Փայ մտնելու թավշյա արվեստը. ո՞ւմ դեմ է նոր Հարկային օրենսգիրքը

Երբ այս տարվա հունիս ամսին կառավարությունը կատարյալ լռությամբ հաստատեց Միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, անմիջապես կասկածներ հնչեցին, որ լռության հիմնական պատճառն այն մութ էջերն են, որոնք կարող են դուր չգալ Հայաստանի Հանրապետության «հպարտ» քաղաքացիներին: Անցան հաշված ամիսներ, և բոլորը իմացան, որ համաձայն այդ ծրագրի՝ առաջիկա տարում աշխատավարձի բարձրացում չի սպասվում:

Այս տխուր պատմությունից անցել է ընդամենը 6 ամիս, և մենք նույն իրավիճակի  կրկնությունն ենք տեսնում: Հարցը հետևյալն է՝ սեպտեմբերի սկզբին, երբ դեռևս նախանշվում էին հարկային փոփոխությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանն անհամբեր երեխայի նման ուղիղ եթերով ներկայացրեց այն բոլոր գաղափարները, որ իրենք ունեն: Սակայն այժմ, երբ փաստացի արդեն պատրաստ է փոփոխությունների փաթեթը, ոչ միայն վարչապետի պաշտոնակատարը, այլև մնացած բոլոր իշխանականները կատարյալ լռություն են պահպանում:

Բացի Իրավական ակտերի նախագծերի միասնական հարթակից, որևէ այլ պաշտոնական աղբյուրում կամ պատասխանատու անձի կողմից չկա և չհնչեցվեց գեթ 1 նախադասություն: Կհարցնեք՝ ինչո՞ւ… պատասխանը պարզ է, որովհետև այն ևս իր մեջ մութ էջեր է պարունակում, որը կարող է դուր չգալ «հպարտ» քաղաքացիներին, հատկապես, որ հաշված օրերից խորհրդարանական ընտրություններն են:

Ինչևէ, եթե Միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հնարավոր եղավ մի քանի ամիս ծածուկ պահել, ապա հարկային օրենսգրքի դեպքում դաշտում առկա «ականներն» ավելի շուտ պայթեցին: Վերլուծական մակարդակով տարբեր քննարկումներին դարձյալ հաջորդեց իշխանության լռությունը, սակայն արդեն նոյեմբերի 18-ին «Հանրային ռադիոյի» թղթակցին հաջողվեց մի քանի խոսք պոկել ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանից:

Թերևս ավելի լավ կլիներ, որ Դավիթ Անանյանը չպատասխաներ հարցերին, կամ իր փոխարեն պատասխաներ, օրինակ, նրա քարտուղարուհին և ասեր՝ զբաղված է, որովհետև այն, ինչ պատմեց Անանյանը, ընդամենը ժամեր անց առաջացնելու էր բնակչության մի զգալի շերտի վրդովմունքն ու ցասումը։ Այստեղ երևի խնդիր է նաև այն, որ Անանյանը պրոֆեսիոնալ կադր է և սուտ խոսել չգիտի, այլապես թեման, ինչպես ասում են՝ «կցրեր» ինչ-որ կերպ, այլ ոչ թե կասեր, որ կառավարությունը պատրաստվում է հարկել բոլոր ֆիզիկական անձանց, այդ թվում՝ արտասահմանից եկած դրամական փոխանցումները:

Ընդ որում, համաձայն ՊԵԿ նախագահի խոսքի՝ հարկը գանձվելու է տարեկան կտրվածքով: Քաղաքացին պետք է իմանա, որ ինքը դրսից գումար է ստացել, դա եկամուտ է, որից ինքը պետք է հարկ վճարի: «Հիմա ժողովուրդը կարող է մեզ քննադատել, ասել՝ տարիներ շարունակ մեր հարևանը, բարեկամը կամ ամուսինը խոպանում գումար է վաստակել և ուղարկել, որը չի հարկվել: Այո, այդ գումարը, որը նա վաստակել, ուղարկել է, պետք է որպես եկամուտ հայտարարագրվի, ու դրա հասանելիքը պետք է պետությունը ստանա»,- ասել է Դ. Անանյանը:

Եվ սա դեռ ամենը չէ: Ըստ այս սկզբունքի, նույն ձևով հարկվելու է նաև գյուղացին՝ շուկայում կամ մատակարարին վաճառած ամեն կիլոգրամ բերքի համար, ֆերմերը՝ իր վաճառած մսի համար, վարպետը՝ իր գործած գորգի համար, և այլն, մինչև անգամ երիտասարդ աղջիկը՝ ծննդյան օրվա համար ընկերոջից ծրարով ստացած նվեր-գումարի համար:

Այստեղ, իհարկե, մի քանի շատ կոշտ հարցադրումներ ես ցանկանում ուղղել կառավարությանը: Հարգելի իշխանությո՛ւն, դու ի՞նչ ես տվել արտագնա աշխատանքով (խոպանում) զբաղվող քո քաղաքացուն, որ հիմա էլ հարկում ես նրա աշխատանքը: Քաղաքացին, հուսահատ, հասկանալով, որ դու իր համար հույս չես, լքել է հայրենիքը, և ամեն ամիս գումար է ուղարկում, որպեսզի իր ընտանիքը գոյատևի, որպեսզի քո տնտեսությունը զարգանա: Իսկ դու այսօր որոշում ես այդ գումարը հարկել: Ի՞նչ իրավունքով: Մի՞թե չեք հասկանում՝ ինչ է լինելու սրա վերջը:

Մարդիկ այդ հարկից, որն այլ կերպ, քան պետական մակարդակով փայ մտնելն է՝ չես անվանի, խուսափելու համար սկսելու են բանկով գումար ուղարկելու փոխարեն՝ այդ գումարն ուղարկել ծրարով՝ 90-ական թվականների նման,  ուղարկված ծրարի գումարը քաղաքացին փոխանակելու է ապօրինի փոխանակման կետերում՝ ոչ համարժեք փոխարժեքով, ապրանքը գնելու է ոչ թե խանութից, այլ ձեռքի վրայից, որովհետև չի ուզում իր աշխատանքի քառորդ մասը կտրի իր երեխայից և տա պետությանը՝ դատարկ խոստումների և «դմփ-դմփ հուու» անելու համար:

Ի դեպ, այն մարդկանց համար, ովքեր մտածում են, որ այս «փայ մտնելու» թավշյա սկզբունքը նոր է առաջացել. պարզապես բացեք կառավարության ծրագիրը և կտեսնեք, որ 21-րդ էջում սևով սպիտակի վրա գրված է՝ եկամտի հարկումից անցում կատարել սպառման հարկման: Սա հենց այս վերոգրյալի առավել դասական ձևակերպումն է: Այնպես որ, անիմաստ է նաև այն, որ երեկ՝ այս թեժ քննարկումների ընթացքում, գտնվեցին նաև մարդիկ, ովքեր հայտարարեցին, թե նույն սկզբունքը նաև նախկինում՝ ՀՀԿ-ի իշխանության օրոք է եղել:

Իրականում այդպես չէ: Նախկինում ընդամենը հնչեցվել են հայտարարություններ և քննարկումներ այն մասին, որ աստիճանական սպառման հարկման անցնելը հնարավորություն կտա կրճատել ստվերային շրջանառությունը, և եթե գործող կառավարությունն ուզում է այս ծրագիրը ևս շարունակել, ապա լավ կլինի՝ խորհրդակցի նախկին իշխանությունների հետ, այլապես կարծես թե լավ բան չի ստացվում…

Իսկ ի՞նչ է լինելու փաշինյանական այս «Փայ մտնելու թավշյա արվեստ»-ի վերջը: Ամենավերջում, մարդը՝ զզված այս ամենից, ասելու է՝ դուք էլ, ձեր երկիրն էլ, ձեր հարկերն էլ, ձեր հեղափոխությունն էլ… վերցնելու է իր ընտանիքը ու տեղափոխվի ապրելու այնտեղ, որտեղ իր արդար աշխատած գումարի մեջ փայ չեն մտնում, որովհետև այս փոփոխությունն ակնհայտ այն մարդկանց դեմ է, ովքեր իրենց չարչարանքով եկամուտ են վաստակում:

Իսկ այդ ընթացքում գործող իշխանությունները գլուխ կգովան, որ աշխարհում առաջինն են ID քարտի միջոցով մարդկանց եկամուտների հաշվառում իրականացնում և քաղաքացուց վերցրած 23 տոկոսի 3 տոկոսը վերադարձնում նույն այդ քաղաքացուն:

Մի տեսակ ծանոթ պատմություն է, չէ՞: Այո, հիշեցինք. ընդամենն օրեր առաջ վարչապետի պաշտոնակատար Փաշինյանն այն պատմում էր Ղազախստանում, և պատմում էր այն տոնայնությամբ, ասես ինքը կապ չունի, ինքն ընդամենը մտահոգվում է, մինչդեռ արի ու տես, որ նրա «հեղափոխական» կառավարությունը փայ մտնելու մոլուցքով տվեց և անցավ բոլորին, և ուզում է բոլոր քաղաքացիների եկամտի 23 տոկոսը պետական գանձարան մտնի, և ինքը որոշի՝ ինչպես ծախսել:

«Պատկերացնո՞ւմ եք, մեր երկիրը ինչ վիճակում է… 350.000 մարդ աշխատում է, 800.000-ը պահանջում են էդ 350.000-ից: Ոչ մեկը չի ասում` բա էս 350.000 մարդը ճռռում է, 800.000 մարդ ուզում է, որ ավելի շատ ճռռա:

Մեր խնդիրը էն չի, որ էս 350.000 մարդկանց բռնենք, քամենք էնքան, մինչև ասեն` «Չե՛նք ուզում… Դուք էլ, ձեր պեչատն էլ: Մենք կգնանք Ղազախստանում կաշխատենք, որտեղ մեզ վրա բեռն այդքան շատ չի»,- Ղազախստանում հայտարարել էր Փաշինյանը։

Առաջարկ հեղափոխական կառավարությանը։ Ինչպես ռուսական  ֆիլմում է ասվում` «Раз пошла такая пьянка-Режь последний огурец!». եթե այդպիսի խիստ վերահսկողություն եք ուզում սահմանել քաղաքացու յուրաքանչյուր 1 դրամ եկամտի ու ծախսի վրա, ապա եկեք անցնենք 37 թվի սիստեմին՝ վերահսկենք նաև, թե ով ինչ ապրանք կգնի, ապրանքների վաճառքը կազմակերպենք միայն «տալոններով ու չեկերով»… հավատացեք, այդպես ոչ մեկը չի փախչի հարկ վճարելուց: 37 թվի ամբողջ կոլորիտը կապահովվի, թե չէ՝ «ասֆալտին պառկեցնելը» կա, «խանութի տալոնները» չկան, մի տեսակ թերի է ստացվում:

ՄԱՔՍԻՄ ՄՈՒՍԻՆՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս