Բաժիններ՝

«Օտարերկրյա ներդրումները գնում են այնպիսի երկրներ, որտեղ մասնավոր հատվածի թափանցիկության աստիճանը բավականին բարձր է». Տիգրան Խաչատրյան

Հաշվի առնելով Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունները, ինչպես նաև տարբեր միջազգային գնահատումների արդյունքում ստանձնած հանձնարարականները, ՀՀ արդարադատության նախարությունը, ՎիվաՍել ՄՏՍ-ը և «Ներդաշնակ» զարգացում հ/կ-ն համագործակցելով՝ իրականացնում են «Մասնավոր ոլորտում կոռուպցիոն ռիսկերի նվազեցում» ծրագիրը, որը քննարկելու համար այսօր հրավիրվել էր համաժողով։

Ծրագիրը նպատակ ունի ստեղծել կոռուպցիայից ազատ բիզնես միջավայր, վեր հանել ոլորտին խոչընդոտող կոռուպցիոն ռիսկերը և բիզնեսը ներգրավել կոռուպցիայի դեմ պայքարում։Համաժողովի ընթացքում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանն անդրադառնալով ծրագրին՝ նշեց, որ մրցունակ մասնավոր հատված ունենալու համար կազմակերպությունները պետք է անցնեն երկար ճանապարհ։

«2017 թվականին մեկ մարդը մեկ ժամում արտադրել է մոտ 5,5 դոլարին համարժեք համախառն ներքին արդյունք։ Եվրոպայի զարգացած տնտեսություններում այս ցուցանիշը կազմում է մոտավորապես 80 եվրո, իսկ Միացյալ Նահանգների տնտեսությունում՝ 60-65 դոլար։ Եթե մենք ցանկանում ենք ունենալ մրցունակ մասնավոր հատված, ապա ներկայացրած թվերը չպետք է մոռանանք։

Ավելորդ է նշել, որ մասնավոր հատվածում կազմակերպություների կողմից  խնդրի գիտակցումը և այդ ուղղությամբ երկարաժամկետ և գիտակցված ճանապարհ անցնելը հենց այն եղանակն է, որով պետք է հարցերը լուծում ստանան։ Առանց մասնավոր հատվածում ներդրումների զգալի ավելացման, մենք չենք կարող ակնկալել, որ տնտեսությունն առաջիկա տարիներին ունի բարձր աճ ապահովելու ներուժ, և ներդրումներ հնարավոր են միայն այն դեպքում, եթե կազմակերպությունները պատրաստ են դրանք ընդունել»,- շեշտեց Տ. Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ օտարերկրյա ներդրումները գնում են այնպիսի երկրներ, որտեղ մասնավոր հատվածի թափանցիկության աստիճանը բավականին բարձր է։

Նրա բնորոշմամբ, Հայաստանում մասնավոր հատվածում կան կոռուպցիայի մի քանի դրսևորումներ՝ պայմանագրային հատվածներում կոռուպցիա, ինչը կազմակերպության անմրցունակության քողարկում է կամ այն շրջանցելու եղանակներից մեկը։
«Կոռուպցիայի հաջորդ դրսևորումն այն է, երբ գործադիր ղեկավարության և բաժնետերերի միջև իշխանության տարանջատման կամ դրա բացակայության հետ կապված ռիսկերն են։ Երբ մենք չունենք կորպորատիվ կառավարման բավարար մակարդակ, ապա երկարաժամկետ հատվածում չի կարելի ակնկալել, որ նման կազմակերպությունը կարող է կապիտալի շուկայում ներգրավել բավարար ֆինանսական ռեսուրսներ և կառուցել ապագայի պլաններ»,- ընդգծեց Տիգրան Խաչատրյանը։

«ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն էլ խոսելով «Մասնավոր ոլորտում կոռուպցիոն ռիսկերի նվազեցում» ծրագրից՝ նկատեց, որ, եթե կամք լինի, ապա բիզնես հնարավոր է անել, և, եթե բիզնեսը հավատա, որ իր թափանցիկությունը կարևոր շարժիչ ուժ է, ուրեմն  առաջ կգնա։

«Պարզապես պետք է առաջին դեմքից սկսած՝ հավատանք և կարողանանք համախմբվել համապատասխան արժեքների շուրջ և տնտեսությունում դառնանք օրինակ, որպեսզի մյուս բիզնեսները սկսեն կատարել իրենց առաջին քայլերը թափանցիկ աշխատելու համար»,- նշեց Ռալֆ Յիրիկյանը։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս