Բաժիններ՝

Իվանկա Թրամփն անձնական փոստն օգտագործել է ծառայողական գրագրության համար. The Washington Post

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի դուստրն ու խորհրդականը՝ Իվանկա Թրամփը, երկար ժամանակ անձնական էլեկտրոնային փոստն օգտագործել է ամերիկյան կառավարության անդամների եւ Սպիտակ տան աշխատողների հետ ծառայողական գրագրության համար՝ խախտելով կանոնակարգը: Այդ մասին գրել է The Washington Post թերթը՝ վկայակոչելով վարչակազմի աղբյուրներ:

Նրանց տվյալներով՝ 2017 թվականի մեծ մասի ընթացքում Իվանկան փոստի օգնությամբ, որը գրանցված է իր ամուսնու՝ Ջարեդ Քուշների հետ ընդհանուր դոմենում, քննարկել է Սպիտակ տանն իր աշխատանքի հետ կապված հարցեր: Թերթը, հղում անելով իրադրությանը ծանոթ անձանց, նշում է, որ Իվանկայի օգնականները ցնցված էին՝ իմանալով, թե պետության ղեկավարի դուստրն ինչ չափերով է անձնական փոստից օգտվել աշխատանքային համատեքստում:

Իվանկայի իրավախորհրդատու Փիթեր Միրիջանյանը հայտարարել է, որ նա, իրոք, անձնական փոստն օգտագործել է ծառայողական նամակների փոխանակման համար, սակայն դա կանոնավոր բնույթ չի կրել եւ տեղի է ունեցել այնքան ժամանակ, քանի դեռ նա չի ծանուցվել գործող կանոնակարգի մասին, նշում է The Washington Post-ը:

Այս հարցն առանձնակի ուշադրություն է գրավում, քանի որ ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի կողմից անձնական փոստի օգտագործման հետ կապված սկանդալն էր Թրամփի գլխավոր «հաղթաթղթերից» մեկը 2016 թվականի նախընտրական արշավում, որը, դիտորդների կարծիքով, թույլ տվեց նրան ի վերջո Քլինթոնից առաջ անցնել նախագահական աթոռի համար մրցավազքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս