ: Հետազոտությունները ցույց են տալիս, որ վահանաձև գեղձի խնդիրներով տառապող կանանց օրգանիզմին չի բավարարում ցինկի մակարդակը:
Կալցիում և վիտամին D: Վահանաձև գեղձի աշխատանքի խանգարման հետևանքով ոսկորները թուլանում են: Այդ պատճառով խորհուրդ է տրվում կալցիումով հարուստ մթերք օգտագործել, ինչպես նաև՝ բավարար քանակով վիտամին D ստանալ:
Վահանաձև գեղձի աշխատանքի խանգարումները կարող են ախտորոշվել բացառապես էնդոկրինոլոգի կողմից համապատասխան հետազոտություններից հետո: Եթե խնդիրն արդեն հայտնաբերվել է, հարկավոր է հետևել բժշկի ցուցումներին, ուշադրություն դարձնել նաև սննդակարգին՝ դրանում ներառելով հետևյալ մթերքները.
- ծովամթերք՝ հարուստ է յոդով
- գազար և ձու՝ պարունակում են վիտամին A
- սպանախ, ընդեղեն, հավի միս՝ հարուստ են ցինկով:
Խուսափեք շաքարի, կիսաֆաբրիկատների, ֆասթ-ֆուդի, վնասակար ճարպերի, սպիտակ ալյուրի օգտագործումից:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը